
Կցանկանայի՝ այդ ակցիաները տեղ հասնեին, ու մոտ ժամանակներում բանակցողը փոխվի, և միգուցե մեզ համար մի լույս լինի. արցախցի

«Այս պահի դրությամբ Արցախում մարդկանց մոտ անորոշ վիճակ է. մարդիկ պետությունից սպասում են ինչ-որ նորության,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ստեփանակերտում տիրող այս պահի վիճակին՝ նշեց արցախցի Աննա Մ.-ն՝ հավելելով, որ այս պահին գյուղերից տարհանված շատ մարդիկ ուղղակի անօթևան են,- Գյուղերից տարհանված մարդիկ փողոցներում են, ինչքան կարողանում ենք, շենքի բնակիչներով փորձում ենք այդ մարդկանց օգնել. բակերում կրակներ են վառում՝ ում տանն ինչ կա, դնում են սեղաններին, հագուստներ են տալիս:
Լույս չկա, ջուրը գրեթե չի գալիս: Մարդկանց մոտ տխուր է, ծանր վիճակ է, բայց չկարողացան մինչև վերջ կոտրել. եթե իրենց նպատակն էր, որ արցախցու ոգին կարող են կոտրել, չստացվեց»:
Մայր Հայաստանից սպասումներին անդրադառնալով՝ արցախցի մեր զրուցակիցը շեշտեց, որ իր ու շատ արցախցիների համար Մայր Հայաստան չի նշանակում իշխանությունը՝ մանավանդ այսօրվա իշխանությունը:
«Այս իշխանությունների հետ մենք ոչինչ չունենք ընդհանուր, և կցանկանայի, որ այդ ակցիաները տեղ հասնեին, ու մոտալուտ ժամանակներում բանակցողը փոխվի, և միգուցե մեզ համար մի լույս լինի»,- հավելեց նա: