Բաժիններ՝

Կոռուպցիոն չարաշահումներ՝ Այգեպատ բնակավայրում․ մեղադրանք է ներկայացվել բնակավայրի վարչական ղեկավարին

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են ՀՀ Արարատի մարզի Այգեպատի (ներկայում Արտաշատ խոշորացված համայնքի Այգեպատ բնակավայր) համայնքապետարանում կատարված կոռուպցիոն չարաշահումների մի շարք էական հանգամանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Մասնավորապես՝ նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2005 թվականից Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեպատ բնակավայրի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող Ս․Պ․-ն, համայնքի առաջատար մասնագետ Բ․Ա․-ի հետ համատեղ, խմբի կազմում, կատարել է պաշտոնեական կեղծիք։

Մասնավորապես Բ․Ա․-ն համայնքի ղեկավարի ցուցումով 2014-2018թթ․ ընթացքում կեղծ տեղեկություններ է մտցրել համայնքի բնակիչներին տրվող անհատույց դրամական հատկացման վճարման ցուցակներում առ այն, որ համայնքի 4 բնակիչներ հանդիսանում են սոցիալապես անապահով ընտանիք։ Համայնքի ղեկավար Ս․Պ․-ն իր ստորագրությամբ և կնիքով հաստատել է այդ տվյալները և դրա միջոցով այդ անձանց անվամբ համայնքի բյուջեից դուրս է գրվել ընդհանուր 500.000 ՀՀ դրամ՝ այն տրամադրելով վերջիններիս՝ իրենց ունեցած մթերային խանութից տարբեր առիթներով համայնքապետարանի կարիքների համար վերցված ապրանքների համար գոյացած պարտքի դիմաց։

Բացի այդ, Ս․Պ․-ն, համայնքապետարանի մեկ այլ առաջատար մասնագետի՝ Ռ.Մ․-ի հետ համատեղ, խմբի կազմում, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, Այգեպատ համայնքի ավագանու նիստի՝ 2012 թվականի հուլիսի 14-ի արձանագրության մեջ կեղծ տեղեկություններ է մտցրել այն մասին, որ ավագանու 2 անդամ ևս կողմ են արտահայտվել համայնքին պատկանող, անմխիթար վիճակում գտնվող կենցաղի տան կիսաքանդ շենքի օտարմանը՝ այդ կերպ արհեստականորեն հիմքեր ստեղծելով ավագանու տվյալ նիստի իրավազորությունն ապահովելու համար։ Մինչդեռ վերջիններս ավագանու տվյալ նիստին չեն մասնակցել և արձանագրությունը չեն ստորագրել։

Այդ փաստաթղթում կեղծ տվյալներ են ներառվել համայնքի կենցաղի տունը կիսաքանդ և վթարային վիճակում գտնվելու վերաբերյալ, և դրա հիման վրա նշված շենքը հանվել է աճուրդի՝ չպահպանելով համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման դեպքերում դրա պարտադիր գնահատման օրենսդրական պահանջը։

Ապա Ս․Պ․-ն 2012թ․ օգոստոսի 24-ի դրությամբ 7.210.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող կենցաղի տան շենքի օտարման մեկնարկային գին է սահմանել տվյալ գույքի 2007թ․ դրությամբ արձանագրված արժեքը՝ իր իրական գնից զգալիորեն նվազ՝ 2.570.000 ՀՀ դրամ՝ անտեսելով 2007-2012թթ․ ընթացքում տվյալ գույքի վրա կատարված կապիտալ վերանորոգումները։ Եվ խախտելով օրենսդրության պահանջները՝ առանց սահմանված կարգով աճուրդի մասին հայտարարության հրապարակումն ապահովելու, 2012թ․ օգոստոսի 24-ին կազմակերպել է նշված գույքի ձևական աճուրդ-վաճառք, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել վերջինիս կնոջ հայրը, իսկ մյուս մասնակիցը, օրենսդրության պահանջների խախտմամբ, հանդիսացել է Արարատի մարզի Այգեպատ համայնքի համայնքապետարանի աշխատակիցներից մեկը։

Տեղի ունեցած ձևական աճուրդի-վաճառքի արդյունքում կենցաղի տան շենք-շինությունը ձևականորեն օտարվել է աճուրդում հաղթած համայնքի ղեկավարի աներոջը 2.620.000 ՀՀ դրամով, մինչդեռ նշված շենքի շուկայական արժեքը տվյալ ժամանակահատվածում կազմել է 7.210.000 ՀՀ դրամ: Այդ կերպ Արարատի մարզի Այգեպատ համայնքին պատճառվել է խոշոր չափերի՝ 4.590.000 ՀՀ դրամի գույքային վնաս։ Ընդ որում, տվյալ տարածքում վարձակալության տրամադրված ատամնաբուժարանի տարածքի շահագործման համար տրամադրվող ամսական վարձավճարը շարունակել է ստանալ համայնքի ղեկավարը:

Հետագայում՝ 2018թ․ մարտին, առուվաճառքի պայմանագրով տվյալ անշարժ գույքի նկատմամբ գրանցվել համայնքի ղեկավար Ս․Պ․-ի կնոջ սեփականության իրավունքը։

Ընդ որում, պարզվել է, որ Ս․Պ․-ն համայնքապետարանի առաջատար մասնագետ Ռ․Մ․-ի հետ համատեղ, խմբի կազմում, կատարել է մեկ այլ պաշտոնեական կեղծիք։ Ռ.Մ․-ն 2019թ․ կազմել և լրացրել է 2012թ․ օգոստոսի 24-ով թվագրված աճուրդ-վաճառքի արձանագրություն, նախկին կենցաղի տան շենքը աճուրդի դրվելու, դրան համայնքի վերոնշյալ երկու բնակիչների մասնակցության, մեկ աճուրդային քայլով համայնքի ղեկավարի աներոջ կողմից հաղթող ճանաչվելու և գույքը գնելու վերաբերյալ։ Նշված կեղծ արձանագրությունը հաստատել է համայնքի ղեկավարը:

Ձեռք բերված փաստերի հիման վրա Ս․Պ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 445-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին), և նրան ներկայացվել է մեղադրանք։

Դատախազի համաձայնությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից Ս․Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել համակցված՝ պաշտոնավարման կասեցումը և գրավը։

Նախաքննությունը շարունակվում է: Անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվում նաև՝ համայնքապետարանի մյուս աշխատակիցների արարքներին ևս իրավական գնահատականներ տալու, առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս