Մեզ համար կարևոր է «Ճանաչում՝ հանուն փրկության» թեզի իրագործումը. Դավիթ Իշխանյան
Արցախի Հանրապետության ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանի խոսքով՝ Արցախի արտաքին քաղաքականության ընդհանուր, կարևոր բաղադրիչն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է։
«Մենք գիտենք, թե անցած 30 տարիների ընթացքում այդ ուղղությամբ ինչպիսի աշխատանքներ են տարվել։ Տարբեր երկրների նահանգների մակարդակով տեղի է ունեցել ճանաչման գործընթաց։ Հաշվի առնելով այսօրվա մեր իրավիճակը և հաշվի առնելով մեր հնարավորությունները, բնականաբար, շատ դժվար է կանխատեսել, թե ինչպիսի հաջողություններ կարող ենք մենք արձանագրել։ Եթե մենք խոսում ենք ճանաչման գործընթացի մասին, ապա այսօր մենք ունենք մի շատ պարզ, միջազգային պրակտիկայում կիրառված՝ «ճանաչում՝ հանուն փրկության» հասկացողությունը, որը կիրառվել է Կոսովոյի պարագայում, կարելի է կիրառել նաև մեր պարագայում։ Մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը, և ոչ միայն՝ քաղաքական բոլոր պատնեշները մեր դեմ կառուցելու, այլև բոլոր քայլերը ձեռնարկելու է՝ մեզ զրկելու այդ հնարավորությունից։ Մեզ համար կարևոր են ասիմետրիկ քայլերը, իսկ այդ ասիմետրիկ քայլերի մեջ «ճանաչում՝ հանուն փրկության» թեզի իրականացումն է, որը վերջին շրջանում դարձել է քննարկման նյութ»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դավիթ Իշխանյանը։
Այս համատեքստում նա հիշեցրեց, որ դեռևս հունիսին Արցախի ԱԺ-ն ուղերձ էր ընդունել՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ու ՄԱԿ անդամ բոլոր երկրներին՝ կոչ անելով ճանաչել Արցախը։
«Մենք հիմա այդ գործընթացի մեջ ենք, զուտ տեխնիկական առումով բոլոր երկրներին ուղղակի հասցնելու, իրազեկելու, նաև մեր պահանջը ներկայացնելու՝ ճանաչման գործընթացի հետ կապված։ Բավականին բարդ է այդ ամենը որպես իրականություն այսօր տեսնելը, սակայն մենք չպետք է հրաժարվենք այդ գաղափարից՝ հաշվի առնելով համապատասխան քաղաքական պայմանների անհրաժեշտությունը»,- եզրափակեց Դավիթ Իշխանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում