Արցախի ԱԺ նախագահը նամակներ է հղել Իրանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի խորհրդարանների խոսնակներին
Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը նամակներ է հղել Իրանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի խորհրդարանների խոսնակներին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանում իրանահայության երկու պատգամավորներ Արա Շահվերդյանի և Ռոբերտ Բեգլարյանի միջնորդությամբ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի նամակը փոխանցվելու է Իրանի խորհրդարանի նախագահին։
«Օրեր առաջ Արցախի ԱԺ նախագահը նամակներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի, ԱՄՆ Սենատի, ԱՄՆ կոնգրեսի, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի խոսնակներին։
«Ալիք» օրաթերթի փոխանցմամբ՝ Իրանի օրենսդիր իշխանությունների կողմից սպասվող հնարավոր արձագանքներին ծանոթանալու նպատակով հեռախոսազրույց են ունեցել Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանի հետ և նրանից հետաքրքրվել, թե արդյոք Դավիթ Իշխանյանի կիրառած նոր գործելաձևը կարող է ազդեցիկ գործիք դառնալ ադրբեջանական արգելափակման վերացման և Իրանի կողմից միջամտության տեսանկյունից:
Արա Շահվերդյանը նախ տեղեկացրել է, որ նամակից մի օրինակ ՀՀ-ում հանձնվել է Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի և Հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանին և արդեն այստեղ երկուսով պատրաստվում են այն հանձնել Իսլամական խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բադեր Ղարիբաֆին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ապա պատգամավորն ընդգծել է, որ այսօրվա դրությամբ շատ կարևոր է տարբեր գործիքակազմերի կիրառումը: Ըստ պատգամավորի՝ բոլոր քայլերն էլ կարող են ազդել Արցախի էթնիկ բնակչության շահերի պաշտպանության առումով:
«Չնայած տարբեր անձանց ու կառույցների կողմից հնչող դատապարտող կոչերին, Բաքուն շարունակում է արգելափակել Լաչինի միջանցքը, զրկելով Արցախին Հայաստանի հետ կապող միակ կենսական ճանապարհից: Ադրբեջանը անտեսում է ՄԱԿ-ի, Անվտանգության խորհրդի, Եվրախորհրդարանի, ՄԻԵԴ-ի և Հաագայի դատարանի ու այլ միջազգային կառույցների պահանջները, իրագործելով արցախահայության էթնիկ զտման, սադրանքի և ուժի սպառնալիքի քաղաքականությունը», – նշել է Շահվերդյանն՝ ընդգծելով, որ Արցախի 120 000 քաղաքացի զրկված է ազատ տեղաշարժի հնարավորությունից և ապրում է աղետալի պայմաններում, ոտնահարվում են նրանց հիմնարար իրավունքները, իսկ Ադրբեջանին միջազգային հանրության ուղերձները կառուցողական դաշտ չեն բերում:
Հարցմանը, թե ինչպիսի գործընթացներ է նախատեսում Իրանի Իսլամական խորհրդարանը նման օրակարգային հարցերի առնչությամբ, Արա Շահվերդյանը նշել է, որ իրենք պատրաստվում են որպես միջնորդ հանդես գալ նամակի հանձնման ուղղությամբ, որը նշանակում է, որ ուղղակիորեն այն կստանա խորհրդարանի խոսնակը:
Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորը շեշտել է, որ որպես իրանահայության զույգ պատգամավորներ, անպայման կշարունակեն հետևողական լինել Արցախի էթնիկ բնակչության շահերի պաշտպանության հարցերի նկատմամբ, ընդգծելով, որ որպես երկրի օրենսդիր իշխանության մեկ մասնիկ, բազմիցս դիմել են պետական անձանց ՝ խնդրելով տարբեր քաղաքական ու դիվանագիտական միջոցներ կիրառել, ճնշումներ գործադրել ադրբեջանական սադրանքները զսպելու մեխանիզմներ կիրառելու և Արցախի էթնիկ բնակչության իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Արցախի ԱԺ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Արա Շահվերդյանն ընդգծել է, որ հետամուտ են լինելու, որպեսզի Արցախի ԱԺ նախագահ Դ. Իշխանյանի հղած նամակ-պահանջը Իսլամական խորհրդարանի խոսնակի կողմից հասցեական և համապատասխան արձագանք ստանա: