
Ինչո՞ւ է աշխատանքից ազատման դիմում գրել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի աջ ձեռքը

Դեռևս շուրջ 1.5 ամիս առաջ 168.am-ը գրել էր, որ զանգվածաբար դատարկվում է Կառավարության շենքը. Կառավարության քիչ թե շատ գրագետ պաշտոնյաները հրաժարվում են աշխատել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում:
Նշել էինք, որ աշխատանքից ազատման դիմումներ են գրել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնականներ Գևորգ Բարսեղյանը, Շուշաննա Կոստանյանը, վարչապետի աշխատակազմի տարբեր գրասենյակների ղեկավարներ, վարչության պետեր և մի շարք այլ աշխատակիցներ։ Ցանկը բավականին երկար է, կարելի է տեսնել հրապարակման մեջ, բայց ամբողջական չէ, որովհետև Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից գաղթը շարունակվում է:
168.am-ի տեղեկություններով՝ վերջերս աշխատանքից ազատվել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի օգնական Աշոտ Առուշանյանը, ով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ էր։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Աշոտ Առուշանյանի՝ աշխատանքից ազատման պատճառը եղել է այն, որ վերջինս չի կիսել ՔՊ-ի կողմից ներկայումս վարվող քաղաքականությունը և հեռացել է՝ բավականին ծանր մեղադրանքներ հնչեցնելով երբեմնի թիմակիցների հասցեին:
Աշոտ Առուշանյանը նաև չի ցանկացել Երևանի ավագանու ընտրություններում սատարել Տիգրան Ավինյանին։ Այս ամենը սեպ է խրել Արայիկ Հարությունյանի և Աշոտ Առուշանյանի հարաբերություններում, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ վերջինս հեռանա։
Ասվածը վկայում է այն մասին, որ գործադիր իշխանության կենտրոնական օղակից՝ վարչապետի աշխատակազմից, դուրս են գալիս նաև ՔՊ-ականները, և ներսում ներթիմային գզվռտոցն առավել ցայտուն նրբերանգներ է ստանում այնպես, որ այլևս հնարավոր չէ դա կոծկել: