«Կարևոր է, որ Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ վերաբացվեն»․ Սամանթա Փաուեր
Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը արագորեն վատթարանում է, X-ի (նախկին՝ Թվիթեր) իր էջում գրել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերը։
Նա կարևորել է «Լաչինի և Աղդամի երթուղիների անհապաղ վերաբացումը, որպեսզի փրկարար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»:
Գրությանը կից Սամանթա Փաուերը տարածել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երեկվա հայտարարությունը, որով ԱՄՆ-ն կոչ է անում բացել երկու ուղիներն էլ՝ թույլ տալու մատակարարումները Լեռնային Ղարաբաղ։
The humanitarian situation in Nagorno-Karabakh is rapidly deteriorating. It’s essential that the Lachin and Aghdam routes be reopened immediately so lifesaving assistance can reach the people of NK. https://t.co/TXZNjT9l26
— Samantha Power (@PowerUSAID) September 10, 2023
Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ Ռուսաստանի կառավարությունը հումանիտար օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ ադրբեջանական Աղդամի ճանապարհով։ Ադրբեջանական Կարմիր մահիկը հայտարարեց, թե փոխադրումն իրականացվում է Կարմիր մահիկի և Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերությունների համագործակցության հուշագրով։ Ըստ ադրբեջանական կողմի՝ մեքենան մտել է Բարդա քաղաք և սպասում է այնտեղ։
Ստեփանակերտը հաղորդեց, որ որոշել են թույլ տալ Աղդամով ռուսական բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ նշելով, որ միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Լաչինի միջանցքով վերականգնվեն հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Արցախը նշեց, որ այս քայլին դիմում է՝ ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից։
Երկու օր անց, սակայն, ճանապարհները դեռ շարունակում են փակ մնալ։