Ադրբեջանն ամեն կերպ խուսափում է 1975 թվականի քարտեզը հիմք ընդունելու առաջարկից․ Էդմոն Մարուքյան
Ադրբեջանն ամեն կերպ խուսափում է 1975 թվականի քարտեզը հիմք ընդունելու մեր առաջարկից։ «ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ներկա փուլին։
Չնայած ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Երևանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Բաքուն խուսափում է նմանատիպ հայտարարությունից՝ պարբերաբար պնդելով, թե Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ։
«Հայաստանի առաջարկն այն է, որ հիմք ընդունվի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի 1975 թվականի քարտեզը, ըստ որի կողմերը պետք է սահմանազատում և սահմանագծում իրականացնեն։ Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել այս գործընթացը, խուսափում է այդ քարտեզն ու իրավական հիմքերն ընդունելուց։ Մինչդեռ քաղաքական մակարդակում Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրով այդ իրավական հիմքն ամրագրված է։ Այն վերաբերում ԽՍՀՄ վարչական սահմաններին, որոնք ԱՊՀ անդամ երկրները նույնպես ճանաչում են որպես պետական սահմաններ։ Ադրբեջանն ամեն կերպ խուսափում է 1975 թվականի քարտեզը հիմք ընդունելու մեր առաջարկից։ Ուստի հայտարարությունները, թե մենք պատրաստ ենք առաջ գնալ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա, մնացին հայտարարությունների մակարդակում»,-ասել է Մարուքյանն՝ ընդգծելով, որ Ադրբեջանը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե տորպեդահարի սահմանազատման գործընթացը։
Խոսելով խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի դանդաղ տեմպերից, նա նշել է, որ Հայաստանը փոխանցել է իր մոտեցումները, իսկ Ադրբեջանն արձագանքել է։
«Մենք մեր պատասխանները կուղարկենք նշված ժամկետում համապատասխան աշխատանքից հետո։ Պայմանագրի վրա աշխատանքը երբեք չի դադարել։ Ի՞նչ պետք է անի Ադրբեջանն ի պատասխան Հայաստանի վարչապետի քայլերի․ առաջին հերթին պետք է ապաշրջափակի Լաչինի միջանցքը և թույլ տա, որ այն գործի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ Խոսքը, բնականաբար, քաղաքացիական բեռների մասին է, ինչպես նախկինում էր։ Ստեփանակերտի և Բաքվի միջև պետք է երկխոսություն սկսվի միջազգային մեխանիզմներին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և անվտանգության երաշխիքները որոշելու համար։ Սակայն Ադրբեջանը այս գործընթացը նույնպես տորպեդահարում է՝ մեղադրելով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին Բաքու չգնալու մեջ, միաժամանակ անընդհատ սպառնալով ձերբակալել»,-հավելել է Մարուքյանը։
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները միշտ էլ պատրաստակամություն են հայտնել՝ նախապես որոշված վայրերում հանդիպելու, սակայն խոսքը, բնականաբար, Բաքվի մասին չէ, քանի որ երաշխիք չկա, որ նրանք Բաքու գնալու դեպքում չեն ձերբակալվելու: