Բեկում, միանշանակ, լինելու է. նոր կառավարության ձևավորմանը մասնակցություն չեմ ունենա, ներկաների հեռացմանը՝ կունենամ. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Ազատության հրապարակում է՝ մասնակցում է համաժողովրդական հանրահավաքին:

168.am-ը Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ուղերձով է եկել հանրահավաքին:

«Ես իմ ուղերձը այսօր հրապարակել եմ՝ այնտեղ ամեն ինչ կա»,- ի պատասխան՝ ասաց նա:

Հարցին՝ բեկում կլինի՞, նա պատասխանեց. «Այո, իհարկե լինելու է, բեկում, միանշանակ լինելու է»:

Կարդացեք նաև

168.am-ը նախագահից նաև հետաքրքրվեց, թե հնարավոր իշխանափոխությունից հետո ի՞նչ հնարավորություններ է տեսնում, հաշվի առնելով՝ ինչպես դիվանագիտական, այնպես էլ՝ ռազմական ներուժի մսխված լինելը:

«Ամեն ինչը հնարավոր է վերականգնել»,- ի պատասխան՝ ասաց Սերժ Սարգսյանը:

Լրագրողի հարցին, թե ստեղծված իրավիճակից ի՞նչ լուծում է առաջարկում, Սերժ Սարգսյանը հարցով պատասխանեց. «Մամուլ նայո՞ւմ եք դուք, հազար անգամ ասել եմ, հիմա կրկնեմ՝ ի՞նչ ասեմ: Պետք է փոխվի Հայաստանի ղեկավարությունը, և դրանից հետո ամեն ինչ ընկնելու է իր տեղը»:

Հարցին՝ մասնակցություն կունենա՞ ենթադրյալ կառավարության ձևավորմանը, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ձևավորմանը՝ ոչ»:

– Իսկ ինչի՞ն,- հետաքրքրվեց լրագրողը:

«Հեռացմանը: Բավարարվա՞ծ եք: Դե թողեք մարդկանց հետ շփվեմ»,- պատասխանեց Երրորդ նախագահը:

 

Տեսանյութեր

Լրահոս