Դրսից եկող գումարները շեշտակի նվազել են
Անցած տարվա երկրորդ կեսի և այս տարվա առաջին կեսի ակտիվ հոսքերից հետո, դրսից Հայաստան ուղարկվող գումարները գնալով պակասում են։ Երկրորդ ամիսն անընդմեջ ֆիզիկական անձանց փոխանցումները կրճատվում են։
Հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, բանկային համակարգով 153 մլն դոլարով կամ 25,6 տոկոսով ավելի քիչ գումար էր եկել։
Հուլիսին ֆիզիկական անձանց փոխանցումները նույնիսկ ավելի շատ են կրճատվել. նախորդ տարվանից պակաս է եկել ավելի քան 190 մլն դոլար։
Անցած տարվա հուլիսին բանկային համակարգով ստացվել էր 567,7 միլիոն, այս տարվա հուլիսին ստացվել է 377,3 միլիոն՝ 33,5 տոկոսով ավելի քիչ։
Հուլիսին ֆիզիկական անձանց փոխանցումները դրսից կրճատվել են նաև հունիսի համեմատ։ Եվ ոչ միայն հունիսի. հուլիսին արձանագրվել է այս տարվա ընթացքում արտերկրից փոխանցումների ամենացածր ցուցանիշը։ Այդ ամսին ավելի քիչ գումար է մտել Հայաստան, քան նույնիսկ հունվարին։
Ֆինանսական հոսքերի կրճատումը կապված է առաջին հերթին Ռուսաստանից փոխանցվող գումարների հետ։ Նախորդ տարվա կտրուկ ակտիվացումից հետո, այս տարվա երկրորդ կեսից դրանք սկսել են ոչ պակաս կտրուկ կրճատվել։
Հունիսին Ռուսաստանից 11 մլն դոլարով պակաս գումար եկավ, քան եկել էր մայիսին։ Արդեն հուլիսին, հունիսի նկատմամբ, տարբերությունը հասավ 75 միլիոնի։
Կրճատվել են՝ ինչպես առևտրային, այնպես էլ՝ ոչ առևտրային փոխանցումները։
Նշենք, որ ոչ առևտրային փոխանցումներն այն փոխանցումներն են, որոնք ստանում են քաղաքացիները։ Դրանք գումարներ են, որոնք սովորաբար ուղղվում են կենցաղային ու սոցիալական տարբեր խնդիրների լուծմանը։
Եթե մայիսին ոչ առևտրային փոխանցումները Ռուսաստանից կազմել էին 79 մլն դոլար, հունիսին կազմեցին 77 մլն դոլար, ապա արդեն հուլիսին իջան մինչև 69 մլն դոլարի։
Սա միայն ռուսական տրանսֆերտներին չի վերաբերում, թեև գումարների մեծ մասը մեր քաղաքացիները ստանում են հենց այդ երկրից։
Ընդհանուր ոչ առևտրային բնույթի տրանսֆերտները ևս հունիս-հուլիսին նվազման դինամիկա են ցույց տվել։ Մայիսին դրանք կազմել էին գրեթե 131 միլիոն, հունիսին՝ 128 միլիոն, արդեն հուլիսին կազմել են 116 մլն դոլար։
Ճիշտ այնքան, որքան 2021թ. հուլիսին, երբ դրսից կատարվող փոխանցումների վրա դեռևս չկար ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը։
Իհարկե, այն ժամանակ այդ գումարները գալիս էին հիմնականում մեր քաղաքացիների հաշվին, հիմա գալիս են նաև Ռուսաստանի այն քաղաքացիների հաշվին, որոնք հակամարտությունից հետո տեղափոխվել և բնակություն են հաստատել Հայաստանում։
Հուլիսի 116 միլիոնից 69 միլիոնը եկել է Ռուսաստանից, 25 միլիոնը՝ Միացյալ Նահանգներից։
Մնցած երկրներից ստացվել է ընդամենը 22 մլն դոլար։
Վերջին երկու ամիսներին, հրապարակված ամենաթարմ տվյալներով, նվազել են դրսից ֆիզիկական անձանց կատարած նաև առևտրային փոխանցումները։ Թեև, ինչպես տեսնում ենք, Հայաստան ուղարկված գումարների մեծ մասը հենց առևտրային նպատակ են հետապնդել։
Հունիսին ստացված 444 միլիոնից 316 միլիոնը եղել են առևտրային նպատակով կատարված փոխանցումները։ Հուլիսի 377 միլիոնից այդպիսին է եղել 261 միլիոնը։
Առևտրային փոխանցումների կրճատումն, ըստ ամենայնի, պայմանավորված է Ռուսաստան վերարտահանումների հետ կապված ռիսկերի ավելացմամբ և սահմանափակումների կիրառման խստացումներով։ Վերարտահանողներն ավելի զգուշավոր են դառնում, ու դա տեսնում ենք նաև արտաքին առևտրի ցուցանիշներում։ Վերջին ամիսներին էապես ընկել է ինչպես վերարտահանումների նպատակով Հայաստան կատարվող ներմուծումների, այնպես էլ արտահանումների տեմպը։
Հունիս-հուլիսին դրսից փոխանցումները Հայաստան բավական կտրուկ կրճատվել են, բայց տարվա կտրվածքով դրանք դեռևս շարունակում են էապես գերազանցել նախորդ տարվա մակարդակը։ Այս տարվա առաջին յոթ ամիսներին 864 միլիոնով ավելի շատ գումար է եկել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։
Անցած տարվա յոթ ամսում եկել էր 2 մլրդ 437 միլիոն, այս տարի եկել է 3 մլրդ 302 միլիոն։
Նախորդ տարվա համեմատ մասնավոր ֆինանսական փոխանցումների աճը գերազանցել է 35 տոկոսը, բայց վերջին ամիսներին հոսքերը շեշտակի կրճատվել են։
Ենթադրվում է, որ դա կշարունակվի նաև առաջիկայում։ Ու եթե պահպանվեն հունիս-հուլիսի անկման տեմպերը, ապա տարեվերջին կարող է նաև տրանսֆերտների անկում արձանագրվել։
Խոսքը ինչպես առևտրային, այնպես էլ ոչ առևտրային փոխանցումների մասին է։ Ոչ առևտրային փոխանցումների առումով արդեն հիմա բավական մեծ շեղում կա։ Չնայած տրանսֆերտային ընդհանուր հոսքերի ավելացմանը, տարեսկզբի յոթ ամիսներին քաղաքացիների ոչ առևտրային փոխանցումները բավական մեծ տեմպով կրճատվել են։
Անցած տարվա յոթ ամիսներին դրանք կազմել էին ավելի քան 858 մլն դոլար։ Այնինչ՝ այս տարի կազմել են 575 միլիոն։ Նաև ավելի քիչ, քան 2021թ.։
Քաղաքացիների հաշվին ստացված գումարները նախորդ տարվա համեմատ 283 մլն դոլարով կամ գրեթե 33 տոկոսով պակասել են։
Կրճատվել են նաև զուտ հոսքերը։
Հիշեցնենք՝ զուտ հոսքերը ստացված և Հայաստանից գնացած գումարների տարբերությունն է։
Եթե անցած տարվա առաջին յոթ ամսում զուտ հոսքերը կամ ներսում մնացած գումարները կազմել էին 1 մլրդ 129 մլն դոլար, ապա այս տարի կազմել են 1 մլրդ 31 մլն դոլար։
Նվազել են 98 միլիոնով։
Իսկ դրսից մուտքերի աճը եղել է գերազանցապես առևտրային փոխանցումների հաշվին։ Այդ գումարները պարզապես անցել են Հայաստանի բանկային համակարգով և ուղղվել տարբեր երկրներից իրականացվող առևտրային գործարքների ֆինանսավորմանը։ Դրա արդյունքում էլ հայաստանյան բանկերը շարունակում են մեծ գումարների շահույթներ ստանալ։ Չնայած, ֆինանսական հոսքերի արձանագրվող կրճատմանը զուգահեռ, կկրճատվեն նաև բանկերի շահույթները։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ