Հեռուստատեսությունը հսկայական վնաս է պատճառել մարդկանց
– Հա՛յր, այժմ հաղորդակցության այնպիսի միջոցներ գոյություն ունեն, որոնց օգնությամբ կարող ես հետևել, թե նույն պահին ինչ է տեղի ունենում աշխարհի մյուս ծայրում:
– Մարդիկ ամբողջ աշխարհը տեսնում են, միայն իրենց չեն տեսնում: Աստված չէ, որ ոչնչացնում է մարդկանց, ո՛չ, այդ իրենք են սեփական ուղեղով իրենց ոչնչացնում:
– Հա՛յր, հեռուստատեսությունը շատ չարիք է բերում:
– «Շատ չարիք»… Ինչի՜ մասին ես խոսում… Մի մարդ ինձ ասաց. «Հեռուստացույցը լավ բան է, հա՛յր սուրբ»: «Հավկիթներն էլ են լավը,- պատասխանեցի,- բայց եթե դրանք հավի ծերտի հետ խառնես, այլևս պիտանի չեն լինի»: Հենց դա է տեղի ունենում հեռուստատեսության ու ռադիոյի հետ: Այսօր, երբ մարդ ռադիո է միացնում, որպեսզի լուրեր լսի, պետք է համակերպվի այն փաստի հետ, որ լուրերից բացի ստիպված կլինի որևէ երգ էլ լսել: Լուրերը կսկսեն անմիջապես այդ երգից հետո: Իսկ նախկինում այդպես չէր: Առաջ հայտնի էր, թե որ ժամին են ռադիոյով լուրեր հաղորդելու: Մարդը սահմանված ժամին միացնում էր ռադիոընդունիչն ու վերջին լուրերը լսում: Իսկ հիմա ստիպված երգն էլ ես լսում, որովհետև, եթե դրա պատճառով ռադիոն անջատես, ապա լուրերն էլ բաց կթողնես:
Հեռուստատեսությունը մարդկանց հսկայական վնաս է պատճառել: Այն հատկապես կործանարար ազդեցություն է գործում երեխաների վրա: Մի անգամ մի յոթնամյա տղա եկավ իմ խուց իր հոր հետ: Ես տեսա, թե հեռուստատեսային դևն ինչպես է երեխայի շուրթերով հաղորդում, ճիշտ այնպես, ինչպես դիվահարների շուրթերով դևը խոսում է: Նույնն է, թե նորածինն ատամներով ծնվի: Այսօր հազվադեպ կտեսնես նորմալ երեխաների՝ նրանք հրեշների են վերածվել: Երեխաներն իրենց գլուխները չեն աշխատեցնում, այլ ուղղակի իրենց տեսածն ու լսածն են կրկնում: Ոմանք այդ կերպ՝ հեռուստատեսության միջոցով, ցանկանում են աշխարհն ապուշացնել: Այսինքն (ըստ նրանց մտահղացման)՝ մյուսները պետք է հավատան այն ամենին ինչ (հեռուստացույցով) լսել են ու ըստ դրա գործեն:
– Հա՛յր, որոշ մայրեր մեզ հարցնում են, թե երեխաներին ինչպես հետ վարժեցնեն հեռուստացույցից:
– Թող իրենց երեխաներին բացատրեն, որ հեռուստացույց նայելով նրանք կբթանան, մտածելու ունակությունը կկորցնեն: Էլ չեմ խոսում այն մասին, որ հեռուստացույցը վնասում է նրանց տեսողությանը: Այն հեռուստատեսությունը, որի մասին այժմ խոսում ենք, մարդկային ստեղծագործություն է: Բայց չէ՞ որ ուրիշն էլ կա՝ հոգևոր հեռուստատեսությունը: Երբ ներսից հին մարդուն հեռացնելով՝ քրիստոնյայի հոգևոր աչքերը պարզվում են, նա առանց տեխնիկական միջոցների էլ է հեռավորության վրա տեսնում: Այդպիսի «հեռուստատեսության» մասին մայրիկներն իրենց զավակներին չե՞ն պատմել: Այդ հոգևոր «հեռուստատեսությունն» է պետք երեխաներին բացատրել, հասկացնել: Իսկ «արկղի» առաջ նստելով՝ երեխաներն ուղղակի կբթանան: Նախամարդիկ խորաթափանցության շնորհն ունեին, որ կորցրին մեղսագործությունից հետո: Եթե երեխաները սուրբ Մկրտության ժամանակ ստացած շնորհները պահպանեն, ապա իրենք էլ խորաթափանցության՝ հոգևոր հեռուստատեսության շնորհը կունենան: Պետք է ուշադիր լինել ու հոգևոր առումով ջանք թափել: Այժմյան մայրերն իրենք են անօգուտ բաներով իրենց կործանում, իսկ հետո սկսում են բողոքել. «Ի՞նչ անեմ, հա՛յր: Ախր կորցնում եմ երեխայիս…»:
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը