Կառավարությունը դարձյալ արտոնություն է տվել ընկերության, որի փայատեր է Նվեր Ծառուկյանը
Կառավարության վերջին նիստում, ի թիվս չզեկուցվող այլ հարցերի, ներառված էր նաև «Արմբետոն» ՍՊԸ-ին գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում արտոնություն տրամադրելու հարցը:
Կառավարության որոշմամբ, «Արմբետոն» ՍՊԸ-ին կթույլատրվի օգտվել «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի կողմից ներմուծվող և հետագայում ընկերությանը տրամադրվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերությունը ներմուծվող սարքավորումները նախատեսում է օգտագործել բարձր որակի բետոնի արտադրության համար։ 2022 թ. հիմնադրված ընկերությունն արտադրությունն իրականացնելու է Երևանում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 565,6 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար, նախատեսվում է ստեղծել 18 նոր աշխատատեղ՝ մինչև 500.000 դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 506.8 մլն դրամ, մաքսատուրքից ազատման արտոնությունը՝ 51.2 մլն դրամ։
Ի դեպ, կառավարության էլեկտրոնային էջից տեղեկանում ենք, որ «Արմբետոն» ընկերությունը հիմնադրումից ընդամենն ամիսներ անց արդեն ազատվել է մաքսատուրքից. Կառավարությունը 2022 թ. դեկտեմբերի 15-ի նիստում էր այդ որոշումը կայացրել:
Այն ժամանակ հիմնավորման մեջ նշվել էր, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 985 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար, ստեղծել 26 նոր աշխատատեղ՝ 498 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։
Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում էր 125 մլն դրամ:
«Արմբետոն» ընկերության մասին. ըստ էլեկտրոնային ռեգիստր համակարգի՝ այն հիմնադրվել է 2022 թվականի մարտի 11-ին: 50/50 մասնաբաժնով այս ԱՊԸ իրական շահառուներն են Նվեր Ծառուկյանը և Աշոտ Մխիթարյանը: