Ոչ սովորական լուծումների ժամանակը. առաջնորդություն՝ առանց առաջնորդի

Հայաստանում ստեղծված իրավիճակից ելքի, որպես դրա առաջնային նախապայման՝ իշխանափոխության մասին քննարկումները, անկախ դիտանկյունների տարբերությունից, հանգում են առաջնորդի անձի խնդրին: Քաղաքական դիսկուրսը հիմնականում ծավալվում է «Ո՞վ կարող է գլխավորել ընդդիմադիր պայքարը», «Ո՞վ է ի վիճակի համախմբելու հասարակությանը», «Ո՞վ կարող է փոխարինել Նիկոլ Փաշինյանին» և  նմանատիպ այլ հարցերի առաջադրման ու պատասխաններ չգտնելու կամ գտնված պատասխաններով չգոհանալու տիրույթում:

Իրականում այդ հարցերը, իհարկե, կարևոր են, որովհետև կարևոր են այն մարդու/մարդկանց անունները, ովքեր պատրաստ են պատախանատվություն ստանձնել և կանխել պետության՝ անխուսափելի թվացող կործանման ընթացքը: Մյուս կողմից, սակայն, այդ հարցադրումները՝ քաղաքականությունը, իշխանափոխությունն անձնավորելը պարզունակացնում է խնդիրը, պարզունակացնելով՝ խիստ բարդացնում է առաջադրված նպատակի իրագործումը և հեշտացնում իշխանության պայքարը հասարակական ընդվզումը քաղաքական գործընթացի վերածելու ցանկացած փորձի դեմ:

Խնդիրը հարցադրման հայեցակարգային սխալն է, որը կանխորոշում է հետագա ողջ գործընթացը և մինչև այսօր արձանագրված փաստացի անհաջողությունն իշխանափոխության գործում: Իրականում քաղաքական գործընթացը, հակաիշխանական պայքարը կարող է հաջողության հասնել ոչ թե «Ո՞վ», այլ «Ինչպե՞ս» հարցադրման ու դրա հիման վրա քաղաքականության մոդելավորման միջոցով: Առաջին հայացքից թվում է, թե այդ տարանջատումը ծիծաղելի է, եթե գտնվի «Ո՞վ» հարցի պատասխանը, ապրիորի կնշանակի, որ գտնվածը գիտի նաև «Ինչպե՞ս»-ը: Իրականում, սակայն, այդ տարբերակումը չափազանց կարևոր է մի քանի պատճառներով: Նախ՝ քաղաքականությունն անձնավորելու մոտեցումը, ամեն ինչ անհատի, լավագույն դեպքում՝ անհատների վրա կառուցելու մարտավարությունը սկզբունքորեն ավտորիտար հայեցակարգ է, որովհետև այդ դեպքում քաղաքական գործընթացի հիմքում դրվում են ոչ թե գաղափարները, արժեքները, սկզբունքները, դրանց հիման վրա կազմված ծրագիրը, այլ անհատը, որին համապատասխանեցվում է ծրագիրը: Սա սկզբունքային տարբերություն է, քանի որ միանգամայն այլ է «անհատը՝ ծրագրի համար» մոդելը և բոլորովին այլ՝ «ծրագիրը՝ անհատի համար» սխեման:

Առաջին դեպքում առաջնորդն է ծառայում ծրագրին և հանդես է գալիս որպես վերջինի իրագործող, թեկուզ և գլխավոր, մյուս պարագայում՝ գաղափարը կամ ծրագիրն է ծառայեցվում անհատին, որը, անգամ ազնվության տիպար լինելու պարագայում, միևնույն է՝ չի կարող զերծ մնալ ավտորիտարիզմից: Հետևաբար՝ Հայաստանին այսօր պետք է ոչ թե կամ ոչ միայն ու ոչ այնքան՝ առաջնորդ, որքան առաջնորդություն՝ բառի ամենաընդգրկուն, այդ թվում՝ ինքնին նաև առաջնորդի/առաջնորդների ծնունդ ենթադրող իմաստով:

Կարդացեք նաև

Հայեցակարգային այս տարբերությունները կանխորոշում են նաև ընդդիմադիր պայքարի ներքին բովանդակությունն ու բնույթը: Ընդգծված առաջնորդի հիման վրա կառուցված պայքարը, նույնիսկ ամենաանկեղծ ու գեղեցիկ դեմոկրատական կարգախոսներով, ներքնապես հակաժողովրդավարական, անձնապաշտական մոտեցում է: Եվ հակառակը՝ առաջնորդության գերակայությամբ ծավալվող պայքարը պետք է և կարող է դառնալ իրական ժողովրդավարական գործընթաց՝ երևույթի ոչ թե ձևական, այլ բովանդակային, առաջին հերթին՝ հակակշիռների ու փոխզսպումների մեխանիզմների գործարկման իմաստով:

Հայաստանի գործող իշխանությունը ձևով/ձևականորեն՝ ժողովրդավարական, բովանդակային իմաստով՝ ամբողջությամբ ավտորիտար համակարգ է՝ կառուցված Նիկոլ Փաշինյանի անձի վրա: Նրան հեռացնելու պայքարի հիմքում նույնպիսի ավտորիտար հայեցակարգի վրա հիմնվելն ի սկզբանե դատապարտված է ձախողման՝ ի թիվս այլ գործոնների նաև այն պատճառով, որ ավտորիտարիզմը պահանջում է ռեսուրսներ ու լծակներ, որոնք ունի միայն իշխանությունը: Ավտորիտար իշխանությանը գործնականում հնարավոր չէ հաղթել ավտորիտար մեթոդներով: Հետևաբար՝ հաջողության հասնելու գուցե շատ դժվար, անհամեմատ ավելի միտք ու աշխատանք պահանջող ճանապարհն իրապես ժողովրդավարական հիմքով քաղաքական պայքարն է, որում անձերը կլինեն կարևոր, այդուհանդերձ երկրորդական՝ նրանց ներկայացրած գաղափարների, արժեքների ու ծրագրերի համեմատ:

Անձնակենտրոն ընդդիմադիր պայքարը հեշտացնում է իշխանության գործը նաև այն առումով, որ գերբևեռացված ու կաղապարված հասարակությունում չափազանց դյուրին է ցանկացած անձի հաշված ժամերի ընթացքում «նախկին», «թալանչի», «կոռումպացված» և այլ հակաքարոզչական պիտակներով սևացնելը, այն դեպքում, երբ գաղափարներին, արժեքներին ու ծրագրերին այդպիսի որակումներ տալը, մեղմ ասած, ծիծաղելի կլինի:

Քաղաքական պայքարն առաջնորդության սկզբունքով կառուցելու համար կա առաջին հայացքից՝ մի հակասական, սակայն պարտադիր պայման: Հաջողության հասնելու համար բոլոր այն քաղաքական դերակատարները, ովքեր ունեն անհատական առաջնորդության հավակնություններ, նույնիսկ ամենաառողջ, պետք է հրաժարվեն դրանցից՝ հանուն հավաքական առաջնորդության, որի դեպքում իրենք կարող են հանդես գալ ոչ միայն հրամանատարների, այլ գուցե նաև զինվորների դերում:

Այս պահին դա անիրական է թվում մոտավորապես այնքան, որքան անիրական է անհատ առաջնորդի որոնումներով իշխանափոխության հասնելու սցենարը: Բայց քաղաքականությունը, ինչպես հիշեցնում է ծեծված, այդուհանդերձ իմաստ ունեցող ասացվածքը, նաև անհնարինը հնարավոր դարձնելու արվեստ է: Հատկապես Արցախի ու Հայաստանի ներկայիս պայմաններում իրավիճակը կարող է փոխվել միայն ոչ ստանդարտ, անգամ ցնորամիտ թվացող լուծումներով: Անհատական առաջնորդության հավակնությունը մինչդեռ ստանդարտ, սովորական կյանքի ճոխություն է, որից չհրաժարվելու դեպքում դրա կրողները լավագույն դեպքում կարող են մտածել համայնքային լիդերի խղճուկ կարգավիճակի մասին: Որևէ տեղ Օմսկում կամ Լոսում: Կախված այսօրվա հավակնությունները սնող աշխարհաքաղաքական քամիների նախասիրություններից:

Տեսանյութեր

Լրահոս