«Արմաթ» լաբորատորիաների ծրագիրն ընդլայնելու համար ակնկալվում է պետության ու ՏՏ համայնքի աջակցությունը
Հայաստանի դպրոցներում ներկայում գործում է 640-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որտեղ դպրոցականները վաղ տարիքից հնարավորություն ունեն ծանոթանալ ճարտարագիտական կրթությանը, ուժեղացնել բնագիտական առարկանների գիտելիքները։ Լաբորատորիաների մեծ մասը գործում է մարզերում։ 2011թ.-ից սկսած «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման կրթական ծրագիրը նախաձեռնել ու իրականացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Կարապետյանը նշեց, որ այս պահին լաբորատորիաներում սովորում է 17 հազարից ավելի աշակերտ և արդեն կան 7 հազարից ավելի շրջանավարտներ։
«Մենք ուսումնասիրություն կատարեցինք և ասեմ, որ վիճակագրությունն առավել քան խոսուն է։ «Արմաթ» լաբորատորիա հաճախող աշակերտների 51 տոկոսը գնում է գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի ուղղություններով։ Այս պահին 1000-ից ավելի շրջանավարտ ունենք, որոնք աշխատում են բարձր տեխնոլոգիական ընկերություններում։ Այսինքն՝ մասնագետների ձևավորման առումով ծրագիրը մեծ ներդրում ունի»,-ասաց Սարգիս Կարապետյանը։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախատեսում է ընդլայնել ծրագիրը, որ նոր դպրոցներում բացվեն ինժեներական լաբորատորիաներ, ինչպես նաև հզորացվեն, վերազինվեն եղածները։ Դրա համար անհրաժեշտ է պետության ու ՏՏ ոլորտի ընկերությունների աջակցությունը։ Այսօր էլ այդ աջակցությունը կա, պետությունն իր վրա է վերցրել լաբորատորիաների աշխատավարձային ծախսերը, ՏՏ համայնքի ներկայացուցիչները նույնպես աջակցում են, սակայն ծրագիրն առավել ընդլայնելու համար նոր միջոցներ են անհրաժեշտ։
«Առլուպա» ընկերության համահիմնադիր և տնօրեն, ԱՏՁՄ վարչության անդամ Արման Աթոյանի խոսքով՝ դեռ տարիներ առաջ, երբ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն արագ զարգանում էր, համայնքը հասկանում էր, որ այս աճի տեմպը բերելու է կադրային սով։ Այդ ժամանակ հստակ ռազմավարություն մշակվեց, որ ստեղծվեն «Արմաթ» լաբորատորիաները, որոնցով կլուծվեն մի շարք խնդիրներ։
«Մասնավորապես, մարզային զարգացումը։ Լաբորատորիաների մեծ մասը մարզերում են և այնտեղ ապրող երիտասարդությունը հնարավորություն է ստանում մնալ գյուղերում, ունենալ լավ վարձրատրվող աշխատանք։ Մյուս կարևոր հարցը կադրեր ձևավորելն է։ Մենք այսօր ունենք օրինակներ, որ «Արմաթ»-ում սովորած սաներն արդեն ընկերություններ են հիմնել, աշխատում են տարբեր ընկերություններում»,-ասաց Արման Աթոյանը։
«Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի հիմնադիր տնօրեն, ԱՏՁՄ վարչության անդամ Աշոտ Ալիխանյանը նշեց, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ծրագիրը հաջողվածներից է և այն անպայման պետք է ընդլայնել ու զարգացնել։
«Միշտ էլ զարգացնելու տեղ կա, պարզապես տեմպը պետք է ակտիվացնել։ Եթե մենք այս տեմպերով գնանք, ոչ միայն զարգացում, այլև առաջընթաց չենք ապահովի։ Ես կարծում եմ, որ ինժեներական կրթությունը դպրոցներում պետք է այնպիսի հիմքի վրա դրվի, որ ոչ միայն խմբակները լինեն, այլև ինժեներական լուրջ կրթական ծրագիր մշակվի»,-ասաց Աշոտ Ալիխանյանը։
«Վոլո» ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը ծրագրի ընդլայնման հարցում կարևորեց ՏՏ ոլորտի ներկայացուցիչների աջակցությունը։ Ի սկզբանե մասնավոր սեկտորն ակտիվ լծված է եղել այս գործին։
«Եթե սկզբում մտածում էինք, որ ծրագիրը մասնագիտական կողմնորոշման խնդիր է լուծելու, ապա տեսանք, որ ծածկույթը բավական ընդլայնվեց։ Երեխաները սկսեցին գյուղատնտեսական տեխնոլոգիաներ զարգացնել, առօրյա խնդիրների համար տեխնոլոգիական լուծումներ առաջարկել: Այսօր հարցադրումներ կարող են լինել ծրագրի հետ կապված, սակայն դրանք պետք է ապակողմնորոշող չլինեն։ Ոնց որ սկզբում բոլորը՝ պետությունը, մասնավոր հատվածը, համատեղ աշխատեցին ու միասնական ծրագիրը գործարկվեց ու իրականացվեց, այսօր էլ պետք է նույնը լինի։ Մենք միասին գործ ունենք անելու։ Բոլորս սոցիալական պատասխանատվության մասով անելիք ունենք»,-ասաց Արմեն Քոչարյանը: