«Եթե գրված է՝ «Ադրբեջանի տարածքից»՝ կոպիտ սխալ է, պետք է գրվեր՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքից». Ռուբեն Գալիչյան

Երեկ Նիկոլ Փաշինյանը Երևան-Կապան ավիաչվերթով աշխատանքային այցով մեկնել էր Սյունիքի մարզ՝ Կապան քաղաք։ Մարզպետարանում խորհրդակցության ժամանակ էլ ներկաներին իրազեկել էր, թե իրենց նախատեսած ծրագրով օգոստոսի 19-ին՝ Կապանի օրվա առթիվ, կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո կլինեն կանոնավոր չվերթեր:  Փաշինյանի այցից մի քանի ժամ հետո հնչեցին կրակոցներ օդանավակայանի ուղղությամբ:

Այսօր ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանը կրակել է Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ:

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.

«Ս/թ օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։ Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը»։

Կարդացեք նաև

ԱԱԾ այս հաղորդագրությունից հետո համացանցում սկսեցին քննարկել, թե ինչու է պաշտոնական հաղորդագրության մեջ Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ տարածքը ներկայացվում՝ որպես «Ադրբեջանի տարածք»։

168.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանն ասաց, որ նման բան գրելն անթույլատրելի է։

«Եթե բառացի գրված է՝ «Ադրբեջանի տարածքից», ուրեմն՝ կոպիտ սխալ է, պետք է գրվեր՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքից։ Այդ ամբողջ տարածքները Հայաստանինն են ու օկուպացվել են Ադրբեջանի կողմից»,- նշեց քարտեզագետը։

Նրա խոսքով, եթե Հայաստանն ու Արցախը գնան սահմանազատման ու սահմանագծման և դրա համար հիմք ընդունեն 1975 թվականի քարտեզները, ապա Կապանի օդանավակայանի մի փոքր հատվածը՝ ծայրն է մնում Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Եթե այդ քարտեզներով գնան սահմանազատման, օդանավակայանն ամբողջությամբ, բացի մի փոքր ծայրից, մերն է լինելու»,- շեշտեց Ռուբեն Գալիչյանը։

Հիշեցնենք՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից գրեթե մեկ ամիս անց՝ դեկտեմբերին, Նիկոլ Փաշինյանի հրահանգով և Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի գիտությամբ ու հրամանով Սյունիքի մարզից հայկական զորքը հետ քաշվեց, փոխարենը՝ այդ բարենպաստ դիրքերում տեղավորվեցին թշնամու զինված ուժերի ներկայացուցիչները։ Դրա հետևանքով բազմաթիվ գյուղեր դարձան սահմանամերձ ու հայտնվեցին թշնամու թիրախում, այդ ամենի արդյունքում էլ 2021 թվականի մայիսին թշնամու ԶՈւ ներկայացուցիչները ներխուժեցին ՀՀ տարածք՝ Սև լճի և այլ տարածքներում, ու դիրքավորվեցին, նրանք մինչև օրս շարունակում են մնալ այդ դիրքերում։

Տեսանյութեր

Լրահոս