Բաժիններ՝

Վրաստանը և Չինաստանը կընդլայնեն երկկողմ ապրանքաշրջանառությունը

Չինաստանի և Վրաստանի իշխանությունները նախատեսում են ավելացնել երկկողմ առևտրի ծավալը և նպաստել դրա կառուցվածքային օպտիմալացմանը, ինչպես նաև ավելի մեծ դիվերսիֆիկացմանը։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին հաղորդել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Ինչպես նշվում է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Չինաստանի ԱԳՆ-ի կայքում, Պեկինը և Թբիլիսին ողջունում են չին-վրացական առևտրի կայուն աճը։

«Չինաստանը և Վրաստանը պատրաստ են աստիճանաբար ընդլայնելու երկկողմ ապրանքաշրջանառությունը, օպտիմալացնելու դրա կառուցվածքը, նպաստելու ապրանքային անվանացուցակի բազմազանության մեծացմանը և ավելացնելու վրացական ապրանքների և ծառայությունների արտահանումը Չինաստան», – ընդգծված է փաստաթղթում։

Հայտարարության համաձայն՝ կողմերը պատրաստ են փոխգործակցելու «Մեկ գոտի, մեկ ուղի» նախագծերի իրականացման համար։ Չինաստանի և Վրաստանի միջև համագործակցության հեռանկարային ոլորտներից են տրանսպորտի և հաղորդակցությունների ոլորտը, այդ թվում՝ երկաթուղային ցանցի զարգացումը, ենթակառուցվածքների կառուցումը, թվային տեխնոլոգիաները, փոխգործակցությունն արդյունաբերության և գյուղատնտեսության բնագավառում և շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքերը:

Չինաստանի մաքսային գլխավոր վարչության տվյալներով՝ հունվար-հունիսին չին-վրացական առևտրի ծավալը տարեկան կտրվածքով աճել է 81,2%-ով և հասել 1,11 մլրդ դոլարի: Չինաստանից արտահանումը կրկնապատկվել է՝ կազմելով մոտ 1,06 մլրդ դոլար։ Վրաստանից ներմուծումը, ընդհակառակը, կրճատվել է 37,2%-ով՝ կազմելով 58,47 մլն դոլար։

Միևնույն ժամանակ Չինաստանի և Վրաստանի իշխանությունները հայտարարել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին։ Համապատասխան որոշումն ընդունվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Չինաստան կատարած այցի ժամանակ։ Վրաստանի վարչապետի կայքում հրապարակված համատեղ հայտարարության համաձայն՝ Պեկինը և Թբիլիսին ծրագրում են ընդլայնել ինչպես քաղաքական փոխգործակցությունը, այնպես էլ համագործակցությունը տնտեսության և մշակույթի բնագավառում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս