Բաժիններ՝

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետը առաջիկա օրերին Հանրապետությունում կանխատեսում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Բարձր ջերմաստիճանով պայմանավորված՝ առաջիկա օրերին Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Արսեն Մկրտչյանը:

«Մեծանում է անտառային և հարակից բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման ու տարածման վտանգը: Նախատեսվում է ուժեղացված ծառայություն»,- շեշտեց բանախոսը:

Արսեն Մկրտչյանն ընդգծեց՝ չնայած վերջին շրջանում ի հայտ են գալիս անտառային հրդեհների առաջացման նոր պատճառներ, ինչպիսիք են ջերմոցային էֆեկտները, գլոբալ տաքացումը, սակայն հրդեհների հիմնական պատճառը շարունակում է մնալ մարդկային գործոնը:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետը նկատեց՝ հրշեջ-փրկարարները պատրաստ են կատարել իրենց վրա դրված պարտականությունները, սակայն յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի՝ հրդեհների դեմ պայքարը միայն հրշեջների գործը չէ:

«Պետք է հասկանանք, որ ֆիզիկապես անհնար է անտառն ամբողջությամբ և մշտապես ուշադրության կենտրոնում պահել: Ո՛չ մի վերահսկողություն և ո՛չ մի տեխնիկա ցանկալի արդյունք չի տա, եթե մեր քաղաքացիներն ու կազմակերպությունները չգիտակցեն դրա կարևորությունը»,- նշեց նա:

Արսեն Մկրտչյանն ասուլիսի ընթացքում քաղաքացիներին կոչ արեց՝ բուսածածկ, անտառային տարածքներում իրենց հանգիստը կազմակերպելիս չվառել խարույկներ չնախատեսված վայրերում, իսկ եթե, այնուամենայնիվ, պետք է վառեն, ապա դա անեն միայն բաց տարածքներում, հեռանալուց էլ համոզված լինեն, որ կրակը հանգել է: Այն հանգցնեն հողով կամ ջրով:

«Արգելվում է նետել այրվող լուցկիներ կամ ծխախոտի չմարված մնացորդներ, արգելվում է ծխել, բաց կրակ անել վառելիքով լիցքավորված տարաների և մեքենաների շրջակայքում, կատարել չոր խոտի՝ խոզանի այրում, ինչը հիմնականում իրականացվում է գյուղատնտեսական տարածքներում՝ գյուղացիների և շահագործողների կողմից:

Արգելվում է նաև բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք արևի ճառագայթի ֆոկուսացման հետևանքով կարող են հրդեհի պատճառ դառնալ»,- մանրամասնեց նա:

Փրկարար ծառայության աշխատակիցներն իրազեկման աշխատանքներ են իրականացնում անտառտնտեսության աշխատակիցների, համայնքների ու կազմակերպությունների շրջանում:

Արսեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ օգոստոսի 7-ին վարչապետի որոշմամբ՝ Փրկարար ծառայության տնօրենի ղեկավարությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, որի մեջ ներգրավված են պաշտոնատար անձինք՝ մի շարք գերատեսչություններից:

«Աշխատանքային խումբ ստեղծելու նպատակը հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման և արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, հրդեհների տարածման կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումն է.,- եզրափակեց Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս