Հայաստանին անհրաժեշտ կործանումը՝ իրական կործանումից փրկվելու համար

Տնտեսագիտության մեջ ամենահայտնի՝ «ստեղծարար քանդման» կամ «ստեղծագործական կործանման» տեսությունն անցած դարասկզբին առաջին անգամ ներկայացրել է գերմանացի տնտեսագետ Վերներ Զոմբարտը, սակայն հանրայնացվել է ավստրո-ամերիկյան տնտեսագետ, սոցիոլոգ Ջոզեֆ Շումպետերի կողմից։

Բավական հետաքրքիր հիմնավորումներով այդ տեսության գլխավոր իմաստն այն է, որ արդյունաբերական առաջընթացը հնարավոր է միայն գոյություն ունեցող տնտեսական կառուցվածքի ներքին վերակազմավորման, նախկին կառուցվածքի կործանման և նորի արարման միջոցով։ Այս տեսությունը ներառող Շումպետերի «Կապիտալիզմ, սոցիալիզմ և ժողովրդավարություն» գրքի հրատարակմանը հաջորդած 80 տարիներին այն քննարկվել է ամենատարբեր տեսանկյուններից և տեղայնացվել է պետության ու հասարակության կենսագործունեության բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ պետության ներքին կյանքում, քաղաքական հարաբերություններում։

«Ստեղծարար քանդման» տեսության անկյունաքարային թեզն այն է, որ ցանկացած համակարգ, կառուցակարգ՝ իներցիայով պահպանելով գործող ստատուս-քվոն, ժամանակի ընթացքում լճանում է և դառնում զարգացման ու առաջընթացի խոչընդոտ։ Հետևաբար, ինչպես արդյունաբերության, տնտեսական հարաբերությունների դեպքում, այնպես էլ հանրային կյանքի մյուս բնագավառներում, էական առաջընթաց հնարավոր է ապահովել միայն գործող ստատուս-քվոյի քայքայման, ջախջախման դեքպում, եթե անգամ այդ գործընթացը սկզբնական փուլում ուղեկցվում է ցավալի դրսևորումներով (ինչպես շոգեքարշի կամ ավտոմոբիլաշինության նորարարությունը՝ ժամանակ տրանսպորտային համակարգերի, հեռահաղորդակցությունը՝ փոստային ծառայությունների համար, և այլն)։

Գործող համակարգերի քայքայման առաջնային բացասական հետևանքների հանրագումարն այն գինն է, որը յուրաքանչյուր հասարակություն վճարում է առաջընթացի, ավելի լավ ապագա կերտելու համար։

Կարդացեք նաև

Հայաստանի ներկայիս պետական կառավարման համակարգը, քաղաքական դաշտը՝ իր ստատուս-քվոյով, հասել է լճացման այնպիսի իրավիճակի, որ դրա պահպանումը երաշխավորված ճանապարհ է դեպի պետության կործանում։ Եվ դա կանխելու համար այսօր Հայաստանին, գուցե առավել, քան երբևէ, անհրաժեշտ է «ստեղծագործական կործանում» առաջին հերթին՝ պետական կառավարման և քաղաքական համակարգերում։ Ինչպիսին կլինի «ստեղծարար քանդման» ընթացքը, ինչ գործողություններ կենթադրի, անշուշտ, կարևոր, այդուհանդերձ երկրորդական է, եթե խնդիրը դիտարկում ենք այն հարթությունում, որ առանց դրա պետությունը դատապարտված է իրական կործանման։

Ի տարբերություն գիտության կամ նորարարության, որտեղ «ստեղծագործական կործանումը» հարուցում են առանձին անհատներ կամ գիտական հաստատություններ, քաղաքական դաշտում դրա պատվիրատուն ու առաջ մղողը կարող է և պետք է լինի հասարակությունը։ Գործնականում հանրությունն այդ գործառույթը՝ քաղաքական համակարգի ու պետության «ստեղծարար կործանման»  պատվիրատուի առաքելությունը, իրացնում է կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, ինտելեկտուալ շրջանակների միջոցով։ Հայաստանում, սակայն, վերը թվարկված խմբերից քիչ թե շատ կենսունակ են միայն մտավորական շրջանակները, որոնց գործունեությունը, սակայն, խիստ անհատական է և թույլ ինստիտուցիոնալիզացված։ Ավելին՝ հայկական իրականության առանձնահատկությունն այն է, որ, օրինակ, քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մեծ մասը պետք է դառնան ոչ թե «ստեղծարար կործանման» առաջամարտիկներ, այլ զոհեր, քանի որ ներկայիս ստատուս-քվոյում իրենք ևս խոչընդոտ են հանդիսանում պետության զարգացման համար։

Գլոբալ իմաստով ներկայումս Հայաստանը, հայ հասարակությունը կանգնած է գոյաբանական երկընտրանքի առաջ՝ թույլ տալ, որպեսզի շարունակվող իներցիան մոտեցնի պետականության իրական կործանումը, կամ հարուցել գործընթացներ, որոնք պետական ու քաղաքական համակարգերը կենթարկեն «ստեղծարար կործանման»՝ հզորացման և զարգացման հեռանկար ապահովելով երկրի համար։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս