
Մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մեկնարկը։
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Ըստ աղբյուրի՝ զորավարժության օրերին կխաղարկվեն հակամարտող կողմերի միջև կայունացման ապահովման գործողություններ՝ խաղաղապահ առաջադրանքների կատարմամբ։
Նշվում է, որ զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը՝ ՆԱՏՕ/ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար: