Աննա Հակոբյանը վերջին պահին հրաժարվել է հանդիպումից, քանի որ նրան ասել են՝ «Էրատո-շոու» չի լինելու. ծնողները վրդովված են. Կարապետ Պողոսյան

«Երևանի ավագանու ընտրություների ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի խնդիր է լուծելու: Դեռևս մայիսին եմ ասել, որ նա փորձելու է հերթական անգամ ընդդիմությանը ներքաշել այս խաղի մեջ՝ որոշակի լեգիտիմություն ապահովելով, բայց այդպես էլ չստացվեց, ինչը շատ կարևոր էր, որովհետև նա չունեցավ այս ընտրություններում որևէ մեկին թիրախավորելու հնարավորություն: Բացի դրանից, նա հնարավորինս փորձելու է հատկապես այսօր ցույց տալ, որ ինքը դեռևս ռեսուրս ունի: Իսկ առհասարակ այս ընտրությունները խայտառակ ընտրություններ են լինելու, և երևանցիների փոխարեն ընտրելու են հնդիկներն ու մարզերի բնակիչներ»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը:

Վերջինս նաև հաստատեց՝ Շիրակի մարզից այսօր ՔՊ-ի քայլերթին մասնակցելու համար մարդկանց քանակ են ապահովելու, և հայտնի է անգամ քաղաքապետարանի շրջակայքում հրավիրված հանրահավաքի ժամանակ նրանց կանգնելու տեղն ու ժամը:

«Նիկոլն ունի ընդամենը մեկ խնդիր՝ հայ մարդուն դարձնել հայաստանցի, այսինքն՝ զրկել բոլոր տեսակի արժեքային համակարգից, սպանել կրթությունը: Բայց միանգամից ասեմ՝ այս պայքարում հաղթող է դուրս գալու հայ մարդը»,- ասաց Կարապետ Պողոսյանը:

Կարդացեք նաև

Անդրադառնալով ուսուցիչների՝ երեկ Կառավարության շենքի մոտ իրականացրած բողոքի ակցիային նոր չափորոշիչների ընդունման դեմ՝ Կարապետ Պողոսյանը ուշադրություն հրավիրեց Գյումրիում արդեն մեկ շաբաթից ավելի շրջանառվող այն տեղեկությանը, թե վտանգի տակ է նաև դպրոցներում զինղեկների դասավանդման հարցը:

«Զինղեկները մարզպետարանում են եղել, ճանապարհ են փակել, տրամադրված են նաև երկրով մեկ կոնկրետ, առարկայական գործողությունների դիմելու: Կրճատում են զինղեկների հաստիքային ժամավարձը, և զինղեկի աշխատավարձը մոտավորապես թողել են 60 000 դրամ: Նրանք միայն սոցիալական խնդիր չէ, որ բարձրացնում են: Զինղեկները հասկանում են, որ դա անում են տղաներին զինվորական գործին ծանոթացնելու հնարավորությունից զրկելու համար»,- ասաց Կարապետ Պողոսյանը՝ արձանագրելով՝ Փաշինյանի օրոք ձախողվել է ամեն ինչ:

Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանի՝ վերջին պահին գյումրեցի զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպմանը չներկայանալուն, գյումրեցի իրավապաշտպանն ասաց՝ նրա փոխարեն այլ մարդիկ են եկել, որովհետև հասկացել են՝ հանդիպումն իրենց համար լավ ընթացք չի ունենալու:

«Աննա Հակոբյանը վերջին պահին հրաժարվել է հանդիպումից, քանի որ նրան ասել են՝ «Էրատո-շոու» չի լինելու, որովհետև ծնողները վրդովված են: Ի դեպ, նրա փոխարեն հանդիպմանը եկածները ծնողներին հորդորել են՝ չասել զոհվածներ, այլ ասել՝ պատահական զոհվածներ, ինչն առաջացրել է ծնողների վրդովմունքը: Սա սարսափելի է, և այդ սարսափը շուտով թափվելու է Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի գլխին»,- ասաց գյումրեցի իրավապաշտպանը:

Վերջինս խոսեց նաև կրկին ակտիվացած Ստամբուլյան կոնվենցիայի ու դրա ընդունման հավանականության մասին:

«Մեր ժողովրդից ուզում են կերտել խոտ, բույս կամ այնպիսի մի կենդանի, որը չի ունենա ազգային արժանապատվություն: Ու դրան հասնելու համար պիտի ընդունեն Ստամբուլյան կոնվենցիան, որի միջոցով հնարավորություն կունենան հասնել իրենց նպատակներին: Իմ ունեցած տեղեկություններով, այսօր դպրոցներում շատ դասագրքերի բացակայությունը պատճառ ունի: Որովհետև իրականում այդ գրքերը կային, և դրանք տպված էին Ստամբուլյան կոնվենցիային համապատասխան, բայց քանի որ այն ընդունված չէ, ու նաև առկա է հասարակության զայրույթը, դրանք դպրոց չեն մտցվել, իսկ նոր դասագրքերի համար ժամանակ չէր մնացել»,- ասաց Կարապետ Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս