Ովքե՞ր են անցանկալի անձինք ՀՀ դե ֆակտո իշխանությունների համար. «Հայկական ալիք»
ՀՀ դե ֆակտո իշխանությունների համար անցանկալի մարդկանց ցուցակը շարունակում է ընդլայնվել։ Այս անգամ թիրախը Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովն էր։
Վերջին մեկուկես տարվա ընթացքում սա արդեն 10-րդ անձն է, ում արգելում են մուտք գործել Հայաստան քաղաքական հայացքների պատճառով։ Ժողովրդավարությունը դրոշակ դարձրած իշխանությունները, իրենց խամաճիկ ԱԱԾ-ի օգնությամբ, ապօրինի արշավ են սկսել արտերկրում հանրահավաքների և խոսքի ազատության իրենց իրավունքն իրացնող մեր հայրենակիցների դեմ։ Նայելով «անցանկալի անձանց» ցուցակին՝ կարելի է նկատել հստակ օրինաչափություն․ այն լիովին տեղավորվում է ներկայիս դե ֆակտո իշխանությունների ապազգային, թուրքամետ, և հակառուսական ուղեգծի մեջ։
Վերջին տարիներին Սփյուռքը և հայամետ գործիչներին թիրախավորում են մեկ թուրք-ադրբեջանական տանդեմը, մեկ ՀՀ դե ֆակտո իշխանությունները։ Ոչ պատահականորեն ցուցակում տեղ գտած անձանցից ոմանք մուտքն արգելված է նաև Թուրքիա և Ադրբեջան։ Ազգային գործիչներին թիրախավորելու փաշինյանական այս արշավը նպատակ է հետապնդում վարկաբեկելու Ռուսաստանը, թուանվորել հայ-ռուսական հարաբերությունները և օտարելու Հայոց պահանջատիրության դրոշակակիր Սփյուռքը մայր հայրենիքից։
«Հայկական ալիք»-ը ներկայացնում է վերջին մեկուկես տարում ՀՀ դե ֆակտո իշխանությունները կողմից անցանկալի հայտարարված անձանց ցուցակը։
Մուրադ Փափազյան
2022թ․-ի հուլիսի 13-ին արգելվեց Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։ Մուրադ Փափազյանը տարիներ շարունակ զբաղվել է Սփյուռքում Հայոց ցեղասպանության և Արցախի միջազգային ճանաչման հարցով: Հատկանշական է, որ Մուրադ Փափազյանի մուտքը արգելված է Թուրքիա, Ադրբեջան և Հայաստան։
Մասիս Աբրահամյան
2022թ․-ի օգոստոսի 1-ին «պերսոնա նոն գրատա» հայտարարվեց Նիդեռլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Մասիս Աբրահամյանը, որի մուտքը Հայաստան արգելվել էր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը․«Նրա մուտքը Հայրենիք արգելված է, և այժմ պարոն Աբրահամյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի տրանզիտային հատվածում։ Պարոն Աբրահամյանին անձամբ եմ ճանաչում. նա մեծապես օգնել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը 2016-2018 թվականներին, երբ այդ կառույցը ղեկավարում էի ես» :
Սյունե Աբրահամյան
2022թ․-ի հուլիսի 31-ին ՀՅԴ Նիդեռլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանը գրառմամբ «Զվարթնոց» օդանավակայանից տեղեկացրել էր, որ իրեն արգելել են հայրենիք մուտք գործել՝ պատճառաբանությամբ, թե անցանկալի անձ է։ Սյունեն գալիս էր Հայաստան՝ մասնակցելու Սյունիքում կամավորական ճամբարներին։ Սյունե Աբրահամյանը հայրենիք մուտքի արգելքը պայմանավորեց իր քաղաքական հայացքներով։
Նժդեհ Գարագավորյան
2023թ․-ի հունվարի 29-ին արգելվել է Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանը։ Նժդեհը պետք է ժամաներ հայրենիք` փետրավարի 6-10 Սյունիքում տեղի ունենալիք ՀՅԴ Երիտասարդական համաշխարհային համագումարին մասնակցելու։
Ասլան Ասլանյան
2023թ․-ի հուլիսի 20-ին հայտնի դարձավ, որ արգելվել է նիդեռլանդահայ դաշնակցական Ասլան Ասլանյանի մուտքը Հայաստան։ Նա Հայաստան էր եկել ընտանիքով, ՀՄԸՄ համահայկական բանակումին մասնակցելիք որդու, մի քանի այլ սկաուտների հետ։ Վերջինս Հոլանդիայում ակտիվորեն մասնակցել է ՀՀ դե ֆակտո իշխանությունների, Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ կազմակերպված ցույցերին։
Արենի Մարկոսյան
2023թ․-ի օգոստոսի 2-ին «Զվարթնոց» օդանավակայանում Լիբանանից Հայաստան ժամանած ԱՄՆ քաղաքացի Արենի Մարկոսյանի մուտքն արգելվել է։ Արենին Դաշնակցության երիտասարդական միության Վաշինգտոնի մասնաճյուղի անդամ է: Հատկապես վերջին երեք տարում սփյուռքահայ երիտասարդը ԱՄՆ-ում ՀՀ-ի և Ադրբեջանի դեսպանատների մոտ կազմակերպված ոչ մի բողոքի ակցիա բաց չի թողել. իր վրոդվմունքի ձայնն է բարձրացրել Նիկոլ Փաշինյանի հանձնվողական քաղաքականության դեմ:
Կոնստանտին Զատուլին
2022թ․-ի հոկտեմբերի 25-ին ՀՀ դե-ֆակտո իշխանությունները արգելել են ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն։
Վերջինիս էլեկտրոնային հասցեին ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչության կողմից ուղարկված նամակում նշվում է, որ Զատուլինի «հանրային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև ընկերական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»։
Դե-ֆակտո վարչապետի ընտանեկան թերթ «Հայկական ժամանակը» որպես Զատուլինի մուտքի արգելքի պատճառ նշում էր Փաշինյանին քննադատելը, վերջինիս ՀՀ սուվերեն տարածքով «միջանցք» ստորագրելու մեջ մեղադրելը և նրա հրաժարականը պահանջելը։
Մարգարիտա Սիմոնյան
2022թ․-ի հոկտեմբերի 26-ին RT հեռուստաընկերության և Россия сегодня գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, իր տելեգրամյան ալիքում կատարած գրառման մեջ քննադատելով Զատուլինի մուտքի արգելքը, հայտնեց, իր մուտքը Հայաստան նույնպես արգելվել է:
Արամ Գաբրիելյանով
2023թ․-ի մարտի 7-ին արգելվեց Ռուսաստանում բնակվող հայազգի, արմատներով արցախցի ամենահայտնի լրագրողներից և մեդիամենեջերներից Արամ Գաբրիելյանովի մուտքը Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանից նրան թույլ չեն տվել մուտք գործել հայրենիք՝ պարզաբանելով, որ անցանկալի անձ է Հայաստանում։
«Նյուզ Մեդիա» հոլդինգի տնօրեն Արամ Գաբրելյանովը Հայաստան էր գալիս մեկ օրով՝ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանի հրավերով՝ լրագրողական վարպետության հատուկ դասընթացներին դասախոսությամբ հանդես գալու։ Արամ Գաբրիելյանովը քննադատաբար է վերաբերվում Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը՝ հիմնականում Լեռնային Ղարաբաղի հարցում, և հաճախ է բարձրաձայնում իր կարծիքը։
Վիկտոր Կրիվոպուսկով
Եվ, վերջապես, 2023թ․ օգոստոսի 24-ին Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել հատել ՀՀ սահմանը։
2009–2013 թթ նա եղել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդականը: Կրիվոպուսկովը Արցախի հարցում իր հայանպաստ դիրքորոշմամբ և Բաքվի քաղաքականության և նրա կողմից պատմական փաստերի խեղաթյուրման նկատմամբ իր բացասական վերաբերմունքով։ Կրիվոպուսկովի մուտքը Ադրբեջան արգելված է դեռ խորհրդային ժամանակներից, երբ վերջինս հեղինակել է «Мятежный Карабах» գիրքը։