Բաժիններ՝

Կողակցի ընտրության փնտրտուքներում

Տեր Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի։ Նրա նմանությամբ մի օգնական ստեղծենք նրա համար» (Ծննդ. 2:18)

Դեպի հավերժության արահետով քայլելու և Աստծուն մոտենալու ուղիների հանգրվաններից մեկն ընտանիքն է, որն արարչագործված է Երկնավոր Հոր հոգատար ձեռքով, որպեսզի մարդն ունենա օգնական՝ ամբողջացնելու համար աստվածային նախախնամության կողմից տրված երկրային առաքելությունը և իր սրտում բացահայտելու Աստծուց պարգևած սիրո հրաշքի երփնագույն երանգներն ու նվիրումը իր նմանի հանդեպ: Արդ, լույս աշխարհ եկած անհատի համար իր կողակցի ընտրությունը դառնում է իր կյանքի վերելքի կամ ձախողման պատճառներից մեկը: Հաջողված ընտրության դեպքում երկուսը կազմում են մեկ միություն՝ ընտանիք, փոխլրացնելով միմյանց և Արարչի առաջնորդությամբ մեկ ուղղությամբ միասին քայլելով դեպի հավիտենականության հորիզոնը:

Ակնթարթներից կազմված այս կյանքում շատ մարդիկ փորձում են գտնել, հանդիպել իրենց կողակցին, կամ ինչպես իրենք են ասում, այն միակ մարդուն կամ «երկրորդ կես»-ին, ում կերպարն իրենց աշխարհայացքի համաձայն իրենց ներաշխարհում կերտում են: Սակայն հարկ է նշել, որ «երկրորդ կես» հասկացությունը անտիկ շրջանի փիլիսոփա Պլատոնի մտահղացումն է, այլ ոչ թե Աստծոu կողմից ի սկզբանե յուրաքանչյուր մարդու համար ստեղծված սահմանում: Այս առումով հետաքրքրական են ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդ Դմիտրի Սեմենիկի դիտարկումները: Նա նշում է՝ բնականաբար Աստված գիտի այն մարդու անունը, ում հետ կողակցին փնտրող անձը միահյուսելու է իր կյանքը:  Սակայն Նա գիտի նրա անունը ոչ թե այն պատճառով, որ հենց Ինքն է այդպես որոշել, այլ քանի որ Նրան կանխապես ամեն ինչ հայտնի է մեր կյանքի ապագայի մասին և թե ինչպիսի քայլեր ենք կատարելու, կամ ինչպիսի ընտրություն ենք կատարելու: Աստված ժամանակից դուրս է, և Նա է սկիզբը և վախճանը և Նրան հայտնի է ամեն ինչ: Նա չի բռնանում մարդու կամքի վրա և որևէ մեկին չի պարտադրում կյանքի ուղեկցի ընտրության հարցում:

Մենք ազատ մարդիկ ենք և մեր կյանքում տեղ չունի ճակատագիր հասկացությունը: Անշուշտ, Երկնավոր Հայրը և պահապան հրեշտակներն ամեն ինչ անում են, որպեսզի մենք լավագույն ընտրության հնարավորությունն ունենանք, որ կարողանանք ընտրել այնպիսի մարդու, ում հետ երջանիկ կարող ենք լինել: Սակայն ընտրությունը հենց ինքներս ենք կատարում, որովհետև մեզ ի վերուստ տրված է ազատություն և ազատ կամք: Եթե այդ ընտրությունը սխալ է լինում, այդժամ կրում ենք այդ սխալի ամբողջ ծանրությունը և հետևանքները, քանի որ ազատության մյուս երեսը մեր արարքների, ցանկությունների պատասխանատվության ստանձնումն է իր բոլոր հետևանքներով: Այսպիսով` մենք կարող ենք նաև սխալվել: Եվ շատ տխուր կլիներ, եթե այս կյանքում միայն մի մարդ կանխորոշված լիներ մեզ համար ընտրության հարցում: Այդ դեպքում անհրաժեշտ էր լինելու միլիոնավոր մարդկանց մեջ փնտրել, գտնել նրան, և ցանկալի չէր լինի, եթե այդ հանդիպումը լիներ արդեն ծերունազարդ հասակի ժամանակ: Բարեբախտաբար, իրականությունն այl է. իրականություն մեջ գոյություն ունեն շատ մարդիկ, ովքեր համընկնում են մեզ իբրև կյանքի կողակից:

Կարդացեք նաև

Շատերը ցավ են ապրել բաժանվելով այն մարդուց, ով թվացել է իրենց «միակ կես»-ը, ում համարել են իրենց համար ամենալավ մարդն այս աշխարհում: Սակայն, որոշ ժամանակ անց, նույնիսկ կարճ ժամանակում հնարավոր է հանդիպել այնպիսի մարդու, ով շատ ավելի մտերիմ ու լավն է թվում, ավելի համապատասխան: Ինչպես նաև կարելի է նշել՝ որոշ մարդկանց հավաստիացումը, թե սերը մեկ անգամ է լինում, համոզեցուցիչ չէ: Որտեղի՞ց գիտենք, որ մենք այդպիսին ենք: Պարզապես, ինչպես լույսը, անհրաժեշտ է բացել սրտի դռները, և այդժամ հասկանալի կլինի, թե մարդն արդյո՞ք ունակ է կրկին սիրելու:

Եթե մարդը գիտակցորեն կամ ենթագիտակցորեն որոշում է կայացնում այլևս որևէ մեկին չսիրել, մանավանդ այդ որոշումը մեր իշխանության ներքո է, ապա դա չի նշանակում, թե նա կարող է ընդամենը մեկ անգամ սիրել: Սա ներքին հոգեբանական խնդիր է, որը հնարավոր է լուծել: Եթե այդպես լիներ, կյանքում գարունն էլ մեկ անգամ կլիներ: Մարդու սրտում դրոշմված սիրո զգացումը և ճառագումը չի անհետում, որովհետև մարդը ստեղծված է Աստծու պատկերով և նմանությամբ, իսկ Աստված Սեր է: Այլ հարց է, որ անհատը փակվում է ինքն իր մեջ և համարում, որ կյանքում մեկ անգամ է իրական սեր ծնվում կամ լինում: Սա տվյալ անհատի մոտեցումն է, այլ ոչ թե իրականությունը: Իրականում սիրո զգացումը մշտապես էլ կարող է վերածնվել և ծաղկել, ինչպես նոր գարունն է գալիս ու ջերմացնում սառցակալած հողը, որտեղից վեր են հառնում գարնանային ծաղիկները:

Հետևաբար կյանքում կարող ենք հանդիպել ոչ թե մեկ, այլ մի քանի մարդկանց, որոնց հետ հնարավոր է հասնել փոխադարձ սիրո: Եթե նույնիսկ մեր կյանքը չկապենք նրանցից որևէ մեկի հետ, չի նշանակում, թե մեր կյանքը կործանել ենք: Ժողովրդի մեջ ընդունված հայտնի խոսք է՝ բարի կին ես ունենում, երջանիկ ես լինում, չար կին՝ փիլիսոփա ես դառնում: Սոկրատեսը մոտավորապես այդպես է ասել, ամենայն հավանականությամբ իր անձնական կյանքի փորձառությունից ելնելով: Անշուշտ, փիլիսոփա դառնալը փոքր ձեռքբերում չէ, բայց շատ ավելի մեծ ձեռքբերում է, երբ կարողանում ես լինել համբերատար, խոնարհ, հավատարիմ, պահպանել խաղաղությունն այն մարդու հետ, ում հետ դժվար է ապրել՝ նրա հետ կիսելով կյանքիդ անմնացորդ օրերը: Եվ այս դեպքում ծնված սիրո խորհուրդն ամենաբարձրերից և պայծառներից մեկն է: Համենայնդեպս, ինքներս մեզ ամենալավն ենք կամենում, առավելևս Երկնավոր Հայրը կամենում է երջանիկ ուղի ամեն մարդու համար:

Մենք լսում ենք մարդկանցից, կամ ինքներս ենք ասում՝ Աստված մեզ սիրում է, Աստված Սեր է: Բայց այս խոսքերը հաճախ շատերի համար հնչում են որպես աբստրակտ ինչ-որ բան, որն այնքան հեռու է, որքան հեռավոր փայլատակող աստղերը՝ տիեզերքի երկնակամարում: Սակայն աղոթքներում, աստվածպաշտության տեքստերում ամփոփված խոսքերը, ուր խնդրում ենք առողջություն, անփորձանք կյանք, թեթևություն տարբեր դժվարությունների մեջ, իրականում Երկնավոր Հայրը շատ ավելին է կամենում մեզ համար և Իր շնորհն է, որ խնդրում ենք այդպես: Ուստի մենք իրավունք ունենք փնտրել և գտնել այն մարդուն, ում հետ մտածում ենք, որ կարող ենք երջանիկ լինել և ում կարող ենք սիրել: Այդպիսի մարդուն էլ պայմանականորեն կանվանենք «մեր մարդը», բայց ոչ «երկրորդ կես»: Այսպես ասած «երկրորդ կես» մարդը դառնում է ամուսնությունից հետո:

Շատերը բողոքում են, թե միայնակ են կամ այն մարդու հետ չեն, ում հետ կցանկանային լինել: Սա զարմանալի չէ. այս պարագայում մանավանդ երիտասարդները չեն ապրում գիտակցաբար, իրենց աշխարհայացքից ներս չեն տեսնում իրենց քայլերի և հետևանքների միջև կապը: Որպեսզի գտնես կամ հանդիպես «քո մարդուն», շատ կարևոր է հասկանալ, թե ինչն է խանգարում նրան հանդիպել կամ տեսնել:

Հաճախ գոյություն ունի անհամապատասխանություն այն հարցում, թե ում մասին երազում ես, իրականության մեջ չի արտացոլում քո երազած ակնկալիքը, որովհետև խնդրի էությունն այն է, թե ինքդ ինչպիսին ես: Եթե ցանկանում ես հանդիպել  արքայազնի կամ արքայադստեր, ուրեմն ինքդ նաև դարձիր այդպիսին՝ արքայազն կամ արքայադուստր: Եթե երազում ես հանդիպել այնպիսի մարդու, ով պետք է լինի ազնիվ, հավատարիմ, բարոյական, սակայն ինքդ այդպիսին չես, այդժամ չես կարողանա գնահատել և նկատել այդ մարդուն, երբ նրան հանդիպես:

Երբ հանդիպես, նրա համար դժվար կլինի գնահատել քեզ: Հետևաբար անհրաժեշտ է պահանջների մեջ լինել ավելի համեստ, կամ էլ լինել այնպիսին, ինչպիսին այդ բարձր մակարդակն է, որպեսզի արժանի լինես այդ երջանկությանը: Մտահոգիչ է, որ ժամանակակից երիտասարդների միտքը, ուղեղները մանկությունից ի վեր լվանում են՝ հեռուստատեսությամբ, համացանցով, լրատվամիջոցներով՝ հրամցնելով այնպիսի կերպարներ, որոնք կեղծ երջանկության, անկում ապրած մարդու ուղին են գովազդում, այլ ոչ թե առաքինի, հավատավոր անձանց ու բարոյական արժեհամակարգը: Այդպիսով երիտասարդների համար չափորոշիչ են դառնում ոչ թե Աստվածաշնչում նկարագրված խոնարհություն, մաքրություն, առաքինություն ունեցող կերպարները, այլ ինչ-որ աստղեր, երգիչներ, հանցագործներ, անարդարությամբ հարստություն դիզած մարդիկ:

Սակայն այսպիսի օրինակներն աղճատում են երիտասարդների լուսավոր ընկալումները և ուղղորդում նրանց դեպի մեղքը: Արդյունքում աղջիկները չափից ավելի նշանակություն են տալիս ֆինանսական հաջողություն ունեցող տղամարդկանց, իսկ տղաները` սեքսուալ գրավչություն ունեցող կանանց: Մի կողմ է մղվում հոգեղենն ու իրական գեղեցիկի, սիրո ճիշտ ընկալումը, զգացումը և իբրև արժեք դիտվում կիրքը, մարմնավորն ու նյութականը: Այդ իսկ պատճառով ներկայումս նորակազմ բազմաթիվ ընտանիքներ արագ քայքայվում են: Եվ այս դեպքում այն մտայնություն է տիրում, իբր ազնվությամբ, մաքրությամբ, առանց մեծ նյութական հնարավորությունների երջանիկ ընտանիք կազմելն իրատեսական չէ: Այսպիսի երիտասարդները լսում և ընդունում են այն ամենը, ինչ մատուցում ու հրամցնում է նրանց համացանցը, լրատվամիջոցը, հեռուստատեսությունը, ֆիլմերը, երգերը, տեսահոլովակները: Մեզ վրա ազդում են ոչ միայն լրատվամիջոցները, այլև շրջապատը:

Ընկերները, բարեկամները կարող են ակնածանքով նայել մեկ ուրիշի «երջանկությանը» և այդպիսի կերպարը ցանկանալ իրենց և մյուսների համար: Բայց առաջին հերթին մենք չգիտենք, թե տվյալ մարդիկ ինչքանով են երջանիկ կամ այդ երջանկությունն ինչքան կարող է տևել: Երկրորդ՝ եթե նույնիսկ երջանկություն է, այն օտար է և կարող է չհամապատասխանել մեզ: Անհրաժեշտ է մեր սեփական երջանկությունը:

Մյուս կողմից՝ մեղքը մշտապես բերում է ցավ և տառապանք: Դա ցայտուն երևում է հատկապես ընտանեկան կյանքում: Շատ ավելի բնորոշ վիճակ է, երբ ընտանիքի որևէ անդամ հրապուրվում է ինչ-որ անձով և ընկնում բղջախոհության, շնության մեղքի մեջ: Եվ տվյալ անհատը, վարելով նման կյանքի վարքագիծ, իր խղճի առաջ փորձում է արդարանալ և փոխզիջման գալ և այդպիսով ավելի և ավելի է հեռանում իր երջանկությունից:

Եթե մենք հոգևոր կյանքով չենք ապրում և չենք աշխատում ինքներս մեր անձի, հատկապես ներաշխարհի կատարելագործման վրա, նման սխալներ շրջանցելը դառնում է ավելի անխուսափելի: Այդժամ ընտանիքը հայտնվում է փլուզման եզրին: Երբեմն էլ ծնողները կարող են ազդել երեխաների վրա, ինչպես, օրինակ, միայնակ մայրը կարող է իր աղջկան ներշնչել բոլոր տղամարդկանց հանդեպ անվստահություն: Եվ աղջիկը ենթագիտակցորեն կարող է զգուշանալ մարդկանցից և խուսափել նաև լավ, բարեպաշտ անձանցից, երբ իր կյանքում նրանք հանդիպեն, քանի որ չի վստահում նրանց՝ ունենալով իր դժբախտ, միայնակ մոր օրինակը… Նույնիսկ մեկ մանկական տպավորությունը հնարավոր է մեծ ազդեցություն թողնի մարդու վրա, եթե անհատը այն չնկատի և չհաղթահարի:

Անհրաժեշտ է վերլուծել անձնական կյանքը, մանկությունից մինչև ներկան, գտնել վարքագծի անձնական պատճառները, նախասիրությունները: Երբ անհատն անկեղծ ինքնաճանաչման այդ փուլով անցնի, ունակ է հաղթահարել հատկապես ներքին խանգարող հանգամանքները:  Խոսքով հասցված վերքը, խոսքով էլ բժշկվում է: Եթե անձը դժվարանում է ինքնուրույն դուրս գալ այդ վիճակից, կարող է դիմել հոգևորականի, հոգեբանի օգնությանը: Եթե մենք առողջ աշխարհայացք ունենք, հասկանում ենք, թե ինչ է սերը, ընտանիքը, ինքներս մեր անձի հանդեպ աշխատում ենք, ապա ընտրության հարցում սխալի հավանականությունը փոքր է լինում: Եվ մարդու զգացմունքները պետք է սիրո նման լինեն, այլ ոչ թե կրքի, կամ սիրային կախվածության: Համենայնդեպս շատ երիտասարդներ իրական սերը շփոթում են կրքի, սիրահարվածության և դրանցից կախվածության հետ:  Իրականում սերը ներդաշնակ հոգեվիճակ է, այլ ոչ թե հրդեհ, պայթյուն, կրակի հրափայլ լեզուներ կամ փոթորիկ:

Ճշմարիտ սիրո առանձնահատկություններից մեկն էլ զգացմունքների փոխադարձ լինելն է: Ընտրության հարցում կարևոր են նաև համընկնումները, որոնք երջանիկ ընտանիք կազմելու գրավականներից են:  Որպեսզի հնարավոր լինի հասկանալ անհատի որակները, ցանկալի է նրա հետ ծանոթ լինել առնվազն մեկ տարի, երբեմն վեց ամիսն էլ է բավարար: Եվ ոչ թե պարզապես միայն ծանոթ լինել, այլ ճանաչել նրան տարբեր իրադարձություններում՝ աշխատանքի, դժվարությունների մեջ, ընկերների և իր ընտանիքի անդամների փոխհարաբերության մեջ: Ինչպես որ նա իր ծնողներին է վերաբերվում, հավանականությունը մեծ է, որ այդպես էլ հետագայում ձեզ հետ է վերաբերվելու:

Զուր չեն ասում՝ սիրել, նշանակում է ճանաչել: Ռեալ ճանաչողության մեջ մարդիկ միմյանց ավելի են սիրում, կամ էլ սառում են մեկմեկու հանդեպ:

Իրական ճանաչողությունը սիրո փորձաքարն է: Հետևաբար իրական սեր հաճախ ծնվում է ամուսնությունից հետո, երբ մարդիկ սկսում են իրար ճանաչել մանրուքների մեջ կամ էլ փլուզվում են յուրաքանչյուրի սիրո ակնկալիքների պատկերացումները մյուսի նկատմամբ: Առաջին հերթին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել միմյանց աշխարհայացքին, արժեհամակարգին: Ի՞նչն է քո ընտրյալի համար կյանքի իմաստը: Ինչպե՞ս է հասկանում ընտանիքի նպատակը, իր դերը ընտանիքում և այլն: Ի՞նչ է մտածում է երեխաներ ունենալու և նրանց դաստիարակության հարցի շուրջ: Քանի՞ երեխա է ցանկանում ունենալ: Ինչպիսի՞ն են նրա կրոնական հայացքները, կրթության և նյութական հարցերում: Ինչքան համընկնումները շատ են, այդքան ավելի ամուր ընտանիք է կազմվում: Եթե ունեք ընկերներ, ովքեր կիսում են ձեր աշխարհայացքը և եթե նրանց վստահում եք, կարող եք հարցնել նաև նրանց կարծիքն ու խորհուրդը ձեր ընտրյալի մասին: Կողմնակի մարդը շատ անգամ ավելին է նկատում, քան ինքդ: Այդպիսի ընկերներ կարող են լինել նաև ծնողները, հոգևորականը:

Հատկանշական է, որ գոյություն ունի մի հստակ նշան, որ տվյալ անհատը կարող է լինել ձեր կյանքի կողակիցը, այսինքն՝ նրա ներկայությամբ լարվածություն չեք զգում, այլ ձեզ լավ եք զգում: Եվ անկախ նրանից, թե ինչ եք անում և ինչպես եք գործում նրա ներկայության դեպքում,  պարզապես ձեզ միշտ լավ եք զգում: Փոխհարաբերություններում ոչ բոլոր մարդկանց հետ հաղորդակցվելիս այդպիսի զգացում է լինում և եթե այդժամ քեզ համապատասխան մարդ է, նրա հետ որտեղ էլ լինես, միանշանակ ինքդ քեզ լավ ես զգում: Եվ ամփոփենք Անտուան դը Սենտ-Էքզյուպերի մտավորականի հայտնի խոսքերով, թե՝ սիրել չի նշանակում նայել մեկմեկու, սիրել՝ նշանակում է նայել միևնույն ուղղությամբ:

Պատրաստեց Հովհաննես Մանուկյանը

surbzoravor.am 

Տեսանյութեր

Լրահոս