Այլևս չեն անցնում իշխանության կեղծ օրակարգերն ու Նիկոլ Փաշինյանի սպառնալիքները. Քաղաքացու պատասխանը չուշացավ
Վարչական ահռելի ռեսուրսի չարաշահմամբ՝ ՔՊ-ն շատ ավելի վաղուց էր սկսել Երևանի ավագանու նախընտրական քարոզչությունը, քան այն պաշտոնապես կմեկնարկեր։ Հատուկ դրա համար քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն դարձավ Երևանի փաստացի քաղաքապետ։ Պետական ամբողջ լծակներն ու ֆինանսական միջոցները ծառայեցրին նրա քարոզչությանը։ Հապճեպ սկսեցին փողոց ու բակ ասֆալտապատել, մանկապարտեզ ու դպրոց վերանորոգել, վերելակ փոխել, կարմիր ժապավեններ կտրել, պետական ֆինանսավորմամբ և վարկերով ավտոբուսներ ու տրոլեյբուսներ բերել՝ ցույց տալու համար, որ լուծել են Երևանի հասարակական տրանսպորտի այդքան չարչրկված խնդիրը։
Քաղաքապետի ընտրությունը, չնայած դրա քաղաքական նշանակությանը, փորձեցին իջեցրեցնել ընդհուպ բակային մակարդակի՝ Արցախում ու Հայաստանի սահմաններում ստեղծված իրավիճակի գնահատականից խուսափելու համար։
Բայց դա էլ չփրկեց։
Երևանցին չհավատաց ՔՊ խոստումներին ու չվստահեց նրան։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեսք կունենային ընտրության արդյունքները, եթե վարչական ահռելի ռեսուրսն էլ չկիրառեին։ Նույնիսկ այդ պայմաններում չհասան իրենց նպատակին։ Երևանցին դադարել է հավատալ իշխանությունների կեղծ օրակարգերին ու իշխանական էլիտայի կողմից տիրաժավորվող ստերին։ Մարդիկ իրենց խաբված ու հիասթափված են զգում։ Դրա վկայությունն է նաև ընտրությունների այդքան ցածր մասնակցությունը, ինչպիսին չէր եղել անհիշելի ժամանակներից։
Քարոզարշավի օրերին փորձում էին ընտրողների շրջանում տպավորություն ստեղծել, որ երևանցին իրենց կողքին է ու պատրաստ է իր ձայնը տալ ՔՊ քաղաքապետի թեկնածուին։ Որտեղ մտնում էին՝ շռայլ խոստումներ էին տալիս։ Չկար մի հարց, որ բարձրացվեր ու չխոստանային լուծել։
ՔՊ քաղաքապետի թեկնածուն անգամ նախընտրական քարոզարշավի ընթացքում չդադարեց կատարել Երևանի քաղաքապետի պարտականությունները։ Գտնվելով արձակուրդում՝ հանձնարարականներ էր իջեցնում ենթականերին։ Երբեմն էլ արձակուրդից դուրս էր գալիս՝ վարչական ռեսուրսն իր օգտին ծառայեցնելու համար։ Այս ու այն կողմ շռայլ ֆինանսական հատկացումներ էր կատարում, նաև ապագայի խոստումներ տալիս։
Հասել էին անգամ քաղաքացիների ապառքների չեղարկմանը։ Ու դա խոստանում էր ՔՊ քաղաքապետի թեկնածուն, ով նման լիազորություններ բացարձակ չունի։
Հետո, իհարկե, այդ խոստումն իր ուսերին վերցրեց ՔՊ ծանր հրետանին։
Կառավարության նիստում, ընտրությունից ընդամենը 3 օր առաջ Նիկոլ Փաշինյանը հանկարծ հիշեց բանկերի «սև ցուցակներում» գտնվողներին, խոստանալով միջոցներ ձեռնարկել՝ լուծելու նրանց պարտքերի հարցը։։
Սա, ըստ էության, ընտրություննրից առաջ պետական մակարդակով ընտրողներին տրված քողարկված կաշառք էր։
Բայց դա էլ չփրկեց։
Քաղաքացին այլևս նախկինի նման, աչքերը փակ ու հալած յուղի տեղ չի ընդունում Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի ամեն ասած։
Իրենց թվում է՝ մարդիկ կույր են ու այդքան կարճ հիշողություն ունեն։ Մոռացել են, թե ինչեր էին ասում և ինչեր էին խոստանում քաղաքապետի նախորդ ընտրությունների ժամանակ։
Իշխանության գալուց առաջ ու հետո տված մյուս խոստումների մասին չենք խոսում։ Ինչ ասել են՝ հակառակն են արել։
Ընտրությունից երկու-երեք ամիս առաջ հապճեպ ավտոբուսներ բերեցին ու կարծեցին, թե կատարել են Երևանի հասարակական տրանսպորտի խնդրի լուծման իրենց նախորդ ասածները։ Մետրոյի կայարանի կառուցման խոստումն էլ սահուն տեղափոխեցին հերթական հնգամյակ։ Հույս ունեին, մարդիկ այս անգամ էլ կհավատան իրենց ստերին։
Չստացվեց։
Այլևս չեն անցնում իշխանությունների կեղծ օրակարգերը, անգամ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներն ու գոռգոռոցները, նախկիններին ասֆալտին փռելու ու պատերին ծեփելու հոխորտանքները, երկիրը «թալանելու» վերաբերյալ մեղադրանքներն ու հարուցված շինծու գործերը։
Մարդիկ տեսնում են, թե ինչ արժեք ունեն թալանի վերաբերյալ իշխանությունների հնչեցրած հայտարարությունները։
Իրական թալանը, որին երբեմն օրինական տեսք են տվել, իրենք են անում։
Հինգը տարում պարգևավճարների ձևով հարյուրավոր միլիոն դոլարներ են հանել բյուջեից ու մսխել։
Մասսայական բնակարան են գնել՝ հիպոթեքով ու եկամտային հարկի միջոցով միլիոններ հետ ստացել բյուջեից։ Դա էլ բյուջեն ու հարկատուների փողերը յուրացնելու մի ձև է, որը հաջողությամբ կիրառում են բնակարանների, երբեմն՝ ճոխ ու ընդարձակ բնակարանների տեր դառնալու համար, ինչի մասին ժամանակին պարզապես կերազեին։
Իրենցով են արել պետական գնումները։ Յուղոտ պատառները միայն յուրայիններին են հասնում։
Նախկինների ժամանակ եղած կոռուպցիայից էին խոսում, այս ընթացքում մեկ աղբյուրից այնքան գնումներ են արել, որ նախկինները պարզապես կերազեին։
Հիշեցնենք, որ մեկ աղբյուրից գնումները ոչ մրցակցային են ու կոռուպցիայի առումով՝ ամենառիսկայինը։
Կարճ ժամանակում հասցրեցին հարստանալ, փողի տեր դառնալ, իսկ ժողովրդի մասին, ում բարեկեցիկ կյանք ու պայծառ ապագա էին խոստացել, մոռացան։
Իրենց աշխատավարձերը հարյուր հազարներով, երբեմն՝ միլիոններով են բարձրացրել, կենսաթոշակառուների թոշակները՝ մի քանի հազար դրամով։
Նախկինում սուրճի փող չունեին, պարտքով էին վերցնում, հիմա ճոխ նվիրատվություններ են ստանում։
Այդպիսիններից մեկն էլ ՔՊ քաղաքապետի թեկնածուն էր։ Բոլորն էլ հասկանում են, թե ինչպես են գոյանում այդ նվիրատվությունները։ Մարդկանց գեղեցիկ աչքերի համար չեն նվիրատվություն անում։ Կամ ինչո՞ւ նախկինում նման նվիրատվություններ չէին ստանում, հիմա հանկարծ սկսեցին ստանալ։
Այս ամենը քաղաքացին տեսնում է ու հասկանում։ Երևանի քաղաքապետի ընտրությունն էլ, թերևս, քաղաքացու պատասխանն էր կամ ապտակն իշխանություններին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ