«Կրկին մեկ ապացույց, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է և հետապնդվում է վարչապետի աթոռին հայտնված կապիտուլյանտի ուղիղ ցուցումով». Աթանեսյան
Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թեպետ անիմաստ է ապացուցել ակնհայտ բաները, սակայն կրկին մեկ ապացույց, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է և հետապնդվում է վարչապետի աթոռին հայտնված կապիտուլյանտի ուղիղ ցուցումով:
Դեռևս անցյալ տարվա դեկտեմբեր ամսից պահանջում եմ քննիչից իրականացնել Արմեն Աշոտյանի առերեսումները իր դեմ վկայած անձանց հետ: Քննիչը իմ այդ միջնորդությունը մերժում է, պատճառաբանելով, որ դա իր որոշելիքն է, թե երբ իրականացնի առերեսումները:
Մի քանի օր առաջ կրկին միջնորդել եմ իրականացնել այդ առերեսումները, ներառելով նաև այն անձանց, ում վրա, ըստ քննիչի և կոռուպցիոն դատարանների, Արմենը ներազդել է և այդպիսով խախտել նախորդ խափանման միջոցի պայմանները:
Այսօր ստացել եմ քննիչի գրությունը, որ իմ միջնորդությունը թողնվում է առանց քննության, քանի որ անցյալ տարի դեկտեմբերին այդ հարցի շուրջ կայացվել է մերժման որոշում: Եվ ոչ մի խոսք այն մասին, որ միջնորդության մեջ նշվել է նոր հանգամանք՝ առերեսել այն մարդկանց հետ, ում վրա իբր Ա.Աշոտյանը ներազդել է, այն էլ՝ ապօրինաբար, և այդ պատճառով կալանավորվել:
Քննիչի գրությունից հետևում է մի բան՝ քրեական վարույթում չկա (վստահ եմ՝ չի էլ կարող լինել) որևէ ցուցմունք Արմենի դեմ և առհասարակ՝ որևէ մեղադրող ապացույց»: