«Ջեյմս Ուեբ» աստղադիտակը ստացել է Messier 51 պարուրաձև գալակտիկայի միանգամայն հստակ պատկերը
Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) հրապարակել է Messier 51 (M51) պարուրաձև գալակտիկայի ապշեցուցիչ, բոլորովին նոր պատկերներ, որոնք արվել են «Ջեյմս Ուեբ» տիեզերական աստղադիտակով: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ աստղադիտակը տիեզերք է արձակվել 2021 թվականին և այժմ համատեղ շահագործվում է ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի, Եվրոպական տիեզերական գործակալության և Կանադայի տիեզերական գործակալության կողմից:
Messier 51 գալակտիկան այնքան մեծ է և այնքան պայծառ, որ նույնիսկ հսկայական հեռավորության վրա՝ Երկրից 23-31 միլիոն լուսատարի հեռու, անգամ սիրողական մակարդակի աստղագետը կարող է հեռադիտակով նշմարել գալակտիկայի պարույրները:
Սակայն «Ջեյմս Ուեբ» աստղադիտակի պատկերները միանգամայան այլ պարզություն ունեն. այս պատկերները ստացվել են աստղադիտակի երկու հզոր ինֆրակարմիր գործիքների օգնությամբ: Դրանք օգնում են աստղադիտակին ավելի խորը նայել միջգալակտիկական փոշու և գազային միգամածությունների միջով՝ տիեզերքի ավելի հստակ պատկերը ստանալու համար:
Պարբերականը հավելում է, որ M51 գալակտիկայի վերջին, ամենահստակ պատկերը ստացվել է 2005 թվականի հունվարին՝ «Հաբլ» տիեզերական աստղադիտակի միջոցով: