«Պահուստային ֆոնդից տրամադրված դիզվառելիքով շաբաթը երկու անգամ գյուղից բնակիչները կարող են հասնել Ստեփանակերտ». Եղցահողի համայնքապետ

Արցախի Հանրապետությունը, 241-րդ օրն է՝ գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ: 8 ամիս է՝ 120 հազար խաղաղ բնակիչները գտնվում են հումանիտար աղետի մեջ։ Մոտավորապես երկու ամիս է՝ հումանիտար որևէ բեռ Արցախ չի մտել։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Եղցահող համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանն ասաց, որ շարունակում են դիմակայել ադրբեջանական շրջափակման հետևանքով առաջացած դժվարություններին։

«Փորձում ենք հաղթահարել, փառք Աստծո, պահուստային ֆոնդից տրամադրված դիզվառելիքով շաբաթը երկու անգամ գյուղից բնակիչները կարող են հասնել Ստեփանակերտ ու վերադառնալ գյուղ։ Գոնե այս պահին երկկողմանի չենք շրջափակման մեջ, կապը Ստեփանակերտի հետ կա»,- նշեց Արտակ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ այդ ավտոբուսը, որը շաբաթը երկու անգամ գնում է  Ստեփանակերտ, ավելի շատ գյուղի բնակիչների մշակած բերքն է տեղափոխում Ստեփանակերտում գտնվող նրանց բարեկամներին։

Կարդացեք նաև

«Ստեփանակերտի 30-40 տոկոս բնակչությունը կապված է Բերդաձորի ենթաշրջանի հետ, յուրաքանչյուր շաբաթվա երկու օրը, որ ավտոբուսը գնում է  Ստեփանակերտ, ոչ այդքան բնակիչներին է տանում, որքան բանջարաբոստանային կուլտուրաներ, տանում են Ստեփանակերտ ու ապահովում բնակչության 30-40 տոկոսին»,- հավելեց Արտակ Հակոբյանը։

Համայնքապետի խոսքով՝ այս պահին դեռևս համայնքում չկան անհետաձգելի բուժման կարիք ունեցող հիվանդներ կամ հղի կանայք, որոնց շտապ բժշկական միջամտություն անհրաժեշտ լինի, թեթև դեպքերի ժամանակ էլ անմիջապես հասցնում են Ստեփանակերտ ու փորձում այնտեղ խնդիրները լուծել։

Ինչ վերաբերում է երկու շաբաթից ավելի Կոռնիձորում կանգնած 19 բեռնատարներին, որոնք սպասում են, որ կարողանան Հայաստանից հումանիտար օգնություն տեղափոխել Արցախ, սակայն Ադրբեջանը թույլ չի տալիս, Եղցահողի համայնքապետն ասաց.

«Այդ հարցերն ուղղեք Հայաստանի իշխանություններին, իրենք թող ասեն՝ այդ բեռները կհասնե՞ն տեղ, թե՞ ոչ, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել»,- եզրափակեց Արտակ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական շրջափակման պայմաններում արդեն մանկահասակ երեխաներ են մահացել, հղի կինը կորցրել է երեխային։

Տեսանյութեր

Լրահոս