Մշտապես ռիսկն առկա է, որպես պետություն՝ պետք է ձեռնարկենք քայլեր, որպեսզի բանն էսկալացիայի չհասնի. Պաշտպանության փոխնախարար
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի խոսքով՝ տեղեկատվությունը, որ Հայաստանի ու Արցախի սահմաններին Ադրբեջանը զորք է կուտակում, հայտնել է նաև պաշտպանության նախարարությունը։
«Ավելորդ լարումից ու մյուս բաներից խուսափելու համար ցանկալի է հետևել պաշտոնական տեղեկատվությանը, մենք ամեն ինչ հրապարակում ենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարարը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին հարցին, որ Ադրբեջանը սահմանին զորք է կուտակում։
Ինչ վերաբերում է Արցախի Պաշտպանության բանակի հրապարակած տեսանյութին՝ թշնամու զինտեխնիկայի կուտակման մասին, Արման Սարգսյանն ասաց.
«Այնտեղ պարզ երևում է, և հրետանային միջոցներ, կարծես թե, ռազմական տեխնիկա են կուտակում։ Այդ մասին խոսվել է, ավելորդ ևս մեկ անգամ չեմ ուզում դրա մասին խոսել։ Միայն կհորդորեմ, որպեսզի հետևեք մեր տեղեկատվությանը։ Մենք որոշակի սրումների, ընդհուպ՝ փոքր հրազենային զենքից կրակի դեպքում անմիջապես տեղեկատվություն տրամադրում ենք։
Պաշտպանության նախարարությունն իր իրավասության շրջանակներում, բնականաբար, քայլեր ձեռնարկում է տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու և որևէ իրավիճակի վրա բացասական ազդեցություն չունենալու իմաստով»։
Հարցին՝ որքանո՞վ է մեծ նոր ռազմական գործողությունների ռիսկը, Արման Սարգսյանը պատասխանեց, որ քաղաքական մակարդակով ևս հայտարարություններ հնչել են դրա վերաբերյալ։
«Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ մշտապես այդ ռիսկն առկա է։ Սակայն մենք՝ որպես պետություն, պետք է ձեռնարկենք քայլեր, որպեսզի բանն էսկալացիայի ու առհասարակ ռազմական մեծ գործողությունների չհասնի»,- եզրափակեց Արման Սարգսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում