Մասնագետներն արձանագրել են, որ 2023 թ. հուլիսը դարձել է պատմության մեջ ամենաշոգ ամիսը
2023 թ. հուլիսը դարձել է մոլորակի վրա երբևէ արձանագրված ամենաշոգ ամիսը դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Նման տվյալներ է հայտնել Եվրամիության՝ Երկրի դիտարկման «Կոպեռնիկոս» ծառայությունը։
Ներկայացված տվյալների համաձայն՝ 2023 թ. հուլիսն ըստ Ցելսիուսի 0,33 աստիճանով ավելի տաք էր 2019 թ. հուլիսից, երբ սահմանվել էր մոլորակի միջին ջերմաստիճանի նախորդ ռեկորդը՝ Ցելսիուսի սանդղակով 16,63 աստիճան։ Բացի այդ, այս տարվա հուլիսին միջին համաշխարհային ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի 0,72 աստիճանով բարձր է եղել 1991-ից մինչև 2020 թվականների հուլիսի միջին ջերմաստիճանից:
«Մենք հենց նոր ականատես եղանք, թե ինչպես են օդի և օվկիանոսի մակերևույթի գլոբալ ջերմաստիճանները նոր պատմական ռեկորդներ սահմանել հուլիսին: Այս ռեկորդները կործանարար հետևանքներ ունեն ինչպես մարդկանց, այնպես էլ մոլորակի համար, որը ենթարկվում է ավելի հաճախակի և ավելի ինտենսիվ եղանակային պայմանների», – «Կոպեռնիկոս»-ի փոխտնօրեն Սամանթա Բերջեսի խոսքերն է մեջբերում France24 պարբերականը:
Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանը նույնպես ռեկորդային բարձր է եղել, ինչը մտահոգություններ է առաջացրել մոլորակի կլիմայի, ծովային բուսատեսակների և կենդանատեսակների, ինչպես նաև մերձափնյա համայնքների առումով։ Ըստ ԵՄ կլիմայի դիտարկման ծառայության տվյալների՝ հուլիսի 30-ին օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանը հասել է Ցելսիուսի սանդղակով 20,96 աստիճանի:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հրապարակել էր կանխատեսում, որի համաձայն հաջորդ հինգ տարվա ընթացքում գլոբալ ջերմաստիճանը կարող է հասնել ռեկորդային բարձր մակարդակի։ Դրան կնպաստեն մարդածին գործոնը, այսինքն՝ ջերմոցային գազերը, ինչպես նաև բնական հանգամանքները՝ օվկիանոսային հոսանքների փուլերի փոխվելը Լա Նինյայից Էլ Նինյոյի։ Օվկիանոսային հոսանքների փուլերի փոխվելը կազդի ոչ միայն մոլորակի միջին ջերմաստիճանի, այլև տեղումների ռեժիմի վրա։