Իրավիճակը փոխել է պետք․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Արցախի կառավարությունը հրապարակել է 236 օրերի շրջափակման վիճակագրական տվյալները:

Ըստ այդմ`

1. 1745 մարդ զրկվել է վիրահատվելու հնարավորությունից,
2. 169 օր Արցախը զրկված է գազամատակարարումից,
3. 207 օր էլեկտրաէներգիայի խիստ սահմանափակումներ են,
4. 1468 տնտեսվարող սուբյեկտ փակվել կամ կասեցվել են,
5. Շուրջ 17000 մարդ կորցրել են եկամտի միակ աղբյուրը,
6. Դադարեցվել են անհրաժեշտ ենթակառուցվածքների շինարարությունն ու նորոգումները:

Ընդհանուր առմամբ, տոտալ շրջափակման 236 օրերի ընթացքում, Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 174,7 մլրդ դրամի վնաս: Եվ սա դեռ 8 ամիսների ընթացքում:

Կարդալով այս տվյալները, նորից հիշեցի, թե վերջերս ինչպես էր մեր շատ սիրելի վարչապետ Նիկոլը արցախահայության երեսով տալիս մայր Հայաստանից հատկացվող վարկը: Նման էժանագին հայտարարության նպատակը բնականաբար պարզ է, և հատուկ է միայն ազգի մեջ ներքին պառակտում մտցնելու նպատակ ունեցողներին:

Ըստ ՀՀ 2023թ. պետբյուջեի` Արցախի Հանրապետությանն ամբողջ տարվա ընթաքի համար հատկացվել է 144 մլրդ դրամի վարկ:

Փաստացի` ՀՀ բոլոր քաղաքացիները, տարվա մեջ աշխատում, չարչարվում և 144 մլրդ դրամը ուղղում են Արցախին, իսկ միայն Նիկոլը մենակով, իր «հզոր քաղաքականությամբ», 8 ամսում 174,7 մլրդ դրամի վնաս է հասցնում Արցախին:

Հիմա ո՞վ է զոհել, հանձնել, կործանման տարել, թալանել ու կողոպտել

Արցախը` դեռ պարզ չէ:

Շատ «լավ վարչապետ» է Նիկոլը, ու այս պայմաններում դեռ շատ երկար են երանի տալու Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի ու Սարգսյանի իշխանության տարիներին:

Սա վերաբերում է նաև Հայաստանին, որովհետև, ո՞վ ասեց, որ Նիկոլն Արցախը «չի սիրում», բայց Հայաստանը «սիրում է»: Չի կարող նման բան լինել: Գալու է (հեռու չէ) օրը, երբ բոլորս հաշվելու ենք թե ի՞նչ ծավալի, քանակի, տեսակի և որակի վնասներ է հասցրել Նիկոլի կառավարությունը Հայաստանին:

Իրավիճակը փոխել է պետք»:

Տեսանյութեր

Լրահոս