«Այլ երկրներից աղերսել սեփական փրկությունը՝ սին պատրանք է. պատասխանի ժամանակն է». Գագիկ Գինոսյան

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, գիտնական, նժդեհական Գագիկ Գինոսյանի խոսքով՝ վերջին մեկ շաբաթվա՝ 168 ժամվա ընթացքում կրկնում է, որ պատերազմը ազգի քթի ծայրին է։

«Հիշո՞ւմ եք` վարչապետը պատերազմից մեկ-երկու օր առաջ խոսում էր 2050-ից… մեզ հաշիշով կերակրում են, և մենք թմբիրի մեջ մտածում ենք։ Աշխարհը թույլ չի տա, որ վաղը դու իրեն մեղադրես, որ՝ տեսեք՝ 120 հազար մարդ այդպես ամեն օր սովամահ է լինում։ Ինքը մի բան պիտի հորինի, որտեղ զոհին ու զոհարանին պիտի հավասարեցնի, այսինքն՝ այնպիսի մի բան կհորինի, որ ստիպված չլինի Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու, իսկ ինքը չի կիրառում, չէ՞։ Ռուսաստանի նկատմամբ կիրառում է, Սիրիայի, Իրանի, Իրանը ցեղասպանությո՞ւն է գործել, ինչ-որ մեկին շրջափակե՞լ էր։ Այս ամենից հետո մենք պետք է հասկանանք, եթե ինչ-որ մեկն այնտեղից հոխորտում է, ուրեմն՝ նա մեկ լեզու է հասկանում՝ բազուկի ուժը։ Մենք այնքան տգետ ենք, որ չենք լսում մեր էպոսը, որն ամբողջությամբ կոդավորված տեղեկատվություն է, երբ չենք լսում մեր իմաստուններին, զորեղներին և ամենազորեղներին ու իմաստուններին ֆաշիստ ենք կոչում։ Դիմում եմ այդ բոլոր մարդկանց, բա ո՞ւր եք, մի անգամ Ալիևին ասեք՝ ֆաշիստական կառավարություն, այդ ո՞ւր եք դուք՝ մակդիրներով հորջորջյալներ, բա 120 հազար մարդ շրջափակման մեջ սովամահ է լինում։ Շատ մարդասիրական եք, ինչ-որ մեկը պատերազմից առաջ ասում էր՝ լավ էլ կուլտուրական տղա է, տեսանք»,- այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի ժամանակ նշեց Գագիկ Գինոսյանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին։

Գագիկ Գինոսյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ հայաստանյան վերնախավը, ով Նժդեհին անվանում էր ֆաշիստ, բնորոշումներ չի տալիս Ալիևի գործողություններին, բերանները ջո՞ւր են առել, ավելին՝ Ալիևը ֆաշիստ չէ, նա ցեղասպան ու մարդասպան է, հայատյաց է, և նրա բոլոր հայտարարությունները ոչ թե հակահայկական են, այլ հակամարդկային։

Կարդացեք նաև

Այս համատեքստում Գագիկ Գինոսյանը նաև ասաց, որ անկախ այն հանգամանքից, թե Արցախի վերաբերյալ ինչ կհայտարարի Նիկոլ Փաշինյանը, խնդիր է մնում աշխարհի վերաբերմունքը տեղի ունեցողի նկատմամբ՝ հիշեցնելով, որ նախորդ դարում, երբ տարբեր կազմակերպություններ կային Արևմտյան Հայաստանում, ու նրանք փորձում էին պաշտպանել հայերի շահերը, գործում էր մի ցնդաբանություն, թե որքան շատ արյուն հեղվի, այնքան Եվրոպան իրենց շուտ կլսի։

«Տպավորություն է, որ հիմա նույն քաղաքականությունն ենք վարում, ավելի շատ սրտաճմլիկ իրավիճակ ստեղծել՝ ասելով՝ ոչինչ, թող մի քիչ ավելի շատ մեռնեն, սովամահ լինեն, մի քանի երեխա չծնվի, ծերունիներին առևանգեն, միայն թե Եվրոպան մեր վրա ուշադրություն դարձնի։ Իսկ երբ հայկական հարցի 16-րդ բանաձևը դարձավ 61-րդ բանաձև, և հայկական պատվիրակությունը հիասթափված դուրս էր գալիս այդ ժողովից, թուրքերից մեկը մոտեցել է հայկական պատվիրակությանը և ծաղրելով ասել է՝ ո՞վ էր ձեզ ասում հավատալ պոռնիկ Եվրոպային։

Նենսի Փելոսին Ջերմուկի դեպքերից հետո եկավ, հոխորտաց ու գնաց, Ադրբեջանը մեկ մետր զորքերը հետ քաշե՞ց։ Ադրբեջանը ճանաչում է մեկ լեզու՝ բազուկի, ոգու ու մտքի ուժը։ Այդ բոլորից մենք ունենք, չի գործածվում, որովհետև աշխարհի տերերին դա է պետք, և որոշ ատյաններ, որոնք վերցրել են երկիրը, ազգը կառավարելու պատասխանատվություն, իրենք ենթակա են այդ աշխարհի գերտերությունների ուժերին։ Բավական է կուրորեն նայել աշխարհին ու սպասել, որ փելես-փուլուսը կգան ու ինչ-որ բաներ կասեն։ Որևէ երկիր ու միջազգային ատյան հայոց ճակատագիրը չի որոշելու, այն որոշվելու է մեր կամքի մեջ։ Բառեր կասեմ, որոնք մտածված դուրս են մղված հայկական բառապաշարից, և հաճախ, երբ իմ նման խենթերը սկսում են կրկնել, այնպես են անում, որ դրանք տանեն այլ ուղղությամբ։ Նժդեհն ասում էր, որ Հայ Առաքելական եկեղեցու կրոնն անգամ պիտի լինի ինքնապաշտպանությունը։ Դուք լսե՞լ եք ինքնապաշտպանության մասին, ասում են՝ մեր խնդիրն անվտանգությունն է։ Եթերում շատ եմ կրկնել՝ անվտանգ է նաև ստրուկը, և նրա անվտանգության պահապանը նրան ստրկացնողն է, որովհետև մինչև քրտինքի վերջին կաթիլը հարստահարելու է, օգտագործելու է սև ու մութ նպատակներին»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նա նաև շեշտեց՝ քանի դեռ հայ ազգը կամք չունի՝ տեր կանգնելու սեփական ճակատագրին, ուրիշի մատի խաղալիքն է լինելու՝ ընդգծելով, որ Մովսես Գորգիսյանը, ով ուներ անկախ մտածելակերպ, բազմիցս ասել է, որ ինքնիշխանությունն է հայի փրկությունը։ Ինքնիշխանություն, որը կարող է լինել միայն ինքնապաշտպանված ազգի մոտ, իսկ ինքնիշխան կարող է լինել միայն ինքնաճանաչ ազգը։

«Մեզ բոլոր այդ ինքնա-ներից զրկել են և թույլ չեն տալիս անգամ մտքիդ ծայրով անցկացնես նման բաներ, մեզ մշտապես ասում են՝ հես ա աշխարհը պատժելու է։ Եթերում նայեցի՝ մեկն ասում է՝ ամսի 10-ին Ալիևը ճանապարհը բացելու է, այսօր ամսի 10-ն է, բացե՞ց, չի՛ բացելու։ Այդ ճանապարհը բացելու է հայի վճռականությունը, կամքն ու ոգին, ինքնիշխան ու ինքնապաշտպանված լինելով։ Պատմությունը կրկնվելով՝ մեզ քացի ու ապտակ է տալիս, բայց մենք չենք հասկանում։ Աշխարհը հաշվի է նստում լեոնիդներին ու մոնթեներին տեսնելուց հետո, աշխարհը հաշվի է նստում, երբ իր դեմ ոգի, կամք ու բազուկ կա։ Այլ երկրներից աղերսել սեփական փրկություն ու ճակատագիր, սին պատրանք է, սա պետք է ազգը հասկանա ու աչքերը բացի, մեզանից բացի, ոչ մեկը չի լուծելու հայկական հարցը, պատասխանի ժամանակն է, որը պետք է երկնի հայ ազգը»,- ընդգծեց Գագիկ Գինոսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս