«Հայաստանում խնդիրը մեկ հասցե ունի, այն Երևանի կենտրոնում է». Մետաքսե Հակոբյան
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստից ունեցած սպասելիքներին, նշեց, որ անհանգտություն ունեին այն առումով, որ չպատրաստված կամ դիվանագիտական ունակություններ չունեցող մարդիկ, հայկական կողմը ներկայացնող կոնկրետ Արարատ Միրզոյանը պետք է գնար, ու անհասկանալի էր, թե ինչ պիտի ներկայացներ, երբ բոլոր հարթակներից հայտարարել են, որ ճանաչել են Արցախն Ադրբեջանի կազմում։
«Բավականին շատ մեծ մտավախություն կար, որ նման բանախոսներով Արցախը ներկայացնելը կամ թեկուզ Հայաստանը, վտանգ կար, որ հենց այդ նիստի ժամանակ կարող էր տեղի ունենալ անդառնալին, ինչը մեզ համար ամենավտանգավորը կլիներ, նույնիսկ չեմ ուզում բարձրաձայնել։ Այսինքն՝ այն ուղղությունը, որը բռնել են այսօր Հայաստանի իշխանությունները։ Փառք Աստծո, որ այդպես չեղավ, սա ՀՀ իշխանությունների հերթական դիվանագիտական տապալումն էր, որովհետև գնալ նման միջոցառման ու խնդիրը դիտարկել միայն հումանիտար հարթակում, դա մեզ բերում է ավելի լուրջ խոչընդոտների ու փակուղի է մտցնում Արցախի հիմնախնդիրը։
Մեկ փոքրիկ արձանագրում կարող ենք անել այդ նիստի արդյունքում, որ որևէ երկիր բացահայտ չհայտարարեց, որ Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, բացառությամբ մի քանի տարբերակների, որոնք փորձեցին Արցախը ներկայացնել ադրբեջանական տարբերակով»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Նա դժվարանում է ասել՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստից հետո բանաձև կընդունվի՞, թե՞ ոչ։
«Չեմ կարծում, որ մենք այն իրավիճակում ենք, որ նստենք ու սպասենք, թե, ի վերջո, ինչ են որոշում։ Հստակ է Ադրբեջանի վարած քաղաքականությունը, և իրենք դա չեն թաքցնում, մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի ղեկավարը հայտարարում է, որ իր համար միջազգային ցանկացած որոշում առոչինչ է»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է Արցախում ստեղծված իրավիճակի համատեքստում ՀՀ իշխանությունների՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն սկսելու վերաբերյալ կոչերին, պատգամավորը նկատեց.
«Արդեն տարօրինակ է Հայաստանի իշխանությունների դերակատարությունը, և եթե մենք նայենք ոչ թե մեր, այլ աշխարհի դիտանկյունից, նույնիսկ շատ տարօրինակ էր Հայաստանի ներկայացուցչի ներկայությունն այնտեղ, որովհետև մի երկիր, որը բացահայտ ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս (դեռևս՝ առանց ստորագրության) և շարունակում է այդ հանձնելու ակտիվ գործողություններն առաջ տանել ու ակտիվ խորհուրդներ տալ, դա արդեն չի հասկացվում ո՛չ մեր, ո՛չ աշխարհի կողմից։
Հայաստանում խնդիրը մեկ հասցե ունի, այն Երևանի կենտրոնում է»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում