ԱՄՆ-ի հետ զորավարժությունների Երևանի ծրագրերը ցուցադրական արևմտամետ քայլեր են. փորձագետ
ԱՄՆ-ի հետ վարժանքներ անցկացնելու Հայաստանի ծրագրերն ու ՀԱՊԿ-ում երկրի նախկին մշտական ներկայացուցիչի նշանակումը Նիդեռլանդներում ՀՀ դեսպանի պաշտոնում ցուցադրական քայլեր են, որոնք պետք է Ռուսաստանին հուշեն, որ Երևանը ձգտում է դեպի Արևմուտք թեքվել։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահին կից Միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ, քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ սեպտեմբերին անցկացվելու են հայ-ամերիկյան զորավարժություններ, որոնց նպատակը խաղաղապահ առաքելությունների շրջանակում օպերատիվ համատեղելիության բարձրացումն է: Երեկ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հետ է կանչել ՀԱՊԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովին՝ նրան նշանակելով Նիդեռլանդներում ՀՀ դեսպան և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ներկայացուցիչ:
«Նիկոլ Փաշինյանը մի շարք ցուցադրական քայլեր է անում, որոնք միանշանակ անընդունելի են ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների համար։ Այս քայլերը խորհրդանշում են Հայաստանի վերակողմնորոշումը ռուսական վեկտորից դեպի արևմտյան։ Սա պարզ ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարությունն ուզում է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ», – ասել է փորձագետը։
ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վտանգ կա, բայց քանի դեռ Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել կազմակերպությունից, փորձագետն այդ բոլոր քայլերը դիտարկում է որպես շանտաժի տարր:
Նշենք, որ պաշտոնապես պահպանելով անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ Հայաստանը մի քանի ամիս շարունակ հետևողականորեն նվազեցնում է իր փոխգործակցության մակարդակը կառույցում։ Այսպես, ընթացիկ տարվա հունվարին երկիրը հրաժարվել է ընդունել ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները, հետագայում հայկական զորախումբը չի մասնակցել կազմակերպության մյուս անդամ երկրների տարածքում նմանատիպ միջոցառումների:
Իսկ մարտին Երևանը հրաժարվել էր կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։
Միաժամանակ երկրի ղեկավարությունը հանդես էր գալիս քննադատական արտահայտություններով՝ կառույցին հանդիմանելով անցյալ տարվա ադրբեջանական ագրեսիային գնահատական չտալու և դաշնակցին օգնություն ցույց տալու ցանկության բացակայության կամ անկարողության համար։