Ավստրալուհին ազատազրկման է դատապարտվել ամուսնու ապուրի մեջ 50 դեղահաբ լցնելու և նրան սպանելու համար
Ավստրալիայի Քուինսլենդ նահանգի բնակչուհի Ջուդիթ Էն Վենն ութ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել ամուսնու բանջարեղենային ապուրի մեջ 50 դեղահաբի մահացու չափաբաժին լցնելու և նրան սպանելու համար: 69-ամյա կինը հավատացած է եղել, որ դա «անտանելի և անելանելի իրավիճակի միակ լուծումն է»:
Ինչպես նշում է The Guardian-ը, նա մեղավոր է ճանաչվել ամուսնու՝ Լենս Հիլթոն Վենի սպանության համար, սակայն երեք տարի ճաղերի հետևում անցկացնելուց հետո, ներում ստանալու համար դիմելու իրավունք ունի:
Պարբերականը մանրամասնում է, որ կինը ենթարկվել է ֆիզիկական և հուզական բռնության և գնալով ավելի մեկուսացած ու հուսահատ է դարձել: Ինչպես ասվել է Բրիսբենի գերագույն դատարանում, ամուսինն ունեցել է երկբևեռ աֆեկտիվ խանգարում և մանիակալ-դեպրեսիվ հիվանդություն, իսկ Ջուդիթը նրա խնամողն էր: Տղամարդը հիվանդության հետևանքով դարձել էր գրգռված և ագրեսիվ:
Ստեղծված իրավիճակից հոգնած՝ կինն ամուսնու բանջարեղենային ապուրի մեջ տարրալուծել է բժշկի նշանակած դեղամիջոցի 50 հաբ: Այնուհետև նա ապուրի մի մասը մատուցել է ամուսնուն: Դրա հետևանքով տղամարդը մահացել է գերդոզավորումից:
Վենը նամակ է գրել՝ ասելով, որ չի ցանկանում, որ իր ընտանիքն անցնի սթրեսի միջով, որն ինքն է վերապրել: Նա փորձել է ինքնասպան լինել՝ ավելի ուշ ոստիկաններին ասելով, որ չի ցանկանում, որ որևէ մեկը, հատկապես իրենց դուստրերը, ստիպված լինեն հոգ տանել ամուսնու մասին:
Հոգեբույժները պարզել են, որ Վենը տառապում է լուրջ դեպրեսիվ խանգարումով: