Հավայան կղզիներում հրդեհների զոհերի թիվը հասել է 53-ի
Հավայան Մաուի կղզում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 53-ի։ Շուրջ 1000 մարդ անհետ կորած է։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Հավայիի նահանգապետ Ջոշ Գրինն անտառային հրդեհները որակել է նահանգի պատմության ընթացքում «ամենախոշոր բնական աղետը»։ Նա հայտնել է, որ Մաուիի արևմտյան ափին գտնվող Լահայնա զբոսաշրջային քաղաքի 80 %-ը ոչնչացել է հրդեհներից, մոտ 1700 շենք ավերվել է։
Ավելի քան 14 հազար զբոսաշրջիկ տարհանվել է։ 11 հազար մարդ դեռ մնում է առանց էլեկտրականության։
BBC-ն նշում է, որ կրակից փրկվելու համար բազմաթիվ մարդիկ ստիպված են եղել ցատկել ծովը և ժամերով մնալ ջրում։
Մաուիում անտառային հրդեհները սկսվել են օգոստոսի 8-ին և արագորեն տարածվել տարածաշրջանում մոլեգնող «Դորա» փոթորկի պատճառով։
Կղզում մոլեգնող երեք խոշոր հրդեհները դեռ չեն մեկուսացվել։