Բաժիններ՝

Հեզերը

«Երանի՜ հեզերին, որովհետև Նրանք երկիրը կժառանգեն» (Մատթ. 5:5)։

Մեր այս դարում ո՞վ է հավատում այսպիսի մի խոսքի. «Երկիրը հեզերի ժառանգությունն է…»: Արդյո՞ք տեսնված բան է, որ հեզերը ժառանգեն երկիրը: Ամեն օր և մանավանդ այս օրերին երկրում ի՞նչ ենք տեսնում: Մի՞թե չենք տեսնում, որ հեզերն անդադար չարչարվում են բռնակալներից, իրենց դիրքից զրկվում և վտարվում են ավելի զորավորների ու ճարպիկների պատճառով:

Այս իրականությունը տեսնելուց հետո երկիրը հեզերին ժառանգելու խոստումը տարօրինակ չի՞ հնչում: Հասկանալի է, երբ նրանց խոստացվում է ներքին խաղաղություն, սրտի ուրախություն, Աստծու հետ հաղորդակցության երջանկություն: Բայց շատերի համար անհասկանալի է մնում, երբ խոստացվում է երկիրը, որին տիրանալու համար այդքա՜ն արյուն է թափվում և անողորմ այդքա՜ն ոճիրներ են գործվում:

Թերևս ոմանք փորձեն բնագրային «ճշտում» կատարել, և իրապես կան մի խումբ մեկնաբաններ, որոնք, ցանկանալով Ավետարանը հարմարեցնել ներկա կյանքին, մեզ ասում են, որ իբր բնագրում հիշատակվող «երկիրը» պետք է հասկանալ «երկինք»: Եվ հետևաբար Հիսուս կամենում էր մխիթարել հեզերին՝ խոստանալով, որ նրանք այսրաշխարհային կյանքից հետո մեկ այլ աշխարհ են ժառանգելու: Սակայն այս բացատրությունը ևս չի գոհացնում: Հիսուսի խոսքը հստակ է. Նա հեզերին պարզորոշ խոստանում է երկիրն իբրև ժառանգություն:

Կարդացեք նաև

«Հեզ» նշանակում է հանդարտաբարո, համբերատար, քաղցրաբարո, որ ո՛չ բռնավոր է և ո՛չ աշխարհակալ ու դեռ հակոտնյա է այդպիսիններին: Ուրեմն Հիսուս ինչո՞ւ է այսպես խոսում, ինչո՞ւ է ախորժում զարմացնել և, կարող ենք ասել, ապշահար թողնել իր ունկնդիրներին: Արդյո՞ք դա պարզապես խոսելու հատուկ եղանակ է:

Մարդ հակվում է խորհելու, որ եթե Քրիստոս մեր դարում ապրեր, եթե ներկա լիներ այժմյան զարհուրելի դեպքերին, այդպես չէր արտահայտվի: Գրեթե ամենքս էլ, շունչներս պահած ներկա աշխարհասասան դեպքերին հետևելով, այն համոզմանն ենք եկել, որ հաղթանակը «վերապահված» է զորավորներին ու հաջողակներին, իսկ հեզերին կործանում է սպասվում….

Ո՛չ, սիրելիներ, ո՛չ, Հիսուս պարզ ու միաժամանակ վսեմ այս խոսքն արտաբերեց մեծագույն բռնակալների օրոք, և հետևաբար Նա քաջատեղյակ էր արյունարբու և անհոգի բռնակալների զորությանը: Հակառակ բոլոր աննպաստ հանգամանքների՝ ես համոզված եմ, որ Հիսուս իրավունք ուներ ասելու, որ հեզերը պիտի հաղթանակեն և ժառանգեն երկիրը:

Անգլիացի հեղինակներից մեկը նկատել է, որ կենդանական աշխարհում գազաններն ու գիշատիչ թռչունները, չնայած իրենց վայրագ և ահարկու զորությանը, հետզհետե նվազում են երկրի երեսից, ու պիտի գա ժամանակ, որ պիտի բոլորովին բնաջնջվեն: Եվ ընդհակառակը, հեզ կենդանիներն են շատանում ու լցնում երկիրը կամ երկրի այն շրջանները, որտեղ կարող են ապրել:

Պատմության մեջ էլ է տեսանելի նույն երևույթը: Բոլոր կայսրությունները, բոլոր թագավորությունները, նույնիսկ ամենազորեղները, որոնք հիմնված են եղել ուժի և բռնության վրա, կործանվել ու անհետացել են: Անգամ ամենազորավոր աշխարհակալներն իրապես մնայուն որևէ բան չեն կարողացել թողնել, բացի թերևս մի քանի հիշատակարաններից և բուրգերից:

Մտաբերեք Ռամզես II-ին, Նաբուգոդոնոսորին, Ալեքսանդր Մեծին, Օգոստոս կայսրին, Նապոլեոն I-ին. կարելի՞ է ասել, որ նրանք իրապես «ժառանգել» են երկիրը: Նրանցից շատերն արդեն կենդանության օրոք տեսան իրենց երկրների կործանումը: Օրինակ՝ Նապոլեոն I-ը՝ ամենահանճարեղ ու զորավոր աշխարհակալներից մեկը՝ բարկացած և հուսահատ, ականատես եղավ իր կայսրության կործանմանը:

Օ՜հ, այս խռովահույզ ժամանակաշրջանում որքա՜ն մխիթարական է հավատալ, որ այն բոլոր իշխանություններն ու կառավարությունները, որոնք բռնակալության հետևանք են, պիտի խորտակվեն, որքան էլ զանազան միջոցներով փորձեն ապահովել և պահպանել իրենց իշխանությունը: Հարկ է գիտենալ, որ բռնակալության վրա հիմնված յուրաքանչյուր իշխանություն ենթակա է կործանման և վաղ թե ուշ ավերվելու է:

Եվ ընդհակառակը, այն իշխանությունը, որին հաջողվել է պահպանել արդարացիությունը, անհատականությունների հանդեպ հարգանքը և խղճի ազատությունը, այդպիսի իշխանությունը ամենաերկարակյացն է լինելու, եթե նույնիսկ առժամանակ հակառակը տեսնենք:

Հիսուս չէր սխալվում, երբ «երանի» էր տալիս հեզերին՝ հայտարարելով, որ նրանք պիտի ժառանգեն երկիրը: Սա ճիշտ է որքան քաղաքական ասպարեզում, նույնքան և էլ առավել հոգևոր ու բարոյական դաշտում: Եվ արդյոք ինչո՞ւ է այդպես. ահա այս կետն եմ ուզում բացատրել Ձեզ:

Նախևառաջ այն պատճառով, որ ճշմարիտ զորեղներն իրականում հեզերն են: Արդարև «հեզ» չի նշանակում թույլ, մեղկ, տկարոգի, անուժ, այլ նշանակում է արի, զորեղ և հարատևող: Հեզության մեջ ներքին հաղթանակ, իշխանություն, զսպվածություն կա, որ ինքնին մեծագույն ուժ է ենթադրում: Հաճախ եմ նկատել, որ իրականում զորեղ մարդիկ ամենաքաղցրաբարոներն են: Իսկ բոլոր նրանք, ովքեր հեզության «պակաս» ունեն, ամենատկարներն են՝ ի տարբերություն հեզաբարոների: Իրական զորավորները նրանք են, ովքեր իրենց հույզերը և ուժը զսպել գիտեն, ովքեր գիտեն «քաղցրացնել» իրենց ձայնի աստիճանն ու հանդարտեցնել եռացող արյունը: Հեզերը ուրիշներին «ջախջախելու» մեջ որևէ օգուտ չեն տեսնում, և երբ պատեհ առիթ է ներկայանում իրենց «ցուցադրելու» համար, նրանք քաղցրաբարոյության հետևում կենտրոնացած անպարտելի բարոյական ուժ են դրսևորում:

Ուրիշների վրա ներազդելու համար մարդ նախ պետք է գիտենա տեր լինել իր անձին: Հաղթանակներից առաջինը սեփական անձի հանդեպ տարած հաղթանակն է: Երբ մենք մեկ անգամ կարողանանք հաղթել ինքներս մեզ, այդուհետ դժվար չի լինի հաղթանակը տարածել մեր շուրջբոլորը: «Համբերատար մարդը լավ է հզորից, նա, ով իշխում է իր հոգուն՝ հզոր քաղաք գրավողից» (հմմտ. Առակ. 16:32):

Հին Կտակարանում կա մի անձ, որը կարող է հարացույց լինել մեզ: Այդ անձը մեծն Մովսեսն է, որն իր ժամանակակիցների և ի մասնավորի հրեա ժողովրդի վրա զգալի ազդեցություն է ունեցել: Այդ ազդեցության «պատճառը» նրա հեզությունն էր. «Մովսեսը երկրի վրա ապրող բոլոր մարդկանցից ավելի հեզ էր» (Թվ. 12:3):

Չնայած նա բնույթով բարկացկոտ մեկն էր, որը քառասուն տարեկանում բարկության նոպայի ժամանակ սպանել էր մի եգիպտացու, այլև ութսուն տարեկանում դարձյալ բարկության հետևանքով փշրել էր Օրենքի տախտակները՝ տեսնելով, որ իր ժողովուրդը, ճշմարիտ Աստծուն թողած, պաշտում է ոսկե հորթին: Այսուամենայնիվ Մովսեսը կամքի ուժով և հարատևությամբ հաղթել էր կրքոտ խառնվածքին ու իր անձի կատարյալ տերն էր դարձել՝ այդպիսով կարողանալով մեծապես ազդել նաև ուրիշների վրա:

Հեզությունը, որի մասին խոսում է Հիսուս, «ձեռքբերովի» առաքինություն է: Մարդ ի բնուստ քաղցրաբարո չէ, նա հետզհետե է այդպիսին դառնում, երբ կարողանում է հաղթանակ տանել իր անձի նկատմամբ և սեփական «ես»-ի տերը դառնալ:

Պողոս առաքյալն իր թղթերում հաճախ է հեզ լինելու պատվեր տալիս. «Որպես Աստծու ընտրյալներ, հագե՛ք, ուրեմն, հեզություն, համբերատարություն» (Կող. 3:12): «Թող ձեր հեզությունը հայտնի լինի բոլոր մարդկանց» (Փիլիպ. 4:5): «Կատարյալ խոնարհությամբ, հեզությամբ և համբերությամբ հանդուրժեցե՛ք միմյանց սիրով» (Եփես. 4:2-3): «Իսկ հոգու պտուղն այս է՝ սեր… համբերություն… հեզություն…» (Գաղ. 5:22-23):

Բարկացկոտ ու բռնակալ մարդիկ աշխարհի որևէ մասում տեղ չունեն: Եթե անգամ ճարպիկ միջոցներով նրանք որևէ դիրք, պաշտոն կամ իշխանություն ձեռք բերեն, թող վստահ լինեն՝ քանի դեռ չեն թոթափել կիրքը, ամբարտավան բռնակալությունը, այդպիսի իշխանությունը ավերվելու է: Այդպիսիք սկզբում թերևս որոշակի հաջողություններ ունենան իրենց բռնակալության և ահաբեկումի «շնորհիվ», սակայն մի փոքր ավելի ուշ վստահաբար պիտի խորտակվեն ու ջախջախվեն:

Այո՛, կարող եք վստահ լինել, որ հեզերը ժառանգելու են երկիրը, քանի որ նրանք, քաղցրաբարո լինելով, կարողանում են շահել ուրիշների համակրանքն ու զորեղանալ այդ համակրանքի շնորհիվ՝ շատերի սիրելին դառնալով և երբևէ միայնակ չմնալով: Նրանք կպարտվեին, եթե չվայելեին ուրիշների համակրանքը, իսկ այլոց համակրանքը կարելի է շահել միայն քաղցրաբարոյությամբ ու հեզությամբ: Հեզերը մշտապես պատրաստ են միմյանց օգնելու և ուրիշների հետ համագործակցելու, հանուն որի ոչ մի ջանք չեն խնայում:

Իրողությունները ցույց են տալիս, որ անկախ ու ազատ վիճակը մարդու անձնային կյանքի համար ավելի վտանգավոր է, քան ընկերակցությամբ ապրված կյանքը: Դեպքերը հաստատում են, որ մրցակցությունն ապագա չունի: Ապագան համագործակցությանն է: Որտեղ կա մրցակցություն, այնտեղ ենթադրաբար կա բռնակալություն: Համագործակցությունն անտեղիտալի ուժ է, և այն ձևավորվում է միայն հեզությամբ ու քաղցրաբարոյությամբ: Բռնապետական ոգին պիտի մարի, և նրա տեղը պիտի զբաղեցնի քաղցրաբարո ու հեզ ոգին: «Մարդը մարդու համար գայլ է» արտահայտությունը կարող է նշանաբան լինել միայն բարբարոս ազգերի համար, բայց քաղաքակիրթ ազգերի համար՝ երբեք:

Ահավասիկ Սողոսը: Որքան ժամանակ նա որպես բռնավոր մարդ էր ներկայանում, չկարողացավ «հաղթել» ոչ ոքի: Բայց ընդհակառակը, երբ հեզության մարմնացում Հիսուսից պարտվեց, այդժամ դարձավ սքանչելի Պողոս առաքյալը: Նա կարողացավ նախ իր անձը իշխել և սիրո անհուն եռանդով հեզ ու քաղցրաբարո լինել՝ այդպիսով իրապես հաղթելով աշխարհին, մեծագույն հաղթողի հիշատակ թողնելով և հոգով ժառանգելով երկիրը:

Իսկ հեզության ամենաճշմարիտ օրինակը Հիսուսի անձն է: Հիսուս, Իր անձի մասին վկայելով, ասաց. «Հեզ եմ և սրտով խոնարհ» (Մատթ. 11:29): Փրկչի ծնունդից դարեր առաջ Եսայի մարգարեն ողջունել է Նրան՝ ասելով. «Ահավասիկ Նա Իմ ծառան է, օգնական պիտի լինեմ Նրան: Շունչս կտարածեմ Իմ Ընտրյալի վրա, Որին ընդունեց Իմ հոգին, և Նա հեթանոսների դատաստանը կտեսնի: Նա չի աղաղակելու և չի վիճելու, դրսում ոչ ոք Նրա ձայնը չի լսելու, անգամ ջախջախված եղեգը Նա չի ջարդելու և առկայծող պատրույգը չի մարելու, այլ արդարությամբ դատաստան է տեսնելու: Նա պիտի ծագի և չպիտի խորտակվի, քանի դեռ երկրի վրա չի հաստատել դատաստանը. և ազգերն իրենց հույսը պիտի դնեն Նրա անվան վրա» (հմմտ. Ես. 42:1-4):

Եղիա մարգարեն ևս կանխապես ողջունել է Հիսուսին՝ իր տեսիլքում Փրկչին տեսնելով ոչ թե փոթորկի, երկրաշարժի կամ կրակի, այլ գարնանային քաղցրաշունչ սյուքի հանդարտ մրմունջի մեջ: Ձմռան բռնաշունչ հողմերն ավերներ են գործում, և ամեն ինչ թաղվում ու խորտակվում է ձմռան սառնամանիքի խորության ներքո:

Բայց ահա տեսե՛ք մայիսյան այս հեզիկ շրջանում բնության մեջ ամեն ինչ կենդանություն է ստանում: Ամենուր վերածնվում է կյանքը: Սկսվում է գարնանային տոնը: Հաղթանակում է հեզությունը:

Երանի՜ թե, բնության խոսուն և առինքնող այս տեսարաններից ազդված, ամենքս էլ՝ առաջնորդ ու առաջնորդվող, հոգևորական և աշխարհական ըստ առաքյալի պատվերի հեզությամբ զգեստավորվենք (հմմտ. Կող. 3:12) ու մեր կյանքում մշտապես հեզությամբ «ընթանանք» (Եփես. 4:2): Ամեն:

Տեր Ղևոնդ վրդԴուրյան, «Պարզ քարոզներ», Դ հատորՓարիզ, 1929 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկԿարապետյանը

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս