«Արցախում կատարվողը մեզ սպասվող սարսափ ֆիլմի թիզեր-թրեյլերն է. մի ելք կա». Քրիստինե Վարդանյան
«120 հազար բնակչություն ունեցող փոքրիկ Արցախը փոխում է տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի խաղաքարտերը, այդ 120 հազար մարդիկ իրենց կյանքի գնով, ազատ տեղաշարժի տոտալ սահմանափակման, սովի եզրին դիմադրում են Ադրբեջանին ու նրա դաշնակիցներին, դրանով փոխում նրանց ծրագրերը: 44-օրյա պատերազմից հետո, նաև պայմանավորված Հայաստանի ղեկավարների հետ ունեցած հարաբերություններով և դիմադրության իսպառ բացակայությամբ, Ադրբեջանը չէր ենթադրում, որ կարող է որևէ տեղ հանդիպել դիմադրության, այն էլ՝ այսպիսի դիմադրության»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Պատգամավորի խոսքով՝ Արցախը փաստացի ասում է՝ մահ կամ ազատություն. «Արցախը ասում է, որ իր եղբորը, իր զավակին սպանողից չի կարող օգնություն վերցնել, որովհետև դա միայն նրա համար է, որ հիմա Ադրբեջանն աշխարհի աչքը փակի, հետո անտեսանելի պայմաններում շարունակի ցեղասպանել, կա միայն մի միջանցք՝ աշխարհի հետ կապվելու, և դա Լաչինի միջանցքն է: Ադրբեջանն էլ պարտավորվել է այդ միջանցքը բաց պահել նոյեմբերի 9-ի փաստաթղթով: Ինչպե՞ս է Ադրբեջանը Հայաստանի ղեկավարության հետ փակ պահում Լաչինի միջանցքը ու ստիպում, որպեսզի Արցախն Աղդամով օգնություն ստանա. Հայաստանի ձեռքերը լվանալով, Հայաստանի՝ իր անվտանգության երաշխավոր լինելու պարտականությունները որևէ կերպ չկատարելով և Արցախի հաշվին զիջումների գնալով, այսինքն՝ հակադրելով Արցախը Հայաստանին: Այսպիսով ստացվում է, որ Արցախն իսկապես միայնակ մնացած կռվում է իր ու մեզ համար»:
Դիտարկմանը՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ էր ասում, որ իրենց միայնակ են թողել, նա արձագանքեց. «Արայիկ Հարությունյանին իր գործընկեր Նիկոլ Փաշինյանն է միայնակ թողել: Հայ ժողովուրդը որևէ մեկին մանդատ և իրավունք չի տվել, որ Հայաստանի որևէ ղեկավար կարող է ձեռքերը լվանալ Արցախից: Շուշիի և Քարվաճառի հանձնումով ոչ թե ավարտվեց, այլ սկսվեց ադրբեջանական առաջխաղացման հերթական փուլը: Եթե Արցախն ընկնի, այդ առաջխաղացումը նոր թափ է ստանալու: Արցախի ընկնելը ոչ թե նոր պատերազմն է կանխելու, այլ բերելու է նոր պատերազմ՝ Հայաստանի և հայերի համար ավելի վատ դիրքերից: Մեր ընտրությունը պատերազմի և խաղաղության միջև չէ, մեր ընտրությունը փրկության և ցեղասպանության միջև է: Այն, ինչ այսօր տեսնում ենք Արցախում, մեզ սպասվող սարսափ ֆիլմի թիզեր-թրեյլերն է: Դա ընդամենը նախաբանն է այն սարսափի, որը կարող է լինել մեզ հետ, բայց կարող է և չլինել, եթե մենք կարողանանք փոփոխություններ բերել»:
Անդրադառնալով սեպտեմբերի 2-ին սպասվող հանրահավաքին, նա նշեց, որ այդ օրը աշխարհասփյուռ հայ ժողովուրդն իր դիրքորոշումն է արտահայտելու առ այն, որ ինքն Արցախի կողքին է, և այսօր Հայաստանում իշխանություն զբաղեցնողները չեն արտահայտում հավաքական հայ ժողովրդի տեսակետը:
«Եթե մենք ցույց չենք տալիս, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր պայքարը չեն դադարեցրել, չեն հուսալքվել, փաստացիորեն համաձայնում ենք այն ամենին, ինչ անում են գործող իշխանությունները, և այլևս դաշնակիցներ չենք ունենա մեր պայքարի համար: Որպեսզի մի օր այդ դաշնակցայնությունն արտահայտվի, որպեսզի մի օր կարողանանք ունենալ իրավիճակ, որը կփոխի ՀՀ-ում իշխանություն, մենք պետք է հիմա առնվազն ասենք, որ հաշտ չենք կատարվողի հետ, որովհետև դուռը բացվում է միայն պայքարողի համար: Սեպտեմբերի 2-ը մասն է գործողությունների շարքի, որն աշխարհին լսելի է դարձնում մի ուղերձ՝ Հայաստանում կա պարտությանն այլընտրանքային տեսակետ, Հայաստանը և հայ հասարակությունը զանգվածային աջակցություն չի ցուցաբերում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը»,- ասաց նա:
Ըստ նրա՝ իրականությունը մի ելք է թողել՝ փոխել Հայաստանի իշխանություններին, որպեսզի կարողանանք ապրել. «Իրենց մնալը նշանակում է Հայաստանի և ազգային ուժերի մահ: Իրենք կենսական սպառնալիք են Հայաստանի ազգային ուժերի, հայ մարդու համար»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում