Բաժիններ՝

Խմել շատ ջուր, թան, պակասեցնել կոֆեին պարունակող ըմպելիքները. Մասնագետը խորհուրդ է տալիս՝ ինչպես դիմակայել ամռան տապին

Օդի բարձր ջերմաստիճանի դեպքում օրական պետք է խմել 2,5-3 լիտր չգազավորված, սովորական ջուր: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը՝ շեշտելով, որ սրտանոթային հիվանդություններ ունեցող քաղաքացիներն ու հղիները ջրի քանակի մասին պետք է խորհրդակցեն իրենց բժշկի հետ:

«Շոգին օրգանիզմը ջրազրկվում է՝ ջրի հետ մեկտեղ կորցնելով աղեր և սպիտակուցներ: Անկախ ամեն ինչից՝ ջրի քանակն օրգանիզմում պետք է ավելացնել: Բոլոր այն մարդիկ, ովքեր մշտապես բժշկական հսկողության տակ են գտնվում ու դեղորայք են օգտագործում, պետք է շատ ուշադիր լինեն, չխախտեն բուժումն ու անհրաժեշտության դեպքում անմիջապես դիմեն բժշկին»,- շեշտեց մասնագետը:

Նունե Բակունցն առաջարկեց առօրյա ըմպելիքների շարքում ներառել նաև թանը, քանի որ այն լրացնում է մեր օրգանիզմից հեղուկի, սպիտակուցի, մի փոքր էլ՝ աղի կորուստը:

Կոֆեին պարունակող՝ թե՛ տաք, թե՛ սառը խմիչքներն ու ըմպելիքները պետք է հնարավորինս պակասեցնել:

«Չնայած դրանք կարճատև թարմացնող ազդեցություն ունեն, սակայն, այնուամենայնիվ, հյուծում են օրգանիզմը: Շաքար պարունակող ըմպելիքներն էլ ավելի շատ են ջրազրկում»,- նշեց նա:

Օրվա ամենաշոգ ժամերին՝ 12:00-19:00-ն, երբ ջերմաստիճանը շատ բարձր է, ուլտրամանուշակագույն ճառագայթումն էլ ուժեղ, խորհուրդ է տրվում խուսափել բաց տարածքներից, չլինել դրսում, կամ չլինել գոնե արևի ուղիղ ճառագայթների տակ:

«Բոլոր առողջական խնդիրներ ունեցողներին, խրոնիկ հիվանդներին, հղիներին խորհուրդ ենք տալիս այդ ժամերին դուրս չգալ, նույնիսկ ստվերում չլինել, իսկ սիրտանոթային խնդիրներ ունեցողներին խորհուրդ կտամ այդ ժամերին պառկած անցկացնել, քանի որ պառկած վիճակում օրգանիզմին ավելի հեշտ է ապահովել ջերմային բալանսն ու դիմանալ շոգին»,- ընդգծեց Նունե Բակունցը:

Օդի բարձր ջերմաստիճանի դեպքում անհրաժեշտ է պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից՝ կրելով արևային ակնոց, լայնեզր գլխարկ, ունենալ հովանոց: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալը խորհուրդ տվեց օգտագործել զգեստապահարանի բաց գույնի, բնական կտորներից կարված ազատ հագուստները:

Անդրադառնալով բնության «գրկում» հանգստացողներին հուզող հարցերին՝ Նունե Բակունցն ընդգծեց, որ բնության «գիրկ» տարվող ապրանքների բաղկացուցիչ մաս պետք է կազմի խմելու ջուրը: Նա նախընտրությունը տվեց գործարանային արտադրության շշալցված ջրերին:

«Չի կարելի խմել անհայտ աղբյուրներից, առվից, գետից: Այդ ջրերը, բնականաբար, հետազոտված ջեն, խմելու համար նախատեսված չեն ու կարող են տարատեսակ վարակիչ հիվանդությունների հարուցիչներ ունենալ: Նույն կերպ, չի կարելի այն միրգ-բանջարեղենը, որն ուտելու ենք առանց ջերմային մշակման, լվանալ անհայտ ջրում»,- եզրափակեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս