Տարեսկզբից Միջերկրական ծովում առնվազն 289 փախստական երեխա է զոհվել կամ անհետացել
Միջերկրական ծովով Հյուսիսային Աֆրիկայից Եվրոպա անօրինական միգրացիան վերջին կես տարում առնվազն 289 երեխայի կյանք է խլել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՅՈՒՆԻՍԵՖ-ը:
Կազմակերպությունն ընդգծում է, որ զոհված երեխաների իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ շատ նավաբեկություններ մնում են չգրանցված:
«Անհրաժեշտ է ավելին անել երեխաների համար անվտանգ և օրինական ուղիներ ստեղծելու համար ՝ միաժամանակ ակտիվացնելով ծովում կյանքեր փրկելու ջանքերը», – հաղորդագրության մեջ մեջբերված Է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելի խոսքը:
Այս խնդիրը լուծելու համար նա կոչ է անում վերացնել պատճառները, որոնք ստիպում են ծնողներին վտանգել երեխաների կյանքը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատմամբ ՝ 2023 թվականի հունվարից Աֆրիկայից Իտալիա է ժամանել 11 հազար 600 երեխա, ինչը կրկնակի գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: