Ծո՛, փը՛շտ, քաղքիս «ձեռ չտաս, Աստծուն կըսեմ»
Գիտնականները, հոգեբանները կարող են «Անկումների սարսափից» կամ «Ինչպես հաղթահարել վախը»` իրենց մասնագիտական աշխատանքներում մեկ-երկու գլուխ էլ ավելացնել`Նիկոլ Փաշինյանին, նրա կնոջը, նախագահ Վահագն Խաչատրյանին և Ալեն Սիմոնյանին նաև խորհուրդ տալով` ինչպես գործնականում հաղթահարել մարդամեջ դուրս գալու սարսափը, երկյուղը` առանց պետական բյուջեի միջոցները մսխելու, բնականաբար:
Այս խայտառակությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան Գյումրիի փողոցներում` Համահայկական խաղերի բացման արարողությունից հետո: Հարյուրավոր թիկնապահների, անվտանգության աշխատակիցների, ոստիկանների ուղեկցությամբ, ըստ tvnews.am-ի տարածած տեսանյութի՝ իբր զբոսնում են Գյումրիի փաղոցներում… Մե խինդ, մե ծիծաղ, մե քեֆ, մե ուրախություն… Հավանաբար նա ոչ միայն գյումրեցիներից էր վախեցել, այլև զբոսաշրջիկներից, խաղերին մասնակցելու եկած մարզիկներից, Գյումրիի թափառական շներից, Մհեր Մկրտչյանի, Ավետիք Իսահակյանի և այլ հզոր գյումրեցիների հոգիներից…
Ինչպես գիտեք, երեկ Փաշինյանի ելույթի պահին ներկաների բազմությունը, որպես բողոքի նշան, ցուցադրաբար, զանգվածաբար լքել է մարզադաշտը`դատարկ աթոռները թողնելով որպես հանդիսատես:
Գիշերային Գյումրիում, հարյուրավոր թիկնապահների ուղեկցությամբ, նրանք, իհարկե, փորձում էին դեմքի` ծափ ու ծիծաղ պարունակող, դուխով, պատասխան պահանջող, Ալիևին տեղում չորացնող հայտնի հայացքով զբոսնելով` բարձր տրամադրություն բեմադրել` իբրև թե ոչ մի գրամ անհանգստացած չեն ոչ միայն բողոքի այդ ակցիայից, քաղաքացիների և սփյուռքից ժամանած հյուրերի արհամարհանքից, այլև Համահայկական խաղերի մասնակից, արցախցի, 44-օրյա պատերազմի մասնակից Գոռ Մուրադյանի քայլից, որը մոտեցել էր այն տրիբունային, որտեղ նստած էր Փաշինյանը, կինը, Ալենը, Վահագն Խաչատրյանը, բոլոր իշխանություններին հարմարվող Իշխան Զաքարյանը և պարզել «Դավաճան» գրությամբ պաստառը: Ոստիկաններն, իհարկե, տղային անմիջապես հեռացրել էին մարզադաշտից, բայց այ նրանց սրտի վախերը, սարսափը որևէ ոստիկան, սնայպերիստ-սամուրայ կամ թիկնապահ, վախ բռնող չի կարող դուրս մղել…
Գյումրեցիներից մեկն այս խայտառակությունը տեսնելով` մեզ հետ զրույցում հիշեցրեց Մհեր Մկրտչյանի հայտնի արտահայտությունը. «Ծո՛, փը՛շտ, քաղքիս «ձեռ չտաս, Աստծուն կըսեմ»։