Հունգարիայի նախագահը փոփոխություններ է կանխատեսել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում
Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը ուկրաինական հակամարտության կարգավորման մոտալուտ փոփոխություններ է կանխատեսել։ Ինչպես տեղեկացնում է «Lenta.ru»-ն, այդ մասին Հունգարիայի նախագահը հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպումից հետո։
«Կիևում ես երկար, ուղիղ զրույց ունեցա Զելենսկու հետ, և կարծում եմ, որ ժամանակն է խոսել այն մասին, թե ինչպես կառուցել խաղաղություն։ Ես լիովին համաձայն եմ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, նույնիսկ եթե չեմ կարող այս պահին հրապարակային հայտարարություն անել կոնկրետ ծրագրի գոյության մասին»,- ասել է Նովակը։
Հունգարիայի ղեկավարը նաև հույս է հայտնել, որ Հռոմի պապը առանցքային դեր կխաղա խաղաղ բանակցություններում։ Բացի այդ, նա կարևոր կետ է անվանել այն, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցերով Պապի բանագնաց Մատեո Զուպին արդեն այցելել է Մոսկվա, Կիև և Վաշինգտոն, բանակցություններ է վարել առանցքային դեմքերի հետ։