Լեհաստանի ղեկավարը չեղարկել է այցը Հարավային Կորեա

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան որոշել է չեղարկել ուղևորությունը Կորեայի Հանրապետությունում կայանալիք սկաուտների համաշխարհային հավաքին՝ մոտալուտ հզոր թայֆունի պատճառով։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Կանխատեսումների համաձայն՝ թայֆունը Կորեական թերակղզի կհասնի օգոստոսի 10-ին։ Դրան ընդառաջ՝ օգոստոսի 8-ին Կորեայի Հանրապետության իշխանություններն սկսել են Չոլլա Պուկտոյի նահանգում վրանային ճամբարից հանել սկաուտների հավաքի բոլոր մասնակիցներին։ Սկաուտների հաջորդ համաշխարհային հավաքը տեղի կունենա 2027 թվականին Լեհաստանում։

Դուդան Հարավային Կորեա կատարելիք այցի ընթացքում ծրագրել էր այցելել նաև ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ։ Վարշավան և Սեուլը 2022 թվականին համաձայնության էին եկել հարավկորեական զենքի լայնածավալ մատակարարումների շուրջ։ Իսկ հուլիսին Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը պաշտոնական այցով մեկնել էր Լեհաստան և հանդիպել Անջեյ Դուդայի հետ։

Իր հերթին հարավկորեական The Dong-a Ilbo թերթը, հղում անելով իր աղբյուրին, նշում է, որ Դուդայի այցի չեղարկման պատճառներից մեկն էլ Բելառուսի հետ սահմանին լարվածությունն է։ Օրեր առաջ Վարշավան Մինսկին մեղադրել էր բելառուսական ուղղաթիռների կողմից երկրի օդային տարածքը խախտելու մեջ, ինչը Բելառուսը հերքել էր։ Բացի այդ, ըստ լրատվամիջոցի, լարվածություն է ստեղծվել այն պատճառով, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը տեղափոխվել է Բելառուս։

Տեսանյութեր

Լրահոս