Ընդունվում են հայտեր Բրիտանական կառավարության «Չիվնինգ» կրթաթոշակներ ստանալու համար
2023թ․ սեպտեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 7-ն ընդունվում են հայտեր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում (ՄԹ) մագիստրոսական ծրագրով ուսանելու նպատակով «Չիվնինգ» կրթաթոշակներ ստանալու համար։ Հայտերը կարող են ներկայացվել chevening.org/apply կայքի միջոցով։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանությունը։
«Չիվնինգը» բրիտանական կառավարության կրթաթոշակային ծրագիր է, որը ֆինանսավորվում է ՄԹ արտաքին գործերի նախարարության, գործընկեր կազմակերպությունների և գործընկեր համալսարանների կողմից։ Այն ամբողջական ֆինանսավորում է տրամադրում 150-ից ավելի բրիտանական համալսարաններում մագիստրոսական կրթություն ստանալու համար՝ միաժամանակ տրամադրելով բացառիկ ակադեմիական, մասնագիտական և մշակութային փորձառության ձեռքբերման լայն հնարավորություններ։ Կրթաթոշակները տրամադրվում են առաջնորդության հմտություններ ունեցող այն անհատներին, ովքեր կարող են ներկայացնել, թե ՄԹ-ում ստացած մագիստրոսի կոչումն ինչպես կօգնի հասնել իրենց նպատակին։
1983 թվականից ի վեր «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագիրը Միացյալ Թագավորությունում ուսանելու և կարողությունների զարգացման հնարավորություն է ընձեռել ավելի քան 55000 մասնագետների։ 2024-25թթ․ ուստարվա համար կրթաթոշակներ կստանան ավելի քան 1500 դիմորդներ ողջ աշխարհում։ Սա վկայում է ՄԹ-ի՝ ապագայի առաջնորդներ պատրաստելու հանձնառության մասին։
Հայաստանում ՄԹ դեսպան Ջոն Գալագերն ասել է․
«Մենք հպարտ ենք ողջ աշխարհում բարձր համբավ վայելող բրիտանական համալսարաններով և ուրախ ենք, որ «Չիվնինգ»-ի շնորհիվ դրանցում որակյալ կրթություն ստանալու հնարավորություն է ընձեռվում բազմաթիվ երկրների տաղանդավոր երիտասարդների։
Հայաստանից մինչ օրս «Չիվնինգ» կրթաթոշակ է ստացել շուրջ 200 հոգի, այդ թվում՝ կառավարության ղեկավար աշխատակիցներ, խորհրդարանի անդամներ, քաղաքացիական հասարակության ազդեցիկ ներկայացուցիչներ, մեդիա ոլորտի մասնագետներ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ ու գործարարներ: «Չիվնինգ»-ի շրջանավարտներն իրենց արժեքավոր ներդրումն են ունենում Հայաստանում՝ նպաստելով հայրենիքի զարգացմանը»:
«Չիվնինգի» մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.chevening.org կամ Բրիտանական դեսպանատան էջեր Ֆեյսբուքում, Ինստագրամում և Թվիթերում։