Օտարերկրացիները չեն գնահատում կառավարության «քրտնաջան» աշխատանքը. վաճառում են գույքը և հանում գումարները

Մինչ ֆինանսների նախարարը պնդում է, թե կառավարության «քրտնաջան» աշխատանքի շնորհիվ Հայաստանը դարձրել են «ապրելու համար հրաշալի երկիր», և դա նպաստել է, որպեսզի ռելոկանտները գան հատկապես Հայաստան, Հայաստանում եղած օտարերկրյա քաղաքացիները վաճառում են իրենց անշարժ գույքը։ Վերջին ամիսներին օտարերկրացիներն «ապրելու համար հրաշալի երկիր դարձած» Հայաստանում նաև ավելի քիչ անշարժ գույք են գնում։ Ավելի քիչ գնում են, ավելի շատ վաճառում։

Սա է այն հրաշալի երկիրը, որը դարձրել են իշխանությունները։ Այնքան հրաշալի են դարձրել, որ օտարերկրացիները վաճառում են իրենց ունեցվածքը և հեռանում։

Եվ ոչ միայն օտարերկրացիները, նաև Հայաստանի քաղաքացիներն են հեռանում։

Պաշտոնական տվյալներով, մայիսին օտարերկրացիները Հայաստանում ընդամենը 168 անշարժ գույք են գնել։

Կարդացեք նաև

Նախորդ տարվա համեմատ գնված անշարժ գույքի քանակը 5,1 տոկոսով նվազել է։

Նվազումը շատ ավելի մեծ էր ապրիլին։ Օտարերկրացիները 28,5 տոկոսով ավելի քիչ անշարժ գույք էին գնել Հայաստանում, քան նախորդ տարի։

Նվազել է հատկապես բնակարանների գնումը։

Օտարերկրացիները մայիսին 24 տոկոսով ավելի քիչ բազմաբնակելի շենքի բնակարան են գնել, քան գնել էին նախորդ տարի։

Անհատական տների գնումն էլ կրճատվել է 12,5 տոկոսով։

Ապրիլին օտարերկրացիների կողմից գնված բնակարանների քանակն ավելի մեծ տեմպով էր կրճատվել։

Բազմաբնակելի շենքերի բնակարանների գնումը նվազել էր գրեթե 47 տոկոսով, անհատական տներինը՝ 3,6 տոկոսով։

Հայտնի է, որ ինչպես ընդհանրապես անշարժ գույք, այնպես էլ բնակարաններ Հայաստանում գնում են հատկապես Ռուսաստանի քաղաքացիություն ունեցողները։ Նրանց մեծ մասը մեր հայրենակիցներն են։ Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո շատերը, որոնք ժամանակին տեղափոխվել էին Ռուսաստան ու ստացել այդ երկրի քաղաքացիություն, շտապեցին վերադառնալ Հայաստան։ Իրենց ապահովագրելու համար՝ մի մասը նաև սկսեց այստեղ անշարժ գույք ու բնակարան գնել։

Սակայն, ինչպես վկայում են պաշտոնական տվյալները, վերջին ամիսներին օտարերկրացիների հետաքրքրությունները Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու նկատմամբ նվազել է։ Նրանք սկսել են ավելի քիչ անշարժ գույք գնել։

Ընդհանուր առմամբ օտարերկրացիները մայիսին Հայաստանում գնել են 168 անշարժ գույք, մեծ մասը եղել են բնակարաններ։ Բնակարանների գնորդները հիմնականում Ռուսաստանի քաղաքացիներն են։

Օտարերկրացիների կողմից գնված բնակարանների քանակը նախորդ տարվա համեմատ 21 տոկոսով կրճատվել է։ Հայաստանում ավելի քիչ բնակարան են ձեռք բերել Միացյալ Նահանգների, Եվրոպական երկրների, Իրանի, ԱՊՀ այլ պետությունների քաղաքացիները։

Որոշ ակտիվություն դեռ կա Ռուսաստանի քաղաքացիների կողմից։ Բնակարան գնած օտարերկրացիների ավելի քան 71 տոկոսը նրանք են։ Ապրիլին այդ տոկոսը նույնիսկ ավելի բարձր էր՝ հասնում էր 77-ի։ Դա էլ հարկադրված ակտիվություն է, որը գալիս է Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական իրավիճակից։

Այլ երկրների քաղաքացիների հետաքրքրությունները Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու առումով նվազել են։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք ապագայի նկատմամբ եղած անորոշություններն ու բացասական սպասումները։

Որքան էլ իշխանությունները հայտարարում են, որ կառավարության քրտնաջան աշխատանքի արդյունքում Հայաստանը դարձրել են ապրելու համար հրաշալի երկիր, օտարերկրացիները Հայաստանում անհամեմատ ավելի շատ անշարժ գույք են վաճառում, քան գնում։ Ըստ էության, վաճառում են, որպեսզի գնան։

Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին հինգ ամիսներին օտարերկրացիները Հայաստանում գնել են 668 անշարժ գույք, վաճառել են 1203-ը։

538-ով ավել վաճառել են, քան գնել։

Վաճառել են հիմնականում բնակարաններ։ 1203 անշարժ գույքից 734-ը եղել է բնակարան ու բնակելի տուն։

Վաճառված 734 բնակարանից 538-ը եղել են ՌԴ քաղաքացիներինը։ Նրանք ևս նախընտրել են չմնալ Հայաստանում։

Մինչ իշխանությունները Հայաստանը ապրելու համար հրաշալի երկիր դարձնելուց են խոսում, հարևան Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիներն անգամներով ավելի շատ բնակարան են գնել, քան գնել են Հայաստանում։

Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին հինգ ամիսներին Ռուսաստանի քաղաքացիները Վրաստանում ավելի քան 3,3 հազար բնակարան ու բնակելի տուն են գնել։ Անցած տարի էլ գնել էին գրեթե 5 հազարը։

Այնինչ՝ Հայաստանում այս տարվա հինգ ամսում ՌԴ քաղաքացիներն ընդամենը 333 բնակարան են գնել։ Անցած տարի էլ գնել էին 865-ը։ Փոխարենը՝ այս տարի վաճառել են՝ 538, անցած տարի՝ 1464 բնակարան ու բնակելի տուն։

Տարբերությունը, ինչպես տեսնում ենք, Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների կողմից ձեռք բերված բնարականների համեմատ, հսկայական է։

Հարց է առաջանում, եթե Հայաստանը դարձել է ապրելու համար այդքան հրաշալի երկիր օտարերկրացիների համար, ինչո՞ւ են նրանք վաճառում իրենց գույքն ու բնակարանները։ Կամ ինչո՞ւ ավելի շատ չեն գնում։

Ճիշտ է, հայտնի գործոնների հետևանքով ավելացել է Հայաստան տեղափոխված օտարերկրացիների և հատկապես Ռուսաստանի քաղաքացիների քանակը, բայց այս տվյալները վկայում են, որ նրանց մեծ մասն այստեղ երկարաժամկետ մնալու, հիմնավորվելու, առավել ևս՝ անշարժ գույք ու բնակարան գնելու մտադրություն չունեն։ Ընդհակառակը՝ նախկինում Հայաստանում անշարժ գույք ձեռք բերած օտարերկրացիներն աշխատում են վաճառել իրենց գույքը։

Հատկապես որ, այսօր գներն արհեստականորեն շատ բարձր են։ Շուկան գրեթե 25-30 տոկոսով գերարժևորված է, ու դա գերտաքացման նշան է, ինչը չի կարող երկար շարունակվել։

Սա շուկայում բացասական սպասումներ է ձևավորել։ Չի բացառվում, նաև դա է պատճառ դարձել, որպեսզի օտարերկրացիները խուսափեն Հայաստանում անշարժ գույք գնել՝ այսպիսի գերարժևորված գներով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս