Ողջունում եմ ՀՀ որոշումը՝ իր տարածքում ընդունել ԵՄ դիտորդական առաքելությունը. Բելգիայի ԱԳ նախարար

Բելգիայի Թագավորության արտգործնախարար Հաջա Լահբիբը ժամանել է Հայաստան, նրան դիմավորել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Նախարարների առանձնազրույցին հաջորդել է հանդիպումը լրագրողների հետ:

«Բելգիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության կապակցությամբ, և  հստակորեն ասում եմ՝ այս պատմական հակամարտությունից դուրս գալու միակ ճանապարհը բանակցությունների ու կոմպրոմիսների ճանապարհն է»,- Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ  հայտարարեց Հաջա Լահբիբը:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի 2023թ. կազմակերպած հանդիպումների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները դրական առաջընթաց համարելով՝ նա կարևորեց երկու երկրների ղեկավարների կողմից երկրների սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը հաստատելու հանգամանքը, ապա ողջունեց Նիկոլ Փաշինյանի համարձակ հայտարարություններն այս առնչությամբ:

«Յուրաքանչյուր պետության պարտավորությունն է իր բնակչության իրավունքը պահպանել. հայ բնակչության իրավունքն ու անվտանգությունը պե՛տք է պահպանվի, և ես իմ ադրբեջանցի գործընկերոջը կհիշեցնեմ այդ մասին:

Կարդացեք նաև

Բրյուսելում կայացած վերջին բանակցությունները ցույց տվեցին, որ խաղաղության համաձայնագիրը մոտ է:

Նոր խորհրդակցություններ պետք է տեղի ունենան Բրյուսելում, ինչպես նաև՝ Երևանում և Բաքվում, և մենք հուսով ենք, որ դրանք պատմական շրջադարձի կհասնեն, և դրան հասնելու համար կարող եք ձեր հույսը դնել Եվրամիության վրա»,- հավելեց Լահբիբը՝ ողջունելով նաև այս դժվարին համատեքստում Հայաստանի որոշումը՝ իր տարածքում Եվրամիության դիտորդական առաքելությանն ընդունելու հարցով:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս