Թուրքական փայաբաժինը հայկական իշխանության մեջ. սա է հիմնարար խնդիրը. Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեծ ափսոսանքով պետք է արձանագրել, որ հիմնարար խնդիրներից մեկը, որը թույլ չի տալիս Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնել (որի պատճառով Ադրբեջանը հնարավորություն է ստանում իր անցակետում ձերբակալել Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիներին, հնարավորություն է ստանում Հայաստանում տնտեսվարող սուբյեկտների (օդանավակայան, գործարան և այլն) աշխատանքը սահմանափակել և Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնել) այն է, որ 2021 թվականի փետրվարից Թուրքիան իր «փայն» ունի Հայաստանի քաղաքական համակարգում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, ու քաղաքական պայքարի պլանավորումը միշտ պիտի իրականացվի այս հանգամանքից ելնելով։

2021 թվականի փետրվարին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին, որը պետք է դառնար վերջին կաթիլը, շրջեր կշեռքի նժարը՝ Փաշինյանի հեռանալու օգտին։ Միակ տեղը, որտեղից ուղիղ աջակցություն ստացավ Նիկոլ Փաշինյանը, Թուրքիան էր, որտեղ երկրի նախագահի մակարդակով հակադրվեցին հայաստանյան գեներալներին։

Գնահատական չտալով հայ բարձրաստիճան զինվորականների հետագա գործողություններին, հարկ է նշել, որ 2021-ի արտահերթ ընտրություններն աշխարհաքաղաքական կենտրոնների համար փոխզիջումային դարձան Հայաստանում ներքաղաքական դիմակայության համատեքստում, ինչի արդյունքում 2021 թվականի փետրվարին Թուրքիայից աջակցություն ստացած Նիկոլ Փաշինյանը ամռանն արդեն մեծամասնություն ստացավ նաև ՀՀ նոր խորհրդարանում:

Չնայած մի շարք թյուր պատկերացումներին (հատկապես մոսկովյան «բարձր կաբինետներում»), ակնհայտ էր, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացներին Թուրքիայի անմիջական միջամտության շնորհիվ իշխանության մնացած Նիկոլ Փաշինյանը պետք է փոխհատուցեր Թուրքիային՝ 2021թ.-ի փետրվարին ցուցաբերած գործուն աջակցության համար։ Սակայն կա մի մեծ «բայց»…

Թուրքիան երբեք չի թաքցրել, որ Հայաստանին չի դիտարկում որպես լիարժեք պետություն, այլ ընկալում է այն որպես «Հարավային Կովկասում Ռուսաստանի կողմից արհեստականորեն ստեղծված օբյեկտ», բայց նաև գիտակցում է, որ Հայաստանի տարածքի ուղղակի գրավումը կարող է առաջացնել Իրանի և ՌԴ-ի արձագանքը, այդ իսկ պատճառով որոշել է սպասարկել իր շահերը՝ օգտագործելով Ադրբեջանին որպես իր պրոքսի ուժը։

Հենց այս պատճառով է, որ պարբերաբար հայտնվում են պաշտոնյաներ, ինչպես Անկարայից, այնպես էլ Բաքվից, որոնք հայտարարում են, որ «հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները» փոխկապակցված են։ Նման հայտարարությունների տողատակերում հստակ ասվում է, որ քանի դեռ չեն կատարվել Հայաստանի հանդեպ Բաքվի բոլոր պահանջները (իրականում, Թուրքիայի պահանջները, որոնք, ըստ թուրքական գնահատականների՝ կհանգեցնեն հայկական պետականության կազմալուծմանը), պաշտոնական Անկարան «չի բարելավի» հարաբերությունները Երևանի հետ»։

Բայց որո՞նք են այդ պահանջները, որոնք, ըստ Անկարայի գնահատականների՝ կհանգեցնեն հայկական պետականության կազմալուծմանը։ Դա «Արցախի կարգավիճակի վերաբերյալ ակնկալիքների նշաձողի» սկզբնական իջեցումն է՝ հետագայում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը, Ռուսաստանի գլխավորած ռազմաքաղաքական դաշինքում անդամակցելուց հրաժարվելը, Իրանի հետ հարաբերությունների սառեցումը՝ Իրանի հետ ընդհանուր սահմանի հետագա կորստով։ Սա հենց այն է, ինչը կասկածի տակ կդնի ժամանակակից Հայաստանի սահմանների լեգիտիմությունը։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե «հայկական պետականությունն ունի ցիկլեր, որոնք ավարտվում են պետականության կորստով», ցույց է տալիս, որ նա հասկանում է, թե Անկարայի պահանջներն ուր են տանում։

Վերոնշյալի համատեքստում անհավանական է թվում, որ Հայաստանում ավելի շատ խոսում են ադրբեջանական անցակետում անձանց առևանգման կամ Հայաստանում և Թուրքիայում իշխող կուսակցությունների նախընտրական կարգախոսների նույնական լինելու մասին, քան այս ամենի մասին: Այն վտանգի մասին, որը կախված է մեր գլխին, և որը կարելի է անվանել «թուրքական փայաբաժինը հայկական իշխանության մեջ»։

Արցախը դեռ կանգուն է, ինչը նշանակում է, որ հայկական ռեսուրսներով «թուրքական փայաբաժինը» դեռ կարելի է հանել (իհարկե, ոչ առանց ռազմավարական դաշնակցի և բնական գործընկերոջ «ֆոնային» օգնության), բայց եթե Արցախն ընկնի, ապա «թուրքական փայաբաժինը» կվերածվի «վերահսկիչ փաթեթի», և նման պայմաններում Հայաստանի (հենց Հայաստանի, այլ ոչ միայն Արցախի) բնակիչները կբախվեն աֆղանցիների ճակատագրին՝ կփորձեն խցկվելով օդանավի մեջ փախնեն երկրկից։ Եվ եթե այս սցենարն անհավանական է թվում, ապա հարցրեք ինքներդ ձեզ՝ 4 տարի առաջ հավանակա՞ն էր թվում, որ Շուշիի և Հադրութի նկատմամբ կլինի ադրբեջանական վերահսկողություն, Արցախի հայերը սովամահ կլինեն ադրբեջանական շրջափակման պայմաններում, իսկ Բաքուն կկարողանա ազդել Հայաստանի տնտեսական կյանքի վրա՝ կրակելով Հայաստանի տարածքում կառուցվող գործարանի վրա, ինչպես նաև պահանջելով դադարեցնել հանքարդյունաբերական աշխատանքները»։

Տեսանյութեր

Լրահոս