Բռիության սահմանագծին գտնվող հանրային հռետորաբանությունը չի զարդարում նրանց. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե՝ Զախարովայի հավաստիացումներն այն մասին, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անհեթեթություն են։ Սիմոնյանը նաեւ հայտարարել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների իրավասության տակ։
Ի պատասխան Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունների՝ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում ասել է. «Սա հանրային հռետորաբանություն է՝ շատ մոտ, գիտե՞ք, բռիությանը նմանվող մի ինչ-որ բանի, այն պարզապես չի զարդարում Հայաստանի քաղաքական գործիչներին»։
«Իսկ իմ բառերը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին նա ինչ-որ կերպ նշե՞լ է։ Եթե նրանք ցանկանում են խոսել փորձագիտական մակարդակով, լավ քաղաքական մակարդակով, ապա դրա համար կան բոլոր հնարավորությունները. մենք կապի հիանալի խողովակներ ունենք Երեւանի հետ բոլոր ուղղություններով, պետականից մինչեւ հասարակական։ Եվ այնուամենայնիվ, պետք է, ինձ թվում է… Ես հասկանում եմ, որ այնտեղ բոլորի դերերն էլ են առանձնացված՝ ով ինչ է հայտարարում եւ ով ինչպես է ասում։ Բայց եւ այնպես, ես համոզված եմ, որ դա իրավունք չի տալիս այն մարդկանց, որոնք ներկայացնում են հայ հասարակությանը, օգտագործել նման ինչ-որ արտահայտություններ, իսկ մենք դրանք վերջին ժամանակներս քիչ չենք տեսնում եւ լսում»,- ասել է Զախարովան։