««Financial Times»-ում ներկայացվել է իմ կոչը ՀՀ իշխանություններին՝ չգնալ այդ քայլին՝ ընդգծելով մեր ինքնորոշման իրավունքը». Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ողջունելի է, որ միջազգային առաջատար լրատվամիջոցները շարունակում են ակտիվորեն անդրադառնալ լիակատար պաշարման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին:

Միջազգային ԶԼՄ-ները իրենց նյութերում արծարծում են ինչպես Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի զեկույցը և գնահատականները, վաղը կայանալիք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս իրավիճակի քննարկումը, այնպես էլ ներկայացնում են Արցախի իշխանությունների և հանրության կողմից տրված փաստերն ու տեսակետները:

Այսօր հեղինակավոր «Financial Times» լրատվականը ևս անդրադարձել է պաշարված Արցախի 120,000 բնակչության խնդիրներին, ինչպես նաև իրավիճակի հնարավոր զարգացումներին:

Իմ խոսքերից լրատվամիջոցը մեջբերել է մի հատված. «շրջափակումը հանգեցրել է սննդի պակասի, քանի որ սննդամթերքի 90 տոկոսը սովորաբար ներմուծվում էր Հայաստանից։

Վառելիքի մեծածավալ պակաս կա: Առողջապահությունը և այլ անհրաժեշտ ծառայությունները մեծ դժվարությամբ են աշխատում։ Դեղորայքը սպառվել է՝ վտանգի տակ դնելով մարդկանց կյանքը»:

Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ հայտարարություններին՝ նյութում ներկայացվել է իմ կոչը ՀՀ իշխանություններին՝ չգնալ այդ քայլին՝ ընդգծելով մեր ինքնորոշման իրավունքը:

Մենք, մեր գործընկերներն ու բարեկամները շարունակում ենք հետևողական ջանքերը՝ բարձրացնելու իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության իրազեկվածության մակարդակը և ճնշումն Ադրբեջանի հանդեպ՝ ցեղասպանության հետագա ընթացքի կասեցման նպատակով»:

Տեսանյութեր

Լրահոս