«Պատմական ռեկորդները» գրվում են սառույցին

Նիկոլ Փաշինյանը հաճախ է սիրում կրկնել, որ այս կամ այն ոլորտում «պատմական ռեկորդներ» են գրանցվել։ Ոչինչ, որ այդ «ռեկորդները» ոչ այլ ինչ են, քան սովորական երևույթներ, երբ տարիների ընթացքում երկիրն առաջ է գնում, իսկ տնտեսությունը, թեկուզ չնչին, աճ է գրանցում։

Նման ցանկացած աճ արդեն «պատմական ռեկորդ» է։ Դա լինի՝ ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ՝ բյուջեի հարկային եկամուտներում, ծախսերում, աշխատաշուկայում, աշխատավարձերում և այլուր։

Սրանում արտառոց ոչինչ չկա, բայց Նիկոլ Փաշինյանը փորձում է այն ներկայացնել որպես «պատմական ռեկորդներ»՝ դա օգտագործելով հասարակության անտեղյակ հատվածի վրա աննախադեպության տպավորություն գործելու համար։

Խոսում է գրանցված աշխատատեղերի ու աշխատավարձերի պատմական ռեկորդների մասին, ցուցանիշներ է հրապարակում, աճեր է ներկայացնում։ Բայց երբ այդ աճերը դադարում են, իսկ «պատմական ռեկորդները» գրվում սառույցին, այլևս դադարում է հիշել այդ մասին, անդրադառնալ պատճառներին ու հետևանքներին։

Կարդացեք նաև

Մինչև վերջերս գրեթե ամեն ամիս հայտարարում էր աշխատատեղերի ավելացման ու «պատմական ռեկորդների» գրանցման մասին։ Հուլիսի վերաբերյալ ոչինչ չասաց։ Ընդ որում, միայն աշխատատեղերին չէ, որ չանդրադարձավ. խուսափեց խոսել նաև բյուջեի հարկային եկամուտների աճերի մասին։ Պատճառն այն էր, որ բյուջեի հարկային եկամուտները հուլիսին գրեթե դադարեցին աճել, ու դա այլևս չէր կարող օգտագործել մարդկանց վրա տպավորություն գործելու համար։

Եթե բյուջեի հարկային եկամուտների աճը հուլիսին գրեթե դադարել է, ապա աշխատատեղերը պարզապես կրճատվել են։

Խոսքը հայտարարագրված ու աշխատավարձ դուրս գրած աշխատողների մասին է։

Այդպիսի աշխատատեղերը հուլիսին կրճատվել են։ Ավելի քիչ են եղել, քան կային հունիսին։

Պետեկամուտների կոմիտեի հրապարակման համաձայն, հուլիս ամսվա համար հարկ վճարողների կողմից ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով, Հայաստանում եկամուտ ստացած աշխատողների թվաքանակը կազմել է 717 հազար 766, ինչն ավելի քիչ է, քան հունիսի հայտարարագրվածների քանակն էր։

Նույն պաշտոնական տվյալներով, հունիսի համար հարկ վճարողների կողմից ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկներով, հայտարարագրվել էր 719 հազար 274 աշխատատեղ։

Ստացվում է, որ հուլիսին աշխատատեղերի աճը կանգ է առել։ Աշխատավարձ ստացող աշխատողների քանակը ոչ միայն չի ավելացել, այլև կրճատվել է։

Եթե հունիսին հայտարարագրվել էր եկամտային հարկ և սոցիալական վճար վճարած 719 հազար 274, ապա հուլիսին՝ 717 հազար 766 աշխատող։

Հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, վճարովի աշխատատեղերը կրճատվել են 1508-ով։

Բայց միայն հունիսի նկատմամբ չէ, որ հուլիսին աշխատատեղերը կրճատվել են։

Դրանք ավելի քիչ են եղել նաև մայիսի նկատմամբ։

Հիշեցնենք, որ մայիսին Նիկոլ Փաշինյանն աշխատատեղերի հերթական պատմական ռեկորդից էր խոսում։

«Մենք հերթական պատմական ռեկորդն ենք արձանագրել և մայիսի արդյունքներով՝ ունենք 718 հազար 266 գրանցված աշխատատեղ»,- կառավարության հերթական նիստերից մեկում, ինչպես միշտ, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Մայիսին ունեցել ենք 718 հազար 266 աշխատավարձ վճարած աշխատատեղ, իսկ հուլիսին՝ 717 հազար 766։

Այլ կերպ, հուլիսին ավելի քիչ աշխատատեղ է եղել, քան նույնիսկ մայիսին։

Հունիսի համեմատ հուլիսին աշխատատեղերը կրճատվել են 1508-ով, մայիսի համեմատ՝ 500-ով։

Սա էլ, բնականաբար, պատճառ է դարձել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը շրջանցի հուլիսի աշխատատեղերի ցուցանիշները, որովհետև նախկին «պատմական ռեկորդները» գրվել են սառույցին։ Հուլիսին ոչ միայն «պատմական ռեկորդ» չի գրանցվել, այլև աշխատատեղերը նախորդ երկու ամիսների համեմատ կրճատվել են։

Թե ինչո՞ւ է այդպես, հավանաբար պիտի մեկնաբանեն կառավարության պաշտոնյաները։ Բայց քանի որ նրանք սիրում են միայն «պատմական ռեկորդներից» խոսել, իսկ կրճատումները փորձում են խնամքով թաքցնել, աշխատատեղերի կրճատման պատճառներն այդպես էլ կմնան ստվերում։

Նիկոլ Փաշինյանն ու մյուսներն աշխատատեղերին նորից կանդրադառնան, եթե կրկին ավելանան։

Թե դա ե՞րբ կլինի, ցույց կտա ժամանակը։ Մոտենում ենք մի շրջափուլի, երբ իրավիճակն աստիճանաբար ծանրանում է, «պատմական ռեկոդները» նահանջում են։ Իշխանություններն այլևս նախկին հնարավորությունները չեն կարող ունենալ՝ խոսելու բարձր տնտեսական աճերի, այդ թվում՝ աշխատատեղերի մեծաքանակ ավելացումների ու աշխատավարձերի կտրուկ բարձրացումների մասին։

Վերջին շրջանում նկատվում է նաև աշխատավարձերի աճի տեմպի կրճատում։ Մի շարք ոլորտներում, որտեղ անցած տարի աշխատավարձերի կտրուկ փոփոխություններ եղան, այս տարի աճը սկսել է դանդաղել։

Դանդաղել է, որովհետև նախորդ տարի դրանց վրա առկա էր արտաքին հատվածի ուժեղ ազդեցությունը։ Մասնավորապես այն, որ դրսից տեղափոխված աշխատուժը շատ ավելի բարձր էր վճարվում, քան Հայաստանում։

Պաշտոնական տվյալներով, դրսից եկածների աշխատավարձերը չորս անգամ գերազանցում են Հայաստանի միջինին։ Դա էլ իր ուղղակի և անուղղակի ազդեցությունն ունեցավ որոշ ոլորտների աշխատավարձերի կտրուկ փոփոխությունների վրա։

Առևտրի ու հատկապես ծառայությունների ոլորտներում դրան նպաստեց նաև արտաքին պահանջարկի ավելացման գործոնը։

Բայց այդ գործոններն աստիճանաբար մնում են անցյալում, իրենց ուղղակի ազդեցությունը թողնում՝ ինչպես աշխատատեղերի ու աշխատավարձերի, այնպես էլ՝ տնտեսության այլ ոլորտների ցուցանիշների վրա։ Միջին աշխատավարձի անվանական աճը տարեսկզբին շատ ավելի բարձր էր, քան տարվա կեսին է։ Որոշ ոլորտներում արդեն արձանագրվում են աշխատավարձերի նվազումներ՝ նախորդ տարվա համեմատ։ Առաջիկայում այդ միտումը գնալով խորանալու է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս