Գուտերեշ․ Որոշ երկրներ կրկին անխոհեմորեն միջուկային զենք են ճոճում
Սառը պատերազմի վրա կախված միջուկային ստվերը նորից հայտնվել է: Եվ որոշ երկրներ կրկին անխոհեմորեն միջուկային զենք են ճոճում ՝ սպառնալով օգտագործել այդ ոչնչացման միջոցները: Այս մասին Հիրոսիմայում ատոմային պայթյունների 78-րդ տարելիցի կապակցությամբ իր ելույթում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Անվստահությունն ու պառակտումն աճում են։ Այս սպառնալիքների առաջ համաշխարհային հանրությունը պետք է հանդես գա միասնական ճակատով։ Միջուկային զենքի ցանկացած օգտագործում անընդունելի է։ Մենք ձեռքներս ծալած չենք նստի՝ տեսնելով, որ միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են էլ ավելի վտանգավոր զենք ստեղծել»,- ասել է Գուտերեշը։
Ինչպես նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, օրակարգը կոչ է անում անդամ պետություններին հրատապ վերսկսել միջուկային զենքից զերծ աշխարհ կառուցելու իրենց հանձնառությունը և ամրապնդել դրանց օգտագործումն ու տարածումն արգելող գլոբալ նորմերը։
«Քանի դեռ դրանք ամբողջությամբ չեն վերացվել, միջուկային զենք ունեցող պետությունները պետք է պարտավորվեն երբեք չօգտագործել դրանք: Միջուկային ռիսկը վերացնելու միակ ճանապարհը միջուկային զենքի վերացումն է»,- ասել է նա։
ՄԱԿ-ը կշարունակի աշխատել համաշխարհային առաջնորդների հետ՝ ամրապնդելու զինաթափման և չտարածման գլոբալ ռեժիմը, այդ թվում՝ Միջուկային զենքի չտարածման և Միջուկային զենքի արգելման մասին պայմանագրերի միջոցով, ասել է Գուտերեշը: