«ԱԱԾ-ն պետք է անհապաղ ձերբակալի Փաշինյանին. տգիտությունը չի ազատում պատասխանատվությունից». Էդգար Ղազարյան
Մինչ Արցախում իրավիճակը ծայրահեղ ծանր է, Ադրբեջանը տոտալ շրջափակման մեջ է պահում Արցախի մեր հայրենակիցներին, կրակում Հայաստանի վրա, որի արդյունքում մենք շարունակում ենք զոհեր ունենալ, Նիկոլ Փաշինյանը դարձյալ խոսում է խաղաղության օրակարգի մասին՝ Հայաստանի անկախության հռչակագրի 33-րդ տարեդարձի առիթով իր ուղերձում նշելով, որ իրենց կառավարության որդեգրած խաղաղության օրակարգն անկախության օրակարգն է, որովհետև եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն:
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը տգետ է, քանի որ չի պատկերացնում՝ ի՞նչ է պետությունը, ինչպե՞ս է կազմավորվել, ո՞րն է քաղաքական կուսակցությունների, քաղաքական գործիչների դերը պետական իշխանության համակարգում, ի՞նչ է Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը:
«Եթե նա այս ամենը չի պատկերացնում, դա տգիտություն է, իսկ եթե պատկերացնում է, բայց ջանքեր է գործադրում պետությունը քայքայելու, քանդելու համար, դա քրեական հանցագործություն է: Այսինքն՝ եթե հիմա իրավական պետությունում մենք ապրեինք, մեր հարցազրույցը պետք է սկսվեր հետևյալ հարցով՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Նիկոլ Փաշինյանի ձերբակալության փաստը: ԱԱԾ-ն պետք է անհապաղ ձերբակալի մարդուն, որը պետության, նրա սահմանադրական կարգի, ինքնիշխանության, անվտանգության դեմ հանցանք է գործում: Դա մեր «Քրեական օրենսգրքով» նկարագրված հանցագործություն է: Անգամ տգիտությունը չի ազատում իրեն հանցանքից և պատասխանատվությունից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Էդգար Ղազարյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ դրվագներով է խոսել մեր պետության ոչնչացման, պետականության կորստի հնարավորության մասին. «ՄԱԿ-ի ստեղծումից հետո այդ կազմակերպության անդամ պետությունների թիվն ավելացել է, որովհետև աշխարհում պետությունների քանակն ավելացել է, բայց ոչ մի պետություն չի վերացել: Միակ դեպքը, երբ կազմավորված պետությունը վերանում է, կարող է լինել Հայաստանը, և դրա ամբողջ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի վրա է, նա է կործանում մեր պետականությունը: Մեր երկրի անկախության գործընթացը սկսվել է 33 տարի առաջ այս օրը: Մեր պետությունն իր անկախության ճանապարհը կերտել է ռազմական հակամարտության մեջ ներքաշվելով՝ ոչ մեր կամքով, մենք երբեք չենք ձգտել պատերազմի, մեր պետության դեմ է եղել ագրեսիա՝ անկախության կազմավորման շրջանում, ուղղակի մեր ժողովրդին հաջողվել է միասնական պայքարի արդյունքում ամրապնդել իրենց ուժերը, համախմբել ողջ հայության ուժերը, դիմակայել այդ փորձություններին, ազատագրել մեր հայրենիքը և հաստատել անկախություն՝ մինչև ադրբեջանաթուրքական հեղափոխություն, մինչև այդ ողբերգությունը, որ 2018թ. եղավ մեր ժողովրդի կյանքում:
Հիմա պատերազմի վտանգից, պետության կորստի վտանգից ազատվելու, սպառնալիքները չեզոքացնելու մի ձև գոյություն ունի՝ այդ աղետը մեր ժողովրդի առաջ ստեղծած և պահպանող հանցախմբին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ոչ միայն վռնդել իշխանությունից, այլև պատժի և պատասխանատվության արժանացնել: Սա է փրկության միակ ձևը: Ինչքան ինքը մնաց իշխանության ղեկին, այնքան պատերազմի վտանգ է լինելու, այնքան մեր ժողովրդի զավակներն են զոհվելու»:
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձն անմտություն է. «Նա անմիտ-անմիտ դուրս է տալիս: Մի հատ եկեք հասկանանք՝ ասողն ո՞վ է: Ոնց որ ախուրյանցի Անոն մի տեղ ելույթ ունենա և Անկախության հռչակագրի հետ կապված իր պատկերացումները ներկայացնի, մենք էլ նստենք քննարկենք: Ի՞նչ տարբերություն՝ ախուրյանցի Անո՞ն, թե՞ իջևանցի Նիկոլը. ո՛չ առանձնապես ինտելեկտուալ տարբերություն կա, ո՛չ դաստիարակությունն է տարբեր, ո՛չ փորձառությունը: Հիմա ի՞նչ կապ ունի, թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը: Նա ընդամենը որպես վարչապետ՝ կարդացել է երդման տեքստը, որով պարտավորվում է հարգել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները: Ես որ նշանակվել էի Վայոց ձորի մարզպետ, ոչ թե պետք է ցնդաբանություններ դուրս տայի մեր երկրի Անկախության հռչակագրի և Սահմանադրության վերաբերյալ, այլ բարեխղճորեն կատարեի օրենքով և Սահմանադրությամբ իմ լիազորությունները, դրա շրջանակներում որակյալ հանրային ծառայություններ մատուցեի ժողովրդին: Դա է հանրային ծառայողի, պաշտոնյայի պարտավորությունը, ոչ թե գա ցնդաբանություններ դուրս տա, իր անմիտ մեկնաբանությունները ներկայացնի մեր պետության հիմնադիր փաստաթղթի վերաբերյալ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում