Դավադիր քաոսի կազմակերպիչներն ու նպատակները
Վաղն առավոտյան, ժամը 11:00-ին Արցախում աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրվել նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, որին մասնակցելու են նույն Արայիկ Հարությունյանի կողմից ստեղծված Արցախի աշխարհազոր կոչված կառույցի հրամանատար Կարեն Մաթևոսյանը, «Քաշաթաղի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» նախաձեռնող խմբի անդամ Արթուր Օսիպյանը, Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը, միգուցե նաև Սամվել Բաբայանը և իշխանամերձ այլ շրջանակներ:
Ի դեպ, այսօր Արցախի աշխարհազոր կոչված կառույցի հրամանատար Կարեն Մաթևոսյանը, որը տեսաուղերձ էր հրապարակել ֆեյսբուքում` հոխորտալով և սադրիչ հայտարարություններ անելով` պահանջ էր ներկայացրել, որպեսզի հրատապ աշխատանքային խորհրդակցություն հրավիրվի, բոլորը հավաքվեն Արցախի նախագահի շուրջ:
Պրիմիտիվ սցենարի համաձայն` Արայիկ Հարությունյանը, ականջալուր լինելով` անմիջապես հրավիրում է այդ նիստը` իր շուրջ:
Նույն այդ Կարեն Մաթևոսյանը հայտարարել էր, որ «Արցախի աշխարհազորը ձևավորվել է 44-օրյա պատերազմից հետո մի խումբ մարդկանց կողմից գիտակցաբար՝ հաշվի առնելով Արցախի բնակչության անվտանգության բոլոր սպառնալիքները, ինչպես Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ագրեսիվ քաղաքականությունը, այնպես էլ այն վտանգները, որոնք բխում են Արցախի ռազմաքաղաքական, հասարակական-քաղաքական վերնախավին համախմբելու անկարողությունից, ժողովրդի ապագա ճակատագրի վերաբերյալ ճիշտ որոշում կայացնելու անկարողությունից։ Աշխարհազորը ստեղծվել է մեկ նպատակով՝ պաշտպանել մեր ժողովրդին, մեր ընտանիքներին ոչնչացման սպառնալիքից»,-հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ արդեն քանի օր է` խիստ լարված է Արցախում ներքաղաքական իրավիճակը: Ակնհայտ է` իրավիճակի լարումը հրահրվում է հենց Արայիկ Հարությունյանի կողմից` կոնկրետ նպատակներով:
Նախ, օրեր առաջ Արայիկ Հարությունյանն ինքը տեղեկություն տարածեց, թե պատրաստվում է հրաժարական տալ նախագահի պաշտոնից, ապա նույն ինքը սկսեց հերքել և ստահոդ տեղեկություններ տարածել իբր իր հրաժարականի մասին ոչ հավաստի տեղեկությունները շրջանառողների դեմ: Ապա հայտարարվեց` Արայիկ Հարությունյանը հեռանալ չի պատրասվում:
Այնուհետև նրա կուսակցությունը զավեշտալի հայտարարություն տարածեց, թե նրա հրաժարականի դեպքում թիրախավորվելու է պետականությունը: Այսինքն`նրա կուսակցությունը Արցախը Փաշինյան-Ալիև զույգի հետ հանձնած Արայիկ Հարությունյանին նույնացնում է Արցախի պատականության հետ:
Ինչևէ: Հումանիտար աղետի, շրջափակման, սովի մատնված, ցեղասպանության եզրին կանգնած Արցախում Արայիկ Հարությունյանը Երևանից իր կոորդինատոր Փաշինյանի հետ կեղտոտ խաղեր են սկսել, որի նպատակները ծայրահեղ վտանգավոր են Արցախի և Հայաստանի համար: Այդ բոլորի ետևում, իհարկե, Ալիևի ականջներն են ակնհայտ երևում: Ալիևը հրահանգ էր, չէ, իջեցրել` ոչնչացնել պետական ինստիտուտներն Արցախում, ահա և իրագործում են այդ հրահանգը:
Իրավիճակն Արցախում այնքան է լարվել, որ զինվորական համազգեստով ինչ-որ մարդիկ օրերս ներխուժել էին Արցախի Ազգային ժողով, քաշքշուկ արել, որը հետո շարունակվել է այլ վայրում:
Ինչպես հետո պարզվեց` Արցախի աշխարհազորի հրամանատար Կարեն Մաևոսյանն էր իր զինակիցների հետ ներխուժել Արցախի խորհրդարան ու հաշիվ պահանջել ԱԺ նորընտիր ղեկավար Դավիթ Իշխանյանից՝ նախագահ Արայիկ Հարությունյանին իբր թե հայհոյելու համար: Սպառնալիքներ են հնչել Արցախի ակտիվ քաղաքացիների նկատմամբ, ովքեր սոցիալական ցանցերում ակտիվություն են դրսևորում:
Իսկ այսօր արդեն այդ նույն Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում սպառնացել է՝ սպառնալիքները, հետապնդումները չեն դադարելու:
Դրան զուգահեռ չեն դադարում կուլիսային խոսակցություններն այն մասին, որ Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան զույգն այդ ամենն անում է` Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը գործարկելու և Բաքվի հետ երկխոսությունը սկսելու նպատակով` իրենց դավաճանական ծրագրի հետևանքները, իրենց իսկ ստեղծած կործանարար, խայտառակ իրավիճակի ողջ մեղավորությունը բարդելով Արցախի նախկին իշխանությունների վրա: Քաոս, բեսպրեդել, սադրանքներ, որի հետևանքով կօգնեն Ադրբեջանին իրականացնելու իր ծրագրերը:
Ի դեպ, նրանց և հայաստանյան որոշ շրջանակների թիրախում են հատկապես Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղոկասյանը, Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Այսօր ԶԼՄ-ներում հրապարակումներ են եղել Արակիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան զույգի կողմից նախագծված որոշ ծրագրերի մասին, որ Արցախում իշխանամերձ թիմ է ստեղծվել, ովքեր պատրաստվում են առաջիկա օրերին՝ վաղը կամ մյուս օրը, ադրբեջանական կողմի հետ հանդիպման մեկնել։ Եվ, ամենայն հավանականությամբ, հանդիպումը տեղի է ունենալու ադրբեջանական Բարդա քաղաքում:
Շատերն են հիշում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ի գրասենյակից դուրս գալուց հետո, 2021 թվականի հունիսի 22-ին Արայիկ Հարությունյանի հայտնի ելույթը Արցախի Վերածննդի հրապարակում, երբ, դիմելով արցախահայությանը, հայտարարում էր` պատրաստ եմ հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճորեն ու արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների դժվարությունները:
«Առաջին իսկ հնարավոր պահին վայր եմ դնելու նախագահական լիազորություններս և դուրս եմ գալու քաղաքականությունից»,- հայտարարում էր Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ հրաժարական չտալու պատճառը ոչ թե աթոռից կառչած լինելն է, այլ պատասխանատվությունը.
«Հիմարություն կլինի մտածել, թե հաճույք եմ ստանում ներկա իրավիճակից, թե ես որևէ անձնական շահագրգռվածություն ունեմ շարունակելու պաշտոնավարումս։ Ամենևին ոչ, ես պարզապես ինձ պատասխանատու եմ զգում մեր ժողովրդի ու հաջորդ սերունդների հանդեպ, այնքան պատասխանատու, որ հանկարծ իմ հուզական ու անհեռատես փախուստով չկործանեմ մեր պետականությունը, ներառյալ հրաժարականս պահանջող անձինք չմնան պետականության փլատակների տակ»,- հայտարարում էր նա` շեշտելով, որ ինքը փախչող տեսակ չէ և չի պատրաստվում «ալեկոծված ծովում նավը թողնել առանց նավապետի»:
Ինքն իրեն նավապետ հռչակած Արայիկ Հարությունյանը, փաստորեն, Նիկոլ Փաշինյանից հետ չէր մնում, քանդելով բանակը, հընթացս իր համար ռազմականացված խումբ էր ձևավորում` Արցախի աշխարհազոր, որպեսզի այսօր որպես գործիք այն օգտագործի իր իշխանությունը պահելու, իր կաշին փրկելու և Ալիև-Փաշինյան տանդեմի ծրագրերն ավարտին հասցնելու համար: Արցախը կործանած, թշնամու երազանքներն իրականություն դարձրած, փողի մոլագար մի Արայիկ Հարությունյան, որի մեծամտությունն այնպիսի լկտիության է հասել, որ 2021 թվականին համոզված հայտարարում էր, թե իր հրաժարականով Արցախի պետականությունը փլատակների կվերածվի: